Այսօր, հավանաբար, ավարտին կհասցվի այն հարցաշարը, որ «Հարսնաքարի» գործով պատրաստվում էր կազմել եւ իրավապահ մարմիններին ուղարկել ԱԺ 4 խմբակցություն՝ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը»։ Այս մասին երեկ հայտնեց հարցաշարը կազմելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը։ Ի՞նչ ծավալի է հարցաշարը, եւ ավելի մանրամասն հնարավո՞ր է ասել, թե ինչ հարցեր են ընդգրկվել՝ մեր թղթակցի հարցին Ջհանգիրյանը պատասխանեց. «Մոտ մեկ տասնյակ հարցեր են։ Վերջնականը տարբերակը, որ չկա, հիմա դժվարանում եմ թիվ ասել, կարող է վաղը մեկն ավելանա, մեկը պակասի։ Երբ պատրաստ լինի, կուղարկենք հասցեատերերին։ Հասցեատերերի խնդիրն էլ դեռ հստակ չէ: Կարող է մի հասցեատեր լինի, կարող է՝ մի քանիսը»։ Հարցին՝ հարցաշարը իրավապահ համակարգի՞ն է ուղարկվելու, Ջհանգիրյանը պատասխանեց. «Իհարկե, նաեւ։ Չի բացառվում նաեւ՝ այլ հասցեատերեր ունենա։ Քանի որ վերջնական տարբերակը չկա, ես չբացահայտեմ այդ խնդիրը։ Հույս ունեմ, որ վաղը կավարտենք»։ Հիշեցնենք, աշխատանքային խմբում ընդգրկված են՝ Կոնգրեսից՝ Գագիկ Ջհանգիրյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից՝ Ստեփան Մարգարյանը, «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը։
«Հայկական ժամանակ»