Բռնկված հրդեհի վտանգավորությունը հատկապես փուչիկների մեծ քանակով էր պայմանավորված, ինչով էլ ՀՀԿ-ն որոշել էր զարմացնել հայ հանրությանը։ Ինչեւէ, մայիսի 4-ից մինչ օրս շարունակվում է նախաքննությունը, եւ միայն երեկ է հայտնի դարձել մեղադրյալի ով լինելը։ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնի պետ Արսեն Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, թե այդ գործով մեղադրանք է առաջադրվել օրենսգրքի 279-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (Վնաս պատճառել երկու կամ ավելի մարդկանց առողջությանը): Երեկ մեղադրյալ Սերոբ Բոզոյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է ստորագրությամբ չբացակայելը։ Արսեն Այվազյանը սահմանափակվեց այսքանով։ Սակայն ավելի ուշ մեզ հաջողվեց պարզել, որ Սերոբ Բոզոյանը 54 տարեկան է եւ զբաղվում է փուչիկների լիցքավորմամբ։ Կազմակերպություն չունի եւ ինքն է անձամբ ընդունում պատվերներ։ Որոշ տեղեկությունների համաձայն, նա փոքրաթիվ պատվերներ է ընդունում, ինչից կարելի է ենթադրել, որ իշխանության պատվերի գայթակղությանը դժվարացել է դիմադրել։
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
«Հրապարակ»