Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կարող է լինել 2013 թվականի նախագահական ընտրություններում ընդդիմադիր դաշտի թեկնածուն

Հուլիս 19,2012 11:31

Հեռվից հետեւելով Հայաստանի վերջին քսան տարվա ներքաղաքական կյանքին, կարող է թվալ, թե գործ ունենք ինքնավստահ, արածն ու ասածը լավ իմացող, փորձառու քաղաքական գործիչների հետ: Քաղաքական գործչի այս խաբուսիկ կերպարը տիրապետող է անկախության առաջին իսկ օրվանից: Պատկերացրեք, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանինՙ ծխախոտը ձեռքին, աչքերը կկոցած, քմծիծաղելով, «նարինջ ուտող» սփյուռքահայերին ծաղրելիս կամ Ռոբերտ Քոչարյանին այպանելիսՙ «որ ասում եմՙ հայ չես, չես հավատում»:

Ռոբերտ Քոչարյանին կարելի է հիշել իր ասածի կարեւորությունը շեշտելու նպատակով բառերը հատիկ-հատիկ արտաբերելիս ու Հ1-ի թղթակցին մարտի 1-ի ողբերգության առնչությամբ «բացատրություն» տալիս:

Վերցրեք թեկուզ «ֆուտբոլային քաղաքականության» հեղինակ, թուրքերից նախքան Սերժ Սարգսյանիՙ սփյուռքում ունեցած ելույթները: Նա փորձում էր կիսաժպիտ բացատրել, թե ինչու է անհրաժեշտ ստորագրել Հայաստան-Թուրքիա փոխըմբռնման համաձայնագիրը:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնավստահ կերպարը լավագույնս դրսեւորվեց վերջին խորհրդարանական ընտրություններում, հեռավոր գյուղեր իր այցելության ընթացքումՙ մի քանի ծերունիների ժպիտը դեմքին հավաստիացնելով, թե մայիսի 7-ի առավոտը ուրիշ է լինելու:

Հիմա այս եւ նմանատիպ գործիչների թվին կարելի է դասել նաեւ Վարդան Օսկանյանին, մի տարբերությամբ միայն, որ նա ոչ ժպտում է, ոչ էլ քմծիծաղում: Իհարկե, դժվար էր ժպտալ ազգային անվտանգություն «այցելելուց» հետո: Սակայն կարելի էր չզարմանալ այն փաստից, որ Հայաստանի իշխանությունները կարող էին զրպարտանքը իբրեւ միջոց ընտրել ընդդիմադիրներին վարկաբեկելու համար: Ես չեմ հասկանում, թե ի՞նչ է փոխվել Քոչարյանից Սարգսյան, որ Օսկանյանին զարմացնում ու զայրացնում է իշխանության այսպիսի գործելաոճը: Գնահատելի է անշուշտ, որ նա, ինչպես ինքն է պնդում, նախկին մի ուրիշ արտաքին գործերի նախարարի կալանավորման կապակցությամբ մի քանի անգամ միջամտել է նախագահ Քոչարյանի մոտ: Դե ինչ ասենք, երեւի Նալբանդյանն էլ այժմ նույն բանն է անում նրա համար: Այնուհանդերձ, ո՛չ Օսկանյանի, ո՛չ էլ Նալբանդյանի միջամտությունը ոչինչ պիտի չփոխեր: Պարզ այն պատճառով, որ երկուսն էլ մյուս նախարարների հետ հավատարմորեն ի կատար են ածում «շեֆի» հրահանգները ու ծպտուն չեն հանում, քանի իշխանության մոտ են կանգնած կամ դրա մասն են կազմում: Ուշքի են գալիս միայն այն ժամանակ, երբ գործից ազատվում են եւ այլեւս իշխանության մոտ կանգնած չեն լինում: Այդ դեպքում է միայն, որ սկսում են ըմբռնել, թե ի՜նչ անարդարություններ են տեղի ունենում Հայաստանում, փորձելով հավատացնել բոլորին, թե իրենք այլընտրանքն են, որ պիտի փրկեն այս երկիրը:

Ի դեպ, այս «այլընտրանք»-ի գյուտը մի քիչ անհասկանալի է թվում: Պարզվում է, որ Գագիկ Ծառուկյանը մի այնպիսի հրեշտակ է, բոլորովին տարբեր Ռուբեն Հայրապետյանից, որ կարող է այլընտրանք լինել Սերժ Սարգսյանի իշխանությանը, որ շարունակողն է Ռոբերտ Քոչարյանի ներքին, արտաքին ու տնտեսական քաղաքականության: Աբսուրդ է, չէ՞:

Շարունակելով տրամաբանելՙ ստացվում է, որ Օսկանյանը գոհ էր Քոչարյանից (կրկնենքՙ որի քաղաքականությունը շարունակում է Սարգսյանը), սակայն դժգոհ է Սարգսյանից, ինչո՞ւ, որովհետեւ նա արտաքին գործերի նախարար չէ՞ այլեւս: Մաթեմատիկական պարզ հաշվարկով սա կնշանակի նաեւ, որ եթե Սարգսյանը Օսկանյանին նշանակեր նույն կամ ավելի բարձր պաշտոնի, հայ ժողովուրդը պիտի չբախտավորվեր այլընտրանքային վեհ գաղափարով:

Այստեղ չի կարելի չհամաձայնել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահի կատեգորիկ գնահատականին, թե «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմադիր չէ եւ չի կարող լինել: Պարոնա՛յք, ասացե՛ք խնդրեմ, եթե որեւէ մեկը համարձակվեր Ծառուկյանին իր մականունով դիմել, ասենքՙ «Պապլավոկում», Ծառուկյանի թեկնապահները տեղում չէի՞ն սպանի այդ մարդուն: Ասացեք խնդրեմ, այլընտրանքայինի ղեկավար Ծառուկյանը ինչպե՞ս է դիզել իր հարստությունը. Ռուբեն Հայրապետյանից, Սամվել Ալեքսանյանից կամ այլ օլիգարխներից տարբե՞ր մեթոդներով: Տասը տարի Քոչարյանի կառավարության մաս կազմած ու այս բոլորին հանդուրժած Օսկանյանը թող հիմնավորի հայ ժողովրդին, թե մեկ օլիգարխը մյուսով փոխարինելը ինչպիսի մի հանճարեղ լուծում է, որ նա փորձում է իրականացնել «Բարգավաճ Հայաստանի» միջոցով:

Այս այլընտրանքային միֆը ինձ հիշեցնում է մի այլ տաֆտալոգիա Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտից, դա Օսկանյանի ջատագոված Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականության ցնորքն է: Ըստ այդ թեզիՙ Քոչարյանի նախագահության օրով մշակվել է մի հոյակապ արտաքին քաղաքականություն, որի շնորհիվ պահպանվել են լավ հարաբերություններ թե՛ Ռուսաստանի, թե՛ Միացյալ Նահանգների ու Եվրոպայի հետ:

Այս ձեւակերպմանը ծանոթացողը կկարծի, թե ապրում է չորրորդ դարի Հայաստանում, որ համարվում էր ուժեղ մի պետական միավոր, եւ որին իրենց ազդեցության տակ գցելու համար պայքարում էին այն ժամանակվա երկու գերհզոր տերություններՙ Հռոմեական ու Պարսկական կայսրությունները: Քոչարյանն էլ Օսկանյանի գործոն մասնակցությամբ դարձել է մեր Արշակ Բ կամ Պապ թագավորների արժանի ժառանգորդը, ովքեր փորձում էին խուսանավել ու լավ հարաբերություններ պահպանել վերոհիշյալ երկու մրցակցող գերտերությունների հետ:

Անշուշտ, իրականությունը բոլորովին այլ է: Բանն այն է, որ 1998 թվականի փետրվարից եւ այնուհետեւ 1999 հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության ուղին ամրագրվել էր: Քոչարյանին, որպես պրագմատիկ քաղաքական գործչի, ուրիշ բան չէր մնում անել, քան ավելի ամրագրել ֆիքսված կուրսըՙ Հայաստանի տնտեսական օբյեկտները ծախելով Ռուսաստանին: Սարգսյանն էլ, իբր Քոչարյանի կուրսի շարունակող, ստորագրում էր պաշտպանողական 49 տարվա պայմանագիր Ռուսաստանի հետ: Մյուս կողմից, Միացյալ Նահանգները, հույսը կտրելով Հայաստանից, կողմնորոշվել էր դեպի Վրաստան, եւ տեղի էր ունեցել «վարդերի հեղափոխությունը»:

Իմ նպատակը Հայաստանի ռուսական կողմնորոշումը քննադատելը չէ, այլ ցրել այն միֆը, թե ունեինք բծախնդրորեն մշակված կոմպլեմենտար քաղաքականություն: Խնդիրն այն էր, որ Վրաստանի միջոցով իր նավթամուղները ապահովելուց հետո Միացյալ Նահանգները ուղղակի հասկացողությամբ էր վերաբերում փոքրիկ ու պաշարված Հայաստանի դիրքորոշմանըՙ հանդեպ Ռուսաստանի ու Իրանի Իսլամական Հանրապետության: Այս ֆոնի վրա գլուխ գովել, թե Հայաստանը կոմպլեմենտար քաղաքականության հղացնողն ու իրականացնողն է, մեղմ ասած, ամբոխավարություն է:

Այս բոլորը մատնանշում ենք ընդգծելու համար, որ եկող տարվա նախագահական ընտրություններում ընդդիմությունը շատ քիչ շանսեր կունենա հաղթելու Սերժ Սարգսյանին, եթե նրա թեկնածուն լինի հին ու քաղաքականապես սպառված գվարդիայի ներկայացուցիչներից որեւէ մեկը: Ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը, ո՛չ Վարդան Օսկանյանը եւ ո՛չ էլ Դաշնակցությունը նոր բան չունեն ասելու: Հետո դարձյալ պիտի մեղադրեն ժողովրդին, թե կաշառք է ստանում ու քվեարկում գործող իշխանության օգտին:

Նախագահի իսկական այլընտրանքային թեկնածուն պիտի հաստատի, որ Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում շատ բան փոխել չի կարող. Ղարաբաղի հարցի լուծումն էլ առայժմ կախված չէ միայն Հայաստանի նախագահի կամ արտաքին գործերի նախարարի կոմպլեմենտար կամ ոչ կոմպլեմենտար քաղաքականությունից: Հայաստանի քաղաքական դաշտ թարմ շունչ բերող թեկնածուն մեկ բան պիտի խոստանաՙ թափ ստացող հասարակական-քաղաքացիական շարժումների աջակցությամբ կտրուկ քայլեր ձեռնարկել Հայաստանում արդար հասարակություն ստեղծելու, ինչում ձախողվել են երեք նախագահների հաջորդական կառավարությունները:

Իսկ թե ո՞վ կարող է նոր իմպուլս հաղորդել Հայաստանի ներքաղաքական կյանքին ու հույս ներշնչել Հայաստանի ժողովրդին գալիք նախագահական ընտրություններումՙ առայժմ հորիզոնում չի երեւում:
ՍԵՊՈՒՀ ԱՎԵՏԻՔՅԱՆ, Միչիգան, Միացյալ Նահանգներ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031