Երիտասարդ մայրերի համար, հատկապես, երբ առաջին ծնունդն է, ծննդաբերությունից անմիջապես հետո մյուս դժվար «գործը» երեխային կերակրելն է: Թվում է, թե դա բնազդային է եւ ինքնըստինքյան տեղի կունենա, սակայն, իրականում դա էլ իր կանոններն ունի, եւ մի փոքր շեղում` հնարավոր է, որ նորածինն ընդհանրապես հրաժարվի կուրծք ուտելուց:
Այսօր եզակի կլինիկաներում են ծննդկաններին սովորեցնում կրծքով ճիշտ կերակրելը: Aravot.am-ի հետ զրույցում Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ) նորածնաբանության բաժանմունքի բժիշկ-նեոնատոլոգ եւ ԵՊԲՀ նեոնատոլոգիայի ամբիոնի դոցենտ Հեղինե Սարգսյանը վստահեցրեց, որ հենց առաջին կրծքադրումից է կախված, թե երեխան հետագայում ո՞նց կուտի կուրծքը. «Մեր կենտրոնում յուրաքանչյուր ծննդկանի սովորեցնում ենք, թե ինչպես պետք է երեխային ճիշտ կերակրել, քանի որ մեր կլինիկան մանկանը բարեկամ բժշկական հաստատություն է: Նախ, շատ կարեւոր է, որ երեխան ճիշտ մոտեցվի կրծքին`ուղղակի երեխայի քիթը կամ բերանը պետք է լինի մոր կրծքի հարպտկային դաշտին մոտիկ, ու մայրը պետք է կուրծքը խորը մտցնի երեխայի բերանը, այսինքն` ոչ թե պտուկը, ինչպես շատ մայրեր գիտեն, այլ հարպտկային հատվածն ամբողջությամբ, որտեղ գտնվում են բոլոր արտատար ծորանները: Ընդ որում, մայրը կերակրելու ընթացքում հարպտկային շրջանի քիչ մասը պետք է տեսնի: Եթե այն ամբողջությամբ երեխայի բերանի մեջ չէ, դա վտանագվոր է նրանով, որ ճաքեր կարող են առաջանալ: Բացի դրանից, կաթը նորմալ դուրս չի գա, երեխան անընդհատ լաց կլինի: Եթե երեխայի թուշիկները սմքած են, ուրեմն` լավ չի ուտում: Ուտելու ընթացքում մայրը պետք է երեխայի ուտելու ձայնը` կլկլոցը լսի»:
Բժշկուհու խոսքերով` եթե երեխան լաց է լինում, ուրեմն քաղցած է. նորածնի կյանքի առաջին 2 ժամում նրանք հաստատ ուտոմ են, ապա մի քիչ հանգստանում: Իսկ 5-6 ժամ քնելու դեպքում, մայրը պետք է ուշադիր լինի, եւ թույլ չտա որպեսզի փոքրիկն այդքան երկար քնի, անհրաժեշտ է արթնացնել ու կերակրել, հակառակ դեպքում սովից կթուլանա երեխան:
Լինում են դեպքեր, երբ առաջին ժամերին մոր մոտ կաթ չի արտադրվում եւ անմիջապես արհեստական կաթնախառնուրդ են տալիս: Բժշկուհին հորդորում է չշտապել, քանի որ բնությունն այնպես է ստեղծել, որ մայրը, եթե ամեն ինչ նորմալ է, անպայման կաթ կարտադրի: Հատկապես շատ կարեւոր է երեխայի կյանքի առաջին 6 ամիսներին բացառապես կաթով կերակրելը, քանի որ, ըստ տիկին Սարգսյանի, մոր կաթի մեջ կան բոլոր այն անհրաժեշտ նյութերը, որոնք երեխային ապահովում են առողջ ապագա: Բժշկուհու պատմելով` «Մարզերում կարծիք կա տարածված, որ երեխաներին պետք է կերակրեն կովի կամ այծի կաթով: Իրականում կենդանու կաթի պարունակությունը վտանգավոր է նորածինների համար, իսկ յուրաքանչյուր մայր արտադրում է այնպիսի կաթ, որն անհրաժեշտ է հենց իր բալիկին: Մայրեր կան, որոնք կարծում են, որ իրենց արտադրած առաջին կաթը պիտանի չէ, ասսում են` կաթ չէ, խեժ է, եւ կթում են ու թափում: Սակայն, այդ խեժն էլ կաթ է, եւ նույնիսկ դրա պարունակությունն է խիստ կարեոր բալիկի համար»:
Բժշկուհին մայրերին կոչ է անում խուսափել տատական ու պապական հնացած մեթոդներից, երբ դեռ 2-3 ամսականը չլրացած փոքրիկներին ջուր, խնձորի կամ այլ մրգային հյութեր են տալիս. «Նորից եմ կրկնում, մայրական կաթը պարունակում է այն բաները`ջուր, վիտամիններ, ածխաջրեր ու սպիտակուցներ, ինչ անհրաժեշտ է երեխային»:
Հատկապես շատ կարեւոր է մոր եւ մանկան շփումը, եւ եթե երեխան նույնիսկ նոր է կերկարվել, բայց մի քիչ տրտնջում է, մայրը կարող է իր կողքին պառկեցնել, շոյել ու շփվել նրա հետ, երեխան հաստատ կհանդարտվի:
«Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում» ուշադրություն է դարձվում մոր եւ մանկան շփմանն ու համատեղ կեցությանը, քանի որ ծննդաբերությանը հաջորդող ժամերն են շատ կարեւոր դեր խաղում. «Մեզ մոտ երեխայի ծնվելու իսկ պահից փոքրիկը գտնվում է մոր մոտ: Ծնվելու հենց առաջին պահին նրան դնում են մոր որովայնին կամ կրծքին` մաշկը մաշկին շփումն ապահովելու համար, որրպեսզի հենց առաջին մարդը, որ պետք է շփվի եւ միկրոֆլորան ընդունի, դա լինի նրա մայրը, ոչ թե օտար մարդ, որպեսզի երեխան ջերմություն ստանա: Առաջին շփումը նպաստում է նաեւ,որ կրծքի կաթը ճիշտ արտադրվի, իսկ ծնված պահից երեխաները փնտրում են ու գտնում են մոր կուրծքը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ