Եվրոպական միությունը սպառնացել է խիստ պատժամիջոցներ կիրառել տեխնոլոգիաների ոլորտում գործող ամերիկյան հսկա «Մայքրոսոֆթ» ընկերության նկատմամբ՝ Եվրոպայում համացանցային դիտարկիչների՝ «բրաուզերների» ընտրություն չապահովելու պատճառով:
«Մայքրոսոֆթ»-ը երեքշաբթի օրը ներողություն է խնդրել «տեխնիկական սխալի» համար, որի պատճառով Եվրոպական Միությունում «Windows 7» օպերացիոն համակարգի 28 միլիոն օգտվողներին չեն առաջարկվել ընկերության «Internet Explorer» դիտարկչից բացի այլ դիտարկիչներ:
Ծրագրային ապահովման ոլորտում գործող ամերիկյան այս ընկերությունը երեք տարի առաջ հակամենաշնորհային դատական գործի կարգավորման շրջանակներում իր համաձայնությունն էր տվել հաճախորդներին տրամադրել բազմաթիվ դիտարկիչների ընտրություն, սակայն սկսած 2011 թվականի փետրվար ամսից չի կատարել իր խոստումը:
Ընկերությունը հայտնել է սխալը շտկելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի, ինչպես նաև սխալը կատարելու կապակցությամբ «զղջալու» մասին: «Մայքրոսոֆթ»-ն առաջարկել է ավելացնել 15 ամիս՝ 2014 թվականին լրացող այն ամսաթվին, մինչև որն այն ի սկզբանե համաձայնվել էր հաճախորդներին տրամադրել դիտարկիչների ընտրություն:
Կարդացեք նաև
Մրցակցության գծով Եվրոպական Միության Խոակին Ալմունիան ասել է, թե այն դեպքում, եթե քննիչները եզրակացնեն, որ «Մայքրոսոֆթ»-ը թերացել է նախկինում ձեռք բերված համաձայնությունը կատարելու գործում, ապա դա կարող է «լուրջ հետևանքներ» ունենալ ընկերության համար:
Հիշեցնենք, որ հակամենաշնորհային գործի արդյունքում ընկերությունն արդեն իսկ տուգանվել է մեկ միլիարդ դոլար կազմող գումարով:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»