Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ ընտրություններում ընդդիմության միասնական սիմվոլը պարտվեց»

Հուլիս 19,2012 12:20

Հարցազրույց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ

– Քաղաքական դաշտում այժմ որեւէ հստակություն տեսնո՞ւմ եք: Ձեր կարծիքով` ո՞ր ուժերն են այսօր ՀՀ-ում իրական ընդդիմություն հանդիսանում, եթե հաշվի առնենք ԲՀԿ-ի անորոշ կեցվածքը` «այլընտրանքային ուժ», ՀԱԿ-ի սիրաշահումները վերջինիս հետ, եւ այլն: 

– Ընդդիմադիր ուժեր են կոչվում այն քաղաքական ուժերը, որոնք չեն մասնակցում կառավարության ձեւավորման գործընթացին եւ չունեն իրենց ներկայացուցիչները կառավարությունում: Ըստ այս դասակարգման` ԱԺ-ում ներկայացված ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը ընդդիմադիր քաղաքական ուժեր են: Պարզապես, ԲՀԿ-ն ներկայումս գտնվում է որոշ տրանսֆորմացիոն փուլում:

– Իսկ արդյոք ճի՞շտ է, այս 4 ուժերին, որոնցից մեկն իրեն համարում է «այլընտրանքային ուժ», նույն հարթության վրա դիտարկելը:

– Դա ԲՀԿ-ի իրավունքն է, ինչպես ուզում է, այնպես էլ կարող է իրեն անվանել, բայց նրանց կարգավիճակն ընդդիմադիր քաղաքական ուժ է, եւ ինչքան ԲՀԿ-ն խուսափի կոնկրետացումից, իր հստակ կարգավիճակի մասին հայտարարելուց, այնքան դա կազդի նրա վարկանիշի վրա: Էական չէ, թե ԲՀԿ-ն իրեն կանվանի ընդդիմություն կամ այլընտրանք, ավելի կարեւոր է այն, թե նա կկարողանա՞ իրեն հավատացած ընտրազանգվածի շահերը ներկայացնել, թե՞ ոչ: Եթե կարողացավ պահպանել այդ ընտրազանգվածի հավատը, ապա ապագա կունենա: Ի դեպ, սա վերաբերում է ոչ միայն ԲՀԿ-ին, այլեւ մնացած երեք ուժերին:

– Այդ դեպքում ինչո՞ւ ԲՀԿ-ն չի միանում ընդդիմադիր մյուս ուժերի նախաձեռնություններին:

– Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում, թե տվյալ միացումն իրեն շահ բերո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե նա շահ ունի այդ դաշինքից, միանում է, եթե ոչ, բնականաբար, չի միանում: Եթե խոսքը վերաբերում է «Հարսնաքարի» դեպքին, ապա պետք է ասեմ, որ այդ իրադարձություններն ի սկզբանե սխալ ճանապարհով գնացին, եւ այդ ստորագրահավաքն, ի սկզբանե, ապագա չունեցող նախաձեռնություն էր, այդ իսկ պատճառով այն տապալվեց:

– Իսկ սա արդյո՞ք չի նշանակում, որ ԲՀԿ-ն առայժմ չի ուզում իրեն վերջնականապես հեռացնել իշխանություններից:

– ԲՀԿ-ն արդեն իշխանություններից հեռացած է, քանի որ այլեւս կոալիցիայի անդամ չէ:

– Ձեր կարծիքով` 2013թ. նախագահական ընտրություններին միասնական թեկնածու կլինի՞ ընդդիմության կողմից, եւ ո՞վ կարող է լինել այդ թեկնածուն:

– Բնավ կարեւոր չէ` այս ուժերը կմիավորվեն եւ միասնական թեկնածուո՞վ հանդես կգան, թե՞ սեփական թեկնածուներով: Իշխանափոխության համար միասնական թեկնածուն ընդհանրապես կարեւոր չէ: Եթե այս ուժերը, որոնք անընդհատ միասնական թեկնածուից են խոսում, լավ ուսումնասիրեին տեղի ունեցածը, մի բան կհասկանային` «միասնական թեկնածուն» մայիսի 6-ին պարտվեց: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը ԱԺ ընտրություններին ստեղծել էին միասնական շտաբ եւ առաջադրել էին «միասնական թեկնածու», որը մարդ չէր, այլ հասկացություն, քաղաքական սիմվոլ, որի նպատակն էր` «զրկենք ՀՀԿ-ին քաղաքական մենաշնորհից»: Իսկ այդ քաղաքական սիմվոլը պարտվեց: Նորից գնալ ընտրություններին միասնական թեկնածուով, երբ մի անգամ նա արդեն պարտվել է, դառնում է անիմաստ:

– Իսկ դրա պատճառը չէ՞ր կարող լինել պարզապես այն, որ իշխանությունն` իր հզոր վարչական, ֆինանսական եւ այլ ռեսուրսներով, գերազանցեց մյուսներին:

– Պատճառը միայն դա չէր: Պարտության պատճառը պետք է բոլորովին այլ տեղ փնտրել: Այդ մասին ես հիմա չեմ ասի. ես ուզում եմ սպասել եւ տեսնել, թե այդ ուժերը կգտնե՞ն քաղաքական պարտության պատճառը: Եթե չգտնեն, ես սեպտեմբերի վերջին կբացահայտեմ: Պատճառն այնքան պարզ է եւ ակնառու: Իրոք, այս ուժերը մեծ քանակությամբ ձայներ ստացան, կարեւոր չէ, թե ինչպես. մեկը գումար բաժանեց, մեկն օգտագործեց իր հեղինակությունը, մյուսը` իր կազմակերպչական ուժը:

– Սակայն, մյուս կողմից, եթե ընդդիմադիր ուժերն առանձին հանդես գան սեփական թեկնածուներով, դա ավելի ձեռնտու կլինի իշխանությանը, եւ ընդդիմությունը կպառակտվի, այդպես չէ՞:

– Իշխանափոխության խնդիրը բոլորովին ուրիշ տեղում պետք է փնտրել, դա միասնական թեկնածուի հետ ընդհանրապես կապ չունի: Թող քաղաքական ուժերը փորձեն գտնել իշխանափոխության ճանապարհը, եթե չգտնեն, ես սեպտեմբերին կտամ հարցազրույց եւ կասեմ, թե որն է այդ ճանապարհը:

– Իսկ մեզ համար չե՞ք բացահայտի Ձեր գաղտնիքը:

– Ոչ, դա այնքան պարզ է եւ ակնառու, որ եթե նույնիսկ մեկ բառ էլ ասեմ, դուք էլ կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը: Կարող եմ միայն ասել, որ ընդդիմության հաղթանակի խնդիրը միասնական թեկնածուի մեջ չէ:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

«168ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031