Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննչական խմբի ղեկավարի դեմքը չեմ տեսել». Մարտի 1-ի զոհերի ծնողները նամակ են ուղարկելու ՀՔԾ

Հուլիս 18,2012 14:47

«Մարտի 1» հ/կ նախագահ, մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, պատրաստվում է հարցում անել ՀՔԾ` Մարտի 1-ի գործի վերաբերյալ, քանի որ, նրա խոսքով, ՀՔԾ-ն իր վերջին վեց ամսվա աշխատանքը ներկայացնելով` ոչինչ չի նշել Մարտի 1-ի մասին:

Epress.am-ի հետ զրույցում Հովհաննիսյանը դժվարացել է ասել, թե որն է պատճառը, որ վերջին շրջանում մարտի 1-ի վերաբերյալ հասարակական, քաղաքական ակտիվությունը փոքր ինչ նվազել է, բայց կարծիք է հայտնել, որ որքան էլ իշխանությունը մեծ ցանկություն ունենա գործը փակել և նախաքննությունը   դադարեցնել, դա չի կարողանա անել, քանի դեռ իրենք պայքարում են:

Նա նաև ասել է, որ վերջին շրջանում իրենց ընդհանրապես չեն հրավիրել ՀՔԾ, և թեև  «Մարտի 1-ի» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանից շատ դժգոհ էին, բայց գոնե նա մեկ-մեկ լրագրողներին հավաքում էր ու ինչ-որ բաներ ասում էր, չնայած որևէ էական շոշափելի բան չէր ասում:

«Բայց ամեն դեպքում լսում էի, որ Մարտի 1-ի մասին որոշակի բան ասվում էր: Իսկ Ջանազյանին (Վաղինակ Ջանազյանը` «Մարտի 1-ի» քննչական խմբի ներկայիս ղեկավարն է – խմբ.) մինչև հիմա նույնիսկ դեմքով չեմ տեսել, որևէ բառ իրենից չեմ լսել: Ես պատրաստվում եմ վաղը նամակ ուղարկել ՀՔԾ և դա կտրամադրեմ նաև ԶԼՄ-ներին: Այս իշխանություններից, իհարկե, ակնկալիք չունեմ ու չեմ էլ կարող ունենալ: Գործը Եվրադատարանում է, ԵԽԽՎ-ից առանձանապես ակնկալիքներ չունեմ, չնայած վերջերս ԵԽԽՎ-ն նորից հիշեցրել էր Մարտի 1-ի մասին: Այսինքն` էն որ իշխանությունները մտածում էին, թե արդեն կարող էին Մարտի 1-ի էջը փակված համարել, կարծում եմ, որ դա էդպես չի, և նրանց հիշեցում արվեց Եվրոպայից»,- ասել է Ալլա Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ իրենց հ/կ-ն որևէ քաղաքական ուժի հետ չի համագործակցում, բայց նաև ընդգծել է, որ Հայ Ազգային Կոնգրեսը մարտի 1-ից հետո մշտապես եղել է իրենց  կողքին` մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցի շուրջ աշխատելով:

«Եվ  ես միշտ ասել եմ ու կասեմ, որ էն, որ մեր գործը հասել է Եվրոպական դատարան, դա նաև Կոնգրեսի աջակցության շնորհիվ է: Խորհրդարանական ընտրություններից հետո Կոնգրեսի հետ որևէ շփում չի եղել, բայց կարծում եմ, որ եթե որևէ հարց լինի հարցադրում անելու կամ հարցով դիմելու, ես կարծում եմ, որ նրանք մեզ կստարեն ու կօգնեն»,- ասել է Ալլա Հովհաննիսյանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն անհատներին ու կուսկացություններին, որոնք առաջ են քաշել Մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցը: Սակայն Ալլա Հովհաննիսյանը կարծում է, որ Մարտի 1-ի բացահայտմանն ամենաառաջինը ինքը պետք է հետամուտ լինի` որպես զոհի ծնող: Նրա խոսքով` իրենք` 10-ը զոհերի ծնողները, պետք է ստիպեն բոլորին հասկանալ` նաև քաղաքական ուժերին, իշխանություններին, որ մարտի 1-ը չի կարելի հենց այնպես թողնել, քանի որ դա իշխանության և այս երկրի խայտաառկությունն է, առվելևս, եթե գործը չբացահայտված մնա:

Ալլա Հովհաննիսյանը նաև ասել է, որ ինքը կուզենար, որ Մարտի 1-ի հարցը միշտ արդիական լիներ մինչև սպանությունների բացահայտումը, բայց չէր ուզենա նաև, որ այդ հարցը ինչ-որ մեկի ձեռքին ծառայեր որպես գործիք:

«Որովհետև այս վերջերս կայքեր կան, որոնց անունները չեմ ուզում տալ, որոնք որևէ մի կուսակցությանը  վատաբանելու պահին, հանկարծ Մարտի 1-ի հարցն են առաջ  քաշում: Զոհի ծնողի համար դա շատ ցավալի է, ցավալի է, իհարկե, մոռացության տալը, և ցավալի է, երբ որ դա շահարկում են: Մենք կուզենայինք, որ օբյեկտիվ հետևողականորեն մոտենային սպանությունների բացահայտմանը: Ու արդեն  այնքան շատ է  ինֆորմացիան, որ չես կարողանում ինչ-որ մի տեղ իմանալ՝ դա ուղղակի ազնիվ ցանկությո՞ւն է, պատասխանատվությո՞ւն է զոհերի ծնողների առաջ, թե՞ ուղղակի շահարկման թեմա է:  Շատ կցանկանայի, որ դա լիներ մեր ամբողջ հասարակության, քաղաքական ուժերի հետևողական պայքարը` Մարտի մեկի սպանությունների բացահայտումը, ինչպես նաև բոլոր վիրավորների հարցերը առաջ քաշելը»,- հավելել է Ալլա Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031