Քիչ առաջ Aravot.am-ի հետ ունեցած հեռախոսազրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն միանշանակ առաջադրելու է թեկնածու Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար, ունեն 3 թեկնածուներ, սակայն ընտրելու են նրան, ով առավել շատ է վայելում գյումրեցիների վստահությունը: «Մամուլում տարբեր լուրեր են շրջանառվում, սակայն դրանք իրականությանը չեն համապատասխանում: Մեր միակ չափորոշիչը լինելու է առաջադրել նրան, ով առավել շատ կվայելի գյումրեցիների վստահությունը: Մենք կդիմենք գյումրեցիներին ու ըստ այդմ ընտրություն կկատարենք», -տեղեկացրեց տիկին Զոհրաբյանը:
Մեր այն հարցին էլ, թե չե՞ն ուշացնում իրենց հարցումներն ու ընտրությունը, տիկին Զոհրաբյանը պատասխանեց, որ առաջիկա օրերին պարզ կդառնա:
Նշենք, որ գյումրեցի երեք ԲՀԿ-ականներ` ԱԺ պատգամավորներ Սամվել Բալասանյանը, Մարտուն Գրիգորյանը և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը հրապարակավ ցանկություն են հայտնել առաջադրել իրենց թեկնածությունը` սպասելով ԲՀԿ-ի քաղաքական որոշմանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ