Վաղն առավոտյան ժամը 10-ին ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա են իրականացնելու Կոզեռն թաղամասի Պռոշյան առաջին նրբանցքի բնակիչները: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Համայնք եւ իրավունք» հ/կ-ի նախագահ, իրավաբան Սամվել Մկրտչյանը, թաղամասը տարիներ շարունակ իրացման գոտում էր, 2 անգամ էլ «Պետության եւ հասարակության կարիքների համար օտարվող սեփականության մասին » օրենքի շրջանակներում կառավարությունը որոշումը երկարաձգել է, սակայն իրացումը այդպես էլ չի կայացել: Այժմ սեփականատերերն իրենց վկայականների լրացուցիչ տվյալների մասում ունեն նշումներ, որոնք ենթադրում են, որ գույքը գտնվում է պետական գերակա շահ հանդիսացող տարածքում: Այդ պատճառով մարդիկ չեն կարողանում օգտվել վարկային ծրագրերից, վերանորոգել իրենց բնակարանները:
«Ի դեպ, կառուցապատողի, ձեռք բերողի ժամկետը, որպես էդպիսին, հունվարի 1-ից լրացել է, բայց նույն հաջողությամբ մարդկանց վկայականների այդ հատվածը խանգարում է եւ խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի իրենց գործառույթներն ամբողջությամբ իրականացնեն: Ցանկացած բանկային համակարգում, առուծախի պարագայում մարդիկ չեն կարողանում գնորդին կամ բանկին հիմնավորել, որ դա որեւէ նշանակություն չունի, դրանից գույքը չի էժանանում»,-նշում է պարոն Մկրտչյանը:
Նրա ասելով, քաղաքապետարանից պահանջված տեղեկանքում հստակ ամրագրվում է, թե գույքն այլեւս պետության եւ հասարակության կարիքների համար օտարվող սեփականության տարածքում չէ, բայց նույն տեղեկանքում ասվում է նաեւ, որ այն քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում է: «Նույն հաջողությամբ կարելի է ամբողջ Երեւան քաղաքը դիտարկել քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում, մանավանդ որպես այն շնչող օրգանիզմ է»,-տարակուսանք է հայտնում իրավաբանը:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ