Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունից ով անցավ երկրորդ փուլ՝ թող նա էլ դառնա «միասնական թեկնածուն»

Հուլիս 19,2012 11:52

Առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմությունը վայթե չկարողանա հանդես գալ միասնական թեկնածով։ Չէինք ցանկանա նախապես հոռետեսություն ցուցաբերել, բայց ընդդիմադիր հիմնական ուժերն առայժմ հարցին մոտենում են «հայելի ջան, հայելի, ո՞վ է ինձնից նազելի» սկզբունքով, ինչն էլ նշանակում է, որ միասնական թեկնածուի գործը գլուխ չի գալու։

Տեսականորեն, իհարկե, լավ կլիներ, եթե ընդդիմադիր դաշտը համախմբվեր որեւէ հուժկու թեկնածուի շուրջ, այդ դեպքում Սերժ Սարգսյանի՝ նախագահական երկրորդ ժամկետը եւ սեփական ծոծրակը տեսնելու հնարավորությունները մոտավորապես նույնը կլինեին։ Բայց քաղաքականության մեջ «եթե»-ներով առաջնորդվելը ոչ մի լավ բանը չի հանգեցնում։ Հարց է ծագում՝ այդ դեպքում արժե՞ արդյոք ամիսներ շարունակ քննարկումներ ծավալել մի հարցի շուրջ, որն ի սկզբանե դատապարտված է ձախողման։ Չէ՞ որ դրանով իսկ Սերժ Սարգսյանի քարոզչամիջոցները լուրջ հաղթաթուղթ են ստանում՝ իբր «տեսա՞ք, ընդդիմությունը չկարողացավ ընտրություններին մասնակցել միասնական թեկնածուով, դրա համար էլ Սերժ Սարգսյանի հաղթանակը բացարձակապես որեւէ կասկած չի հարուցում»։

Իրականում միասնական թեկնածուի շուրջ բանակցություններն ավելի շատ Սերժ Սարգսյանին են ձեռնտու, եւ ահա թե ինչու։ Նախ՝ այդ «բանակցություններն» այսպես թե այնպես վերածվելու են միմյանց հասցեին հնչեցվող «է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն» կարգի գնահատականների, ինչն էլ հրճվանքի անմոռանալի պահեր է պարգեւելու իշխանական քարոզչամեքենային։ Երկրորդ՝ հասարակությունը հազիվ թե դրական կարծիք կազմի քաղաքական այն ուժերի մասին, որոնք լրջորեն մտածում են, թե հնարավոր է, ասենք, «Ժառանգության» հետ բանակցել միասնական թեկնածոփ հարցով։ Հասարակությունը «ջուր ծեծող» կուսակցություններին առանձնապես չի վստահում եւ ձայն չի տալիս։

Բայց ամենակարեւորը նույնիսկ սա չէ, այլ այն, որ մարտավարական տեսանկյունից ընդդիմության համար մի քանի թեկնածուներով մասնակցելն ավելի շահեկան է։ Ենթադրենք՝ ինչ-որ հրաշքով ընդդիմությանը հաջողվեց համաձայնության գալ միասնական թեկնածուի շուրջ, եւ ինչ-որ ձեւով (ասենք՝ «գիր-ղուշ գցելով») որոշվեց, որ այդ թեկնածուն լինելու է Րաֆֆի Հովհաննիսյանը։ Բայց ընդդիմադիր ուժերի համակիրներն, ի վերջո, գիտակից մարդիկ են, շատ էլ՝ որ անունը «միասնական թեկնածու» է, դա հո չի՞ նշանակում, որ անպայման պիտի գնան ու ընտրեն նրան։ Նույնը, ի դեպ, տեղի կունենա ցանկացած այլ «միասնական թեկնածուի» դեպքում։ Կոնգրեսականներից շատերը ձայն չեն տա դաշնակցական թեկնածուին (եւ հակառակը), ԲՀԿ-ականները ձայն չեն տա «Ժառանգության» թեկնածուին, եւ այդպես շարունակ։ Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր բոլոր ուժերը հանդես գան սեփական թեկնածուներով։ Այդ դեպքում ձայների կորուստ չի լինի, ամեն մեկն իր «փայ» ձայները կստանա, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Սերժ Սարգսյանն առավելագույնը կստանա 40 տոկոս («Արուսի» հետ՝ 45): Այսինքն՝ Սերժ Սարգսյանն առաջին փուլով հաղթելու շանս պարզապես չի ունենա։ Իսկ ընդդիմությունից ով անցավ երկրորդ փուլ՝ թող նա էլ դառնա «միասնական թեկնածուն»։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031