Հատված ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի հարցազրույցից:
-Ձեր հայտարարությունը, որ Հանրապետականը պատրաստ է աջակցել ընդդիմության միասնական թեկնածուի գաղափարին, գնահատվեց որպես ծուղակ, որով իշխող կուսակցությունը փորձում է ջլատել ընդդիմադիր դաշտը։ Սա՞ ինչպես հասկանալ։
-Անկեղծ ասած, քիչ առաջ մեքենայի ղեկին, ռադիոյով լսեցի, որ Հովհաննես Սահակյանն այդ միտքը դրել է շրջանառության մեջ ընդդիմությանը ավելի կառավարելի դարձնելու նպատակով, եւ բարձր ծիծաղեցի, որովհետեւ այդ մեկնաբանություններն իսկապես ծիծաղաշարժ են։
Եթե ինչ-որ մեկին թվում է, թե ուժերի համախմբումը ավելի կառավարելի կդարձնի ընդդիմությանը, ապա ես հակառակ կարծիքին եմ. եթե ընդդիմադիր ուժերը կարողանան համախմբվել եւ միասնաբար պայքարել իշխանության թեկնածուի դեմ, այդ ուժը կառավարելը եւ այդ ուժին հաղթելը շատ ավելի դժվար կլինի։ Ցախավելի պատմությունը մոռացե՞լ եք. ցախավելի ճյուղերը առանձին-առանձին կոտրելը շատ հեշտ է, բայց ամբողջությամբ կոտրել չես կարող, նույնիսկ եթե գերբնական ուժ ունենաս։
Այս դեպքում էլ նույնը պիտի ասեմ՝ եթե այդ ուժերը միանան որեւէ կառուցողական, հզոր գաղափարի շուրջ, հանրությունն էլ թեւ ու թիկունք կանգնի դրան, Հանրապետականը լուրջ խնդիրներ կարող է ունենալ։
-Այս պարագայում ո՞րն է ձեր շահը՝ աջակցելու այդ գործընթացին։
-Մեր շահը հետեւյալն է. ինչքան ընդդիմությունն ուժեղ լինի, միասնական լինի, այնքան մենք, մեր ուժերի վրա վստահ լինելով, արժեւորելով մեր անցած ճանապարհը, վերագնահատելով մեր ուժերը, կթարմացնենք մեր շարքերը եւ ավելի զգոն, ավելի արագ եւ ավելի արդյունավետ կկարողանանք կառուցել մեր երկիրը, իրականացնել մեր ծրագրերը՝ ի բարօրություն մեր ժողովրդի։ Սա պարզ բանաձեւ է, որ ապացուցման կարիք չունի։
–ՀՀԿ-ում կա տեսակետ, թե քանի դեռ ԲՀԿ-ն այլ որոշում չի կայացրել, 2011թ. կոալիցիոն հուշագրի՝ գործող նախագահի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ դրույթը մնում է ուժի մեջ։ ԲՀԿ-ականները, սրան ի հակակշիռ, ասում են. նախկին կոալիցիան գոյություն չունի, հետեւաբար այդ մասին խոսելը ավելորդ է։
-Իհարկե նախորդ կոալիցիան, որպես այդպիսին, գոյություն չունի, որովհետեւ կա նոր կոալիցիա։ Ընդհանրապես քաղաքական ուժերը, գործիչները գնահատելի են ոչ միայն իրենց գործով, այլեւ խոսքի արժեքով։ Եթե ստորագրվել է նման փաստաթուղթ, պարզ է, որ կողմերը այդ ժամանակահատվածի համար էլ պատասխանատվություն են կրում։ Մյուս կողմից, քաղաքական ուժը հայտարարություն է տարածել, որ սատարելու է գործող նախագահին, եւ հիմա գնդակը իրենց դաշտում է՝ իրենք են որոշում իրենց քայլերը։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց աշխարհ»