ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը այսօր մեկնաբանել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, ըստ որի հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում` Այգեձոր գյուղի մերձակայքում, չեզոք գոտում հայտնաբերվել է ադրբեջանական բանակի զինվոր Օրուջով Էլչին Ռագուֆ Օղլուի դիակը: « Սա ադրբեջանական կողմի հերթական արկածախնդրության հետևանքն է: Եվ փաստը, որ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է մեր դիրքապահների հսկողության գոտում, վկայում է հենց այդ մասին: Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ ադրբեջանական զինվորական ղեկավարության, կամ, ինչու չէ, անհատ զինծառայողի ձեռնակած այս սադրանքը ևս ձախողվել է: Սահմանախախտը մեր դիրքապահների կողմից հայտնաբերվել և թիրախավորվել է: Ըստ երևույթին, վերջինս վիրավորվել է հայ դիրքապահների ձեռնարկած գործողությունների արդյունքում, և փորձել է նահանջել սեփական դիրքեր, սակայն չի կարողացել դուրս գալ չեզոք գոտուց: Ամեն դեպքում այս միջադեպի պատասխանատվությունն ամբողջովին կրում է հարևան երկրի ռազմական գերատեսչությունը»,-ասել է ՊՆ մամուլի խոսնակը: