Այսօր լրացավ Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) հիմնադրման 17 տարին, եւ այդ առիթով հանձնվեցին ամենամյա մրցանակները, որոնք սահմանվել են 1998 թվականից ու տրվում են Հայաստանի լավագույն լրագրողներին, ԶԼՄ-ներին եւ մեդիա-կազմակերպություններին:
Aravot.am-ի հետ զրույցում ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց, որ
մրցանակների վերաբերյալ որոշումը կայացնում է ԵՄԱ-ի վարչությունը, իսկ հատուկ անվանակարգեր չեն սահմանվել. «Մենք առանձնացնում ենք 2011 թվականի կեսից մինչեւ 2012 թվականի կեսը՝ իրեն լավագույնս դրսեւորած անհատ լրագրողներին, լրատվամիջոցներին: Այս անգամվա մրցանակաբաշխությունը տարբերվելու է մրցանակակիրներով: Աշխատում ենք չկրկնվել: Չնայած դա կոնկրետ կանոն չէ, բայց այս տարի բոլորն առաջին անգամ են մրցանակ ստանում: Սովորաբար աշխատում ենք նաեւ հարմարեցնել մրցանակները տարվա կարեւորագույն իրադարձությունների հետ: Օրինակ՝ եղել են ընտրական տարիներ, որ մրցանակներ ենք տվել ընտրությունները լավագույնս լուսաբանած լրագրողներին: Այս տարի վարչությունը որոշեց որեւէ մեկին չառանձնացնել: Չեմ ասի, թե վատ են լուսաբանվել ընտրությունները, բայց դրանց հետ կապված արտառոց լավ լուսաբանում էլ չի եղել: Այնպես որ, մրցանակները կապ չունեն ո՛չ այս տարվա ընտրությունների եւ ո՛չ էլ որեւէ այլ իրադարձության հետ»:
Կարդացեք նաև
Մրցանակակիրներն էին՝ Կառլեն Քալաշյանը, ում հատուկ մրցանակ շնորհվեց՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ մամուլի հետ համագործակցելու համար, «ԱրմՆյուս» հեռուստաընկերությունը՝ հաջողված վերակերպավորման համար, «Ռադիո Երեւան FM 102.0» ռադիոկայանը՝ երաժշտական-տեղեկատվական ձեւաչափի արդյունավետ կիրառման համար եւ «Panarmenian photo» գործակալությունը, որը մասնագիտական նոր հեռանկարների բացահայտման համար արժանացավ ԵՄԱ հիմնադիր անդամ, կյանքից անժամանակ հեռացած, անվանի ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակին:
Բորիս Նավասարդյանը մեզ հետ զրույցում նաեւ կատակեց՝ ասելով, թե ԵՄԱ-ին պատրաստվում են ամուսնացնել. «Մեր տղային՝ Երեւանի մամուլի ակումբին, մյուս տարի ամուսնացնելու ենք ըստ օրենսդրության, 2013-ին լրանում է նրա 18 տարին: Իսկ հարսնացուի ազգության հետ կապված՝ տարբերակում չենք դնելու: Միայն՝ պետք է լինի խոսքի ազատությանը աջակից, բնականաբար՝ ազնիվ, հետեւողական եւ անկախ հարսիկ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ