Սիսիանի տարածաշրջանի Ույծ գյուղի բնակչուհի Զաբելա Կարապետյանն արդեն քանի տարի է՝ իր հաշմանդամ որդու հետ ապրում է խիստ վթարային դարձած, քայքայված պատերով երկհարկանի տան մեջ: Տարիներ շարունակ երկհարկանի տան նկուղով ջուր է հոսում, ինչն էլ պատճառ է դարձել տան հիմքի թուլացմանն ու վթարայնության ձեռքբերմանը:
Խնդիրն ավելի է լրջացել եւ իրավիճակը բարդացել հատկապես վերջին օրերին տեղացած անձրեւներից հետո: 75-ամյա Զաբելա Կարապետյանի տան ներքնահարկում մեծ քանակությամբ ջուր էր հավաքվել եւ 50-ական թվականներին կառուցված տանը սպառնացող փլուզման վտանգի մասին ահազանգ էր ստացվել նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզային ծառայություն:
Ներկայումս այդ տանը՝ նկուղային հարկում, բնակիչները պոմպ են դրել եւ ժամը մեկ հեռացնում են ջուրը: Նախկինում այդ սողքի տարածքում նման իրավիճակում գտնվող այլ տներ էլ կային, որոնց ներքնահարկերով ջուր էր հոսում, երբ վերնամասում բանջարանոցների ոռոգման աշխատանքները դադարեցվեցին` խնդիրը վերացավ: Որոշ ժամանակ անց նորից ջրի հոսք սկսվեց, այս անգամ՝ միայն այս տան ուղղությամբ եւ մինչեւ օրս այն դեռ շարունակվում է: Տարեցտարի այդ տանն ապրելն ավելի վտանգավոր է դառնում:
«Խնդրի մասին անձամբ տեղյակ եմ պահել Սյունիքի մարզպետին, նա պատրաստակամություն է հայտնել աջակցել եւ լուծել խնդիրը: Մասնագետների խորհրդով կիրականացվի ջրահեռացում, որից հետո արդեն տան ամրացման աշխատանքներ եւ այնտեղ ապրելն արդեն անվտանգ կլինի տան 2 բնակիչների համար», – նշում է Ույծի գյուղապետ Արտակ Ավետյանը:
Իսկ մինչ այդ, մայր ու որդի Զաբելա եւ Սպարտակ Կարապետյանները կշարունակեն ապրել խոնավ տանը եւ ժամը մեկ հեռացնել նկուղում հավաքված եւ ներքնահարկով պարբերաբար հոսող ջուրը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ