Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն պայմանավորվել են՝ սառեցնում ես Օսկանյանի Սիվիլիթասի գործը, սառեցնում եմ արտահերթ նիստի ստորագրահավաքը»

Հուլիս 19,2012 10:36

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ուշագրավ հայտարարություն արեց ՀՀԿ-ԲՀԿ գաղտնի գործարքի մասին, որը, ըստ նրա, եղել է «Սիվիլիթասի» գործի ու արտահերթ նիստի ստորագրահավաքի շուրջ:

Հմայակ Հովհաննիսյանի բացահայտմամբ՝ ԲՀԿ-ն իշխանության հետ պայմանավորվել է՝ «սառեցնում ես Օսկանյանի Սիվիլիթասի գործը, սառեցնում եմ արտահերթ նիստի ստորագրահավաքը»: Հմայակ Հովհաննիսյանի խոսքերով՝ «Բանն այն է, որ  «Սիվիլիթասի» եւ Վարդան Օսկանյանի դեմ արագացված գործընթաց էր, նրան օրը մեջ հրավիրում էին Ազգային անվտանգություն: ԲՀԿ-ն, հետաձգելով, ավելի շուտ՝ առկախելով արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցը, հասավ նրան, որ առկախեց նաեւ Օսկանյանի հարցը, լռեցին: Հիմա աշնանը եթե վերսկսեցին, նոր ազդակներ հաղորդեցին Օսկանյանի գործին, այդ դեպքում ԲՀԿ-ն, ցավալի է, բայց փաստ, ԲՀԿ-ն մեր պանծալի, երիտասարդ, տաղանդավոր բժիշկ սպա Վահե Ավետյանի կյանքը դարձրել է քաղաքական դիմակայության մեջ որոշակի քարտ՝ խաղաքարտ: Իշխանությունը փորձում էր հանել Վարդան Օսկանյանին հնարավոր միասնական թեկնածուի շանսեր ունեցողների շարքից, եթե այս գործը հասներ ավարտին, մինչեւ դատարանի վճիռ կայացվեր, այդ դեպքում Օսկանյանը հնարավորություն չէր ունենա առաջադրվելու նախագահական ընտրություններին: Մի կողմից դատախազությունը մերժեց Օսկանյանի դիմումը կարճելու գործը, մյուս կողմից սառեցրեց պրոցեսը, քնացրեց այն՝ հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն կարող է միացնել իր ստորագրությունները ՀԱԿ-ի ստորագրություններին եւ հասնել արտահերթ նստաշրջանի գումարմանը: Իսկ եթե արտահերթ նստաշրջան լիներ, խորհրդարանը շրջապատված կլիներ հոծ ժողովրդական զանգվածներով եւ այդ պայմաններում հանձնաժողովի ստեղծումը կդառնար անխուսափելի: Այն պատճառաբանությունը, որ մենք չենք ստորագրի որեւէ որոշման նախագծի տակ, որի տակ դա կստորագրեն «Ժառանգության» ներկայացուցիչները, չի աշխատում, որովհետեւ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն ունեն անհրաժեշտ 44 ստորագրություններ, ուստի կարող էին առանց «Ժառանգության» դա անել, որեւէ պրոբլեմ չէր առաջանա»:

Մենք հետաքրքրվեցինք, այսինքն ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի այն բացատրությունը, որ ԲՀԿ պատգամավորների մի մասն արձակուրդում է, դրա համար չեն ստորագրել, ըստ Ձեզ, զուտ արդարացո՞ւմ էր՝ Հմայակ Հովհանիսյանը պատասխանեց. «Այդ դիմակայության մեջ քաղաքական, հոգեբանական դիմակայության մեջ պարզից էլ պարզ էր, որ Օսկանյանի «Սիվիլիթասի» գործով քննչական գործողությունները սառեցվեցին շնորհիվ նրա, որ ԲՀԿ-ն առկախեց հանձնաժողովի ստեղծումը: Սեպտեմբերին ինչ զարգացումներ կլինեն՝ կտեսնենք: Բայց պարզ է, որ հիմա ՀԱԿ-ի խնդիրն է տաքացնել հասարակությանը ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման գաղափարի վրա, որովհետեւ հանձնաժողովի ստեղծումը կարող է դառնալ այն խաղադաշտը, որի վրա ՀԱԿ-ը իսկապես կկարողանա վերջնականապես փչացնել հարաբերությունները ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ՝ տեղական ինքնակառավարման ընտրությունների նախաշեմին: Իսկ այդ ընտրությունների արդյունքները վերջնականապես կարող են փչացնել այդ հարաբերությունները եւ հնարավորություն ստեղծել քանդելու Գագիկ Ծառուկյանին, իրենց նպատակը դա է»:

Պարոն Հովհաննիսյանը ասուլիսում մի քանի կոշտ հայտարարություններից հետո ասաց՝  «Լսեք, Դուք ուզում եք ես Վահե Ավետյանի օրը ընկնե՞մ: Հասկանո՞ւմ եք, օլիգարխների հետ չեն վիճում մեր երկրում»: Ուստի մենք ճշտեցինք, հիմա, երբ նման հայտարարություններ եք անում, ասում եք ԲՀԿ-ն ՀՀԿ-ն պայմանավորվել են՝ չե՞ք վախենում Վահե Ավետյանի օրն ընկնել, 3 քրգործ կա Ձեր դեմ, մտավախություն չունե՞ք, որ Ձեր կալանքի օրն եք մոտեցնում, նա պատասխանեց. «Գիտեք, ես եթե պետք է դավաճանեմ իմ 20 տարվա անցած ճանապարհը, իսկ ես միշտ եղել եմ շատ խիզախ, ես Վանոյից չեմ վախեցել, երբ Վանոն Ներքին գործերի  նախարար էր»:

Միասնական շտաբում, երբ լրագրողները ԲՀԿ-ի բաժանած տրակտորներից հարց էին տալիս, Հմայակ Հովհաննիսյանը ափերից դուրս էր գալիս, «դոշ էր տալիս», քանի որ ԲՀԿ-ի ցուցակում էր: Մեր հարցին՝ հիմա գոնե կարո՞ղ եք պատասխանել՝ դա ընտրակաշառք համարո՞ւմ եք, թե՞ ոչ՝ նա պատասխանեց. «Եթե մարդկանց համար օգտակար բան է արվում, պետք է ողջունել, անկախ նրանից, թե ինչ պատճառաբանությամբ է արվում: Ուղղակի մարդիկ պետք է բարոյական աստվածաշնչյան չափանիշներին համապատասխանեն, որպեսզի նման բան անշահախնդիր անեն: Անում են շահով: Եթե ունեցվածքի արդար վերաբաշխում հնարավոր չէ իրականացնել, ապա գոնե մեր՝ քաղաքական գործիչներիս հաշվին, որ պետք է լինեինք խորհրդարանում, մեր խեղված ճակատագրերի հաշվին թող գոնե ժողովուրդն օգտվի, տրակտոր ունենա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031