Այսօր մեծ շուքով, Վատիկանի Արևելյան եկեղեցիների ժողովի նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի գլխավորությամբ ժամանած մի շարք բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ նշում էին հեռավոր Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցի 20-ամյակը: Այն հիմնադրվել է Հռոմի պապի նախաձեռնությամբ, գործում է բարեգործական հիմունքներով` անվճար: Նույնիսկ հիվանդանոցի մուտքի պատին փակցված էր «հատուկ հոգատարությամբ` ավելի աղքատներին և կարիքավորներին»:
Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց հիվանդանոցի տնօրեն Սարգիս Վարդանյանը, հիվանդանոցը ֆինանսավորվում է Կարմելիտների միաբանության ու եպիսկոպոսների եվրոպական ժողովի կողմից: Հայաստանի և Իտալիայի կառավարությունները ոչ մի մասնակացություն չունեն: Տնօրենի ասելով` տարբեր տեսակի վիրահատություններ կատարող հիվանդանոցը սպասարկում է Հայաստանի բոլոր տարածաշրջանների մարդկանց, նույնիսկ ջավախքահայությանը: «Անցած տարի հիվանդների 35 տոկոսը եղել է Ջավախքից, եթե 3000 մարդ է բուժվել, դրա 35 տոկոսը 1000 –ից ավելի մարդ է անում, Ջավախքից է: Այստեղ տարեկան 3000 հոգի ստացիոնար բուժում են ստանում, մոտ 20000-25000-ը ամբուլատոր հաճախումների թիվն է, տարեկան կատարվում է մոտ 1500-1600 վիրահատություն, պատկերացրեք 20 տարվա կտրվածքով ինչ մեծ թիվ կկազմի: Չկա Հայաստանում մի տարածաշրջան, որտեղից մենք չունենանք հիվանդներ: Հիվանդանոցը հագեցած է ախտորոշիչ և բուժական սարքավորումներով: Այստեղ կատարում ենք ընդհանուր վիրաբուժական բոլոր տեսակի վիրահատություններ, հատկապես որովայնային վիրաբուժություն, մանկաբարձագինեկոլոգիական, քիթ-կոկորդի, տարածաշրջանում քթի պլաստիկ վիրահատություններ կատարվում են միայն այստեղ: Աչքի վիրահատություններ նույնպես կատարում ենք, հիմա թեև աչքինը պակասել է, բայց տարեկան կատարվում է 400 վիրահատություն»,-հիվանդանոցի պատմությունը այսպես ներկայացրեց տնօրենը: Եվ երբ լրագրողները նրան խնդրեցին մի քանի հիշարժան դեպք պատմել իրենց 20 տարվա գործունեությունից, Սարգիս Վարդանյանը երկու պատմություն հիշեց, երկուսն էլ Աշոցքի ու Ամասիայի փակ ճանապարհների ու սահնակով հղի կանանց փրկելու մասին:
Նրանցից մեկը Ամասիայից մի հղի կնոջ հիվանդանոց տեղափոխելու մասին էր, փակ ճանապարհների պատճառով տանկը չէր կարողացել անցնել ճանապարհը, կնոջը Աշոցքի հիվանդանոց էին տեղափոխել մոտորասահնակով ` մահամերձ, արգանդը պատռված վիճակում, որտեղ և հրաշքով փրկել էին կյանքը, իսկ երեխան մահացել էր: «Սա ինչու եմ պատմում, նման դեպքերը բազամաթիվ են: Մի անգամ էլ մեր բժշկին մոտորասահնակով ուղարկեցինք Ձորաշեն, դա այստեղից 31 կիլոմետր հեռու էր, գնացել ծնունդ էր ընդունել և կարողացել էր վերադառանալ, ճանապարհներ չկային: Էդպես բազմաթիվ դեպքեր կարող եմ հիշել»,-ասաց տնօրենը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ