Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Վահե Ավետյանի մահվան դեպքում հասարակությունը ուղղորդում քաղաքական ուժերին, եւ ոչ թե հակառակը։

Հուլիս 19,2012 11:10

Վահե Ավետյանի ողբերգական մահվան արդյունքում ծայր առած եւ մինչ օրս չմարող հասարակական ընդվզման դրսեւորումներին հետեւելիս հավանաբար շատերի մոտ է առաջացել այն հարցադրումը, թե ինչու նմանատիպ ընդվզում տեղի չունեցավ 2008թ. մարտի 1-ի սպանդից հետո: Ինչ խոսք, այն ժամանակ էլ տասնյակ հազարավոր մարդիկ գալիս էին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներին, պահանջում բացահայտել մեղավորներին եւ պատժել մարդասպաններին։ Սակայն այդ ամենը տեղի էր ունենում գերքաղաքականացված դրսեւորումներով, որոնցում մի տեսակ տարրալուծվում էր պարզ, մարդկային վիշտն ու ցասումը։ Եվ եթե մարտի 1-ից հետո ծավալված հանրային ընդվզումը մոբիլիզացվում էր քաղաքական ուժի կողմից, այս դեպքում հանրային ընդվզումն է մոբիլիզացնում քաղաքական ուժերին։ Ո՞րն է պատճառը, չէ՞ որ, ի վերջո, 2008-ին սպանվել էր տասը մարդ, հարյուրավորները վիրավորվել եւ լցվել էին բանտերը։ Ինչո՞ւ է ուրեմն, Վահե Ավետյանի մահվան դեպքում հասարակությունը ուղղորդում քաղաքական ուժերին, եւ ոչ թե հակառակը։ Հավանաբար պատճառն այն է, որ անցած չորս տարիների եւ հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում հասարակությունը վերջնականապես հասկացավ, որ իր շահերի, իրավունքների եւ անգամ կյանքի պաշտպանության համար պետք է պայքարի ինքը՝ հույսը չդնելով որեւէ քաղաքական ուժի վրա, քանի որ իրեն մարտի 1-ի քաղաքական պահանջատեր հռչակած Հայ ազգային կոնգրեսի գործողությունները ցույց տվեցին, որ քաղաքական շահերի բախման արդյունքում կրած կորուստներն ու զոհերի արյունը շատ արագ մոռացվում են այդ քաղաքական շահերի համընկնման դեպքում։ Այն աստիճան, որ երեկվա «մարդասպանները», «գազաններն» ու «ձեռքերը արյան մեջ թաթախած» գործիչները սահուն կերպով վերածվում են գործընկերների ու անգամ նախագահի հնարավոր միասնական թեկնածուների։ Եվ շահերի այդ միավորման արդյունքում գնալով ավելի ու ավելի ցածր են հնչում մարտի 1-ի դահիճներին պատասխանատվության ենթարկելու կոչերը։ Որքան էլ ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարի, թե «մարտի 1-ը մոռանալու մասին մեղադրանքներն անհեթեթ են», դրանից Կոնգրեսի վարքագիծը հեթեթ չի դառնում։ Քանզի առաջին բանը, որ պետք է աներ Կոնգրեսը, ոչ թե սեփական ինտելեկտուալ հնարավորություններն ի ցույց դնելն էր՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, այլ մարտի 1-ի դեպքերի բացահայտման պահանջով հանդես գալը։ Եվ ոչ թե՝ Վահե Ավետյանի մահվան արդյունքում ձեւավորված շարժման ալիքից չընկնելու համար լծվեր արտահերթ նստաշրջան հրավիրելու ի սկզբանե ձախողված ստորագրահավաքին։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031