Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին «գոհացնողի» դեր Անկարային վերապահվել է ԵԱՀԿ անդամ երկրների դիվանագիտական նրբանկատությամբ

Հուլիս 19,2012 10:22

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, անմիջապես գտնվելով Ադրբեջանում, ԼՂՀ-ում եւ Հայաստանում, Արցախում այսօր մեկնարկած նախագահական ընտրությունների «անօրինականության» կամ «տարածաշրջանի կայունությունը վտանգող նշանակության» մասին ակնարկ իսկ չարեցին: Ընտրությունների հանգամանքը չխոչընդոտեց, որ նրանք Ստեփանակերտում ավելի քան մեկժամյա հանդիպում ունենան գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Բակո Սահակյանի հետ: Որեւէ հայտարարություն չտարածեցին նաեւ ԵԱՀԿ-ն, համանախագահ երկրների արտգործնախարարությունները: Արցախի նախագահական ընտրություններին կհետեւեն շուրջ 100 դիտորդներ, որոնցից 20-ը` տարբեր երկրների խորհրդարանականներ: Սա ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը կարեւորում է նորանկախ ԼՂՀ պետական կյանքի այդ կարեւորագույն իրադարձությունը, ի հակակշիռ ադրբեջանական կողմի ջանքերի, որ գործադրվում են արտերկրում` հնարավորինս արգելափակելու ինքնիշխան Արցախի հետ շփումները:

Նման իրավիճակում է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել ԼՂՀ նախագահական ընտրությունները «դատապարտող» հայտարարությամբ: Ըստ այդմ, Թուրքիան համարում է, որ նախագահական ընտրությունները «չեն կարող իրավական ուժ ունենալ» եւ որ դրանք «խախտում են Ադրբեջանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ քաղաքական միասնությունը»: Թուրքական կողմին արժե հասկանալի դարձնել, որ Լեռնային Ղարաբաղը 1991 թ. հոկտեմբերի 18-ից, այն պահից, երբ Ադրբեջանը ընդունել է «Պետական անկախության հիմունքների մասին» սահմանադրական ակտը, դադարել է Ադրբեջանի քաղաքական միասնության հանդեպ «պարտավորությունից»:

Այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը, որպես անկախություն հռչակող պետություն, ինքն է Լեռնային Ղարաբաղը դուրս բերել նախկին իրավաքաղաքական` ԽՍՀՄ եւ Ադր. ԽՍՀ սահմանադրությամբ ամրագրված դաշտից, իսկ նոր պայմանավորվածություններ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ ձեռք չեն բերվել:

Խոսել ԼՂՀ-ում Ադրբեջանի «քաղաքական միասնության խախտումից», նույնն է, թե ասվի, որ Սիրիայում «խախտվում է Օսմանյան կայսրության քաղաքական միասնությունը», որովհետեւ այդ երկիրն ինչ-որ ժամանակ Օսմանյան կայսրության մասն է կազմել: Ի դեպ, բացառված չէ, որ Սիրիայում ծավալվող իրադարձությունների հանդեպ պաշտոնական Անկարայի չափազանց սրված հետաքրքրությունը նաեւ այդ ենթատեքստն ունի: Եվ ասվածը բոլորովին էլ չափազանցություն չէ: Տառացիորեն մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Բոսնիան անվանել է «օսմանյան ժառանգություն»: Բայց նույն տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի հանդեպ հետաքրքրություն կարող են դրսեւորել Իրանը եւ Ռուսաստանը: Քանի որ ԼՂ-ն տեւական ժամանակ եղել է Իրանի, իսկ 1813-1917 թթ.` Ռուսական կայսրության կազմում: Թուրքիան եւ Ադրբեջանը, այսպիսով, ԼՂ հանդեպ որեւէ հավակնություն ունենալ չեն կարող: Արցախը ո՛չ Օսմանյան կայսրության, ո՛չ էլ անկախ Ադրբեջանի «քաղաքական միասնության» հանդեպ որեւէ պարտավորվածություն չի ունեցել եւ չունի: Լեռնային Ղարաբաղը 1923-91 թթ. ԽՍՀՄ քաղաքական միասնության համակարգում է եղել: Եվ այդ պարտավորվածությունը ԽՍՀՄ փլուզման հետ կորցրել է իրավական ուժը:

Բայց ըստ էության Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը թողնում է երկակի տպավորություն: Դա կամ Ադրբեջանին բոլորովին մենակ չթողնելու ճիգ է, կամ էլ, բացառված չէ, Ադրբեջանին «գոհացնողի» դեր Անկարային վերապահվել է ԵԱՀԿ անդամ երկրների դիվանագիտական նրբանկատությամբ: Իրենք ոչինչ չեն ասում, փոխարենը դրդում են, որ Թուրքիան «դատապարտի» ԼՂՀ նախագահական ընտրությունները: Կարծիք կա, որ թուրքական դիվանագիտությունը փորձառու է: Սույն հայտարարությունը հակառակն է վկայում: Քանի որ ի՞նչ արժեք պիտի ունենա մի երկրի հորդորը` «պահպանելու ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ քաղաքական միասնությունը», եթե նույն այդ երկիրը օկուպացրած է պահում ԵՄ անդամ Կիպրոսի հյուսիսը, չի կատարում ՄԱԿ-ի ԱԽ-ի պահանջը, ոչնչով չի նպաստում, որ Կիպրոսը փաստացի միավորվի եւ վերականգնի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ քաղաքական միասնությունը: Իհարկե` այդպիսի երկրի հորդորը գրոշի արժեք էլ չունի: Նույնիսկ` Ադրբեջանի համար: Քանի որ Բաքվում էլ, ամենայն հավանականությամբ, քաջ գիտակցում են, որ Թուրքիան Հարավային Կովկաս «քիթը խոթելուց» առաջ պարտավորված է կարգավորել խնդիրները Կիպրոսի, մյուս հարեւանների, ինչպես նաեւ` օրըստօրե ահագնացող քրդական շարժման հետ:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031