Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե օլիգարխիային այսպես գյամից բաց թողեն, իշխանության զավթում կլինի»

Հուլիս 19,2012 11:40

Այսօր Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը «Պոստ Սկրիպտում» ակումբում հարցին, թե ի՞նչ ձեւաչափով եք մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին՝ պատասխանեց. «Ժողովուրդը դեռ չի մարսել ԱԺ ընտրությունները: Ես համոզված եմ, որ առաջադրվելու են մարդիկ, որոնք ձախողվել են նախկինում եւ առաջադրվելու են մարդիկ, որոնք անհայտ են»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ քանի որ Դուք հայտարարում եք, թե ընդդիմադիր եք, հիմա միասնական թեկնածուի շուրջ ընդդիմությունը քննարկումներ է սկսելու, մասնակցելո՞ւ եք այդ քննարկումներին՝ պարոն Թովմասյանը պատասխանեց. «Ես միշտ ասել եմ՝ ընդդիմությանն էլ եմ ընդդիմություն, կոմկուսը՝ որպես արմատական ընդդիմություն է եւ իրենց ընդդիմություն համարող կուսակցություններին: Մենք այդ ընդդիմության հետ անելիք չունենք, իրենք միշտ ասում են՝ երկրի նախագահին փոխել ու գնալ լիբերալ ճանապարհով, մենք ասում ենք՝ իշխանությունը փոխել եւ գնալ սոցիալիստական ճանապարհով» :

Որպես սոցիալիստական կուսակցություն անդրադառնալով ՀՅԴ-ին, նա հիշեց Ստեփան Շահումյանի գնահատականը, որ Դաշնակցությունը սոցիալիստական է, որովհետեւ կոչված է պայքարելու սոցիալիզմի դեմ, կոչվում է հեղափոխական, որովհետեւ կոչված է պայքարելու հեղափոխության դեմ. «Սոցիալիստական համակարգը չի հանդուրժի, որ մեկը ոսկե նստակոնք ունիտազ ունենա, մեկը չգիտեմ որտեղ լինի, մեկը ոսկե դղյակներ ունենա, մյուսը ապրի վագոններում»:

Aravot.am-ը խնդրեց գնահատել, թե ինչու ձախողվեց արտահերթ նիստ հրավիրելու 4 խմբակցությունների նախաձեռնությունը. «Ընդդիմությունը արտահերթ նիստի ժամանակ ցույց տվեց իր դեմքը. Չկարողացան 40 ստորագրություն հավաքել: Սա այն դեպքն էր, որ պետք է գաղափարախոսություն-կուսակցություն հարցը միավորվեր ու գնար այդ վայրենի դեպքի քննարկմանը: Կոմկուսը հանդես է եկել հայտարարությամբ, ցավակցել է: Կան հարցեր, որ չպետք է լինի գաղափարի հարց: Պահանջվում է արմատախիլ անել օլիգարխիան՝ բոլորն իրենց շահերն են ման գալիս, պահանջվում է գնահատել սադիստական համակարգը՝ շահերն են ման գալիս: Դեպքերը շատ են՝ կաֆեի՝ «Առագաստի» դեպքը: Սա համակարգի խնդիր է: Անմեղ մարդիկ զոհվում են: Սա մարդակեր, մարդակուլ համակարգ է: Այստեղ մարդը գոյություն չունի, կարող են մարդուն առնել, շահագործել, լիմոնի նման ճզմել մարդուն ու մտնի գործարանատերը, ասի՝ դու ինձ այլեւս պետք չես: Այս համակարգը փտած է, տառապում է ռակով»:

Նա նշեց, որ չի բացառվում, որ իշխանության զավթում լինի. «Եթե օլիգարխիային այսպես գյամից բաց թողեն, կարողանա նա ժողովրդին թելադրի ամեն ինչ, առանձին պոստերում իր մարդիկ նշանակի, մի օր առավոտյան կտեսնեք, որ իշխանությունը բոլորովին այլ է: Կամ իր մարդիկ պիտի դնի համապատասան տեղում կամ իր մարդկանց միջոցով կարողանա համապատաախան աշխատանքը կատարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031