Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու եւ ուր են անհետացել անձնագրերը

Հուլիս 19,2012 10:51

Վերջին մեկ ամսում քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր են ստացվում այն մասին, որ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության բաժանմունքներում հրաժարվում են նոր անձնագրեր տրամադրել։

Հատկապես խնդիրների են հանդիպում այն քաղաքացիները, որոնք ուզում են փոխել իրենց հին անձնագիրը կամ անչափահաս երեխաների համար են ցանկանում անձնագիր հանել։ Անձնագրերի հետ կապված խնդիրը առավել սրվեց հուլիսին, երբ ամառային արձակուրդների հետ կապված՝ ավելի մեծ թվով քաղաքացիներ սկսեցին դիմել նոր անձնագրերի համար։

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անձնագրերի տրամադրման հարցում ստեղծված խնդիրների պատճառը պահանջարկի կտրուկ բարձրացումն է։ «Մի քանի օրից արմատապես իրավիճակը կփոխվի, եւ այդ ժամանակ ավելի հանգամանալից մեկնաբանություններ կտանք։ Համակարգը շատ ծանրաբեռնված է աշխատում, անձնագիր ցանկացողների թիվը շատ մեծ է»,- ասաց Քոչարյանը։

Մի քանի օր առաջ ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին վեց ամիսներին՝ մինչեւ հուլիսի 12-ը տպագրվել է 213 հազար 672 անձնագիր (անցած տարվա նույն ժամանակահատվածում տպագրվել է 182 հազար 208 անձնագիր): Այս տարի տպագրված անձնագրերից 24 հազարը թողարկվել է հուլիսին։ Այսինքն, ստացվում է, որ անցած տարվա համեմատ՝ այս տարի տպագրվել է 31 հազարից մի քիչ ավելի։ Ըստ Հովհաննես Քոչարյանի, պահանջարկի 31 հազարով աճը բավական լուրջ թիվ է։ Մյուս կողմից, ըստ Քոչարյանի, հայկական անձնագրերը տպագրող ֆրանսիական «Օվերտուր Թեքնոլոջիս» ընկերության հետ կնքված պայմանագրով՝ վերջինս յուրաքանչյուր եռամսյակի համար մատակարարում է 100 հազար անձնագիր։ Քոչարյանը նաեւ ասաց, որ Ֆրանսիական ընկերությունն իր պայմանագրային պարտականությունները պատշաճ է կատարում։ Ստացվում է, որ ներկայումս ՀՀ ոստիկանության տրամադրության տակ պետք է լինի մոտ 90 հազար չտպագրված անձնագիր։ Եթե իսկապես հիմա պահանջարկը սովորականից մեծ է, եւ անհրաժեշտ է միջին թվից ավելի անձնագիր տպագրել, ապա դեֆիցիտի խնդիր պետք է առաջանար սեպտեմբերին՝ երրորդ եռամսյակի համար նախատեսված անձնագրերի արագ սպառման արդյունքում։ Սակայն, ըստ Քոչարյանի, ՀՀ ոստիկանությունը ֆրանսիական ընկերությանը խնդրել է նորմայից ավելի անձնագիր մատակարարել։ «Որոշակի առումով մատակարարման ծավալները ավելացել են, բայց մեր ուզած քանակությունը չենք ստացել, եւ դրա պատճառով էլ խնդիրներ են առաջացել, որի պատճառով էլ քաղաքացիների մոտ դժգոհություն է առաջացել»,- ասաց անձնագրային եւ վիզաների վարչության պետը։ Այսինքն, մատակարարված անձնագրերի հայտարարված պաշտոնական թիվը հիմք ընդունելով՝ ստացվում է, որ չէր կարող անձնագրերի դեֆիցիտ առաջանալ, առավել եւս, որ ՀՀ ոստիկանությունը մատակարարից սովորականից ավելի թվով անձնագիր է խնդրել եւ ստացել։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031