Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները այսօր հայտարարություններով են հանդես եկել` դատապարտելով հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք նախագահական ընտրությունները։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը, մասնավորապես, հայտարարել է, թե «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» ընտրությունների անցկացումը «սադրանք» է եւ հայկական կողմի փորձը` ամրապնդել ներկայիս ստատուս քվոն, «որի անընդունելիությունը ճանաչվում է միջազգային հանրության կողմից»։ Ըստ Աբդուլաեւի` այդ ընտրությունները վնաս են հասցնում ղարաբաղյան կարգավորման գործընթացին։ Նա հայտարարել է նաեւ, թե Ղարաբաղի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող օտարերկրյա պետությունների բոլոր քաղաքացիները պաշտոնական Բաքվի կողմից «անցանկալի անձ» կհռչակվեն։
Թուրքիայի արտգործնախարարությունը իր պաշտոնական կայքէջում տեղադրած հայտարարությունում վերահաստատում է աջակցությունը «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը» եւ պնդում, թե Ղարաբաղում անցկացվող ընտրությունները խախտում են միջազգային իրավունքը եւ նպատակ ունեն «միակողմանիորեն օրինականացնել անօրինական իրավիճակը»։
Նշելով, թե դատապարտում է Ղարաբաղում անցկացվելիք ընտրությունները եւ չի ճանաչելու դրանց արդյունքները` պաշտոնական Անկարան, միաժամանակ, հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ ամենալուրջ խոչընդոտը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության, բարիդրացական հարաբերությունների եւ համագործակցության հաստատման ջանքերի համար։
Կարդացեք նաև
Ազատություն» ռադիոկայան