Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը 2010 թ. համեմատությամբ այս տարի դիմորդների 25 % աճ է արձանագրել: Բուհի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը դժգոհ չէ արդյունքներից, բայց փաստում է, որ դեմոգրաֆիական եւ այլ խնդիրների պարագայում բուհերի դիմորդների թիվը գնալով կպակասի: «Ամեն դեպքում 25 % աճը լուրջ ցուցանիշ է, սակայն դժգոհ ենք դրա համամասնությունից. զուտ խիստ տեխնիկական մասնագիտությունների գծով կա դիմորդների պակաս, հիմնականում ավելի արվեստին մոտիկ եւ տնտեսագիտական մասնագիտությունների գծով են դիմորդները շատ, եւ այդտեղ լուրջ դեր ունի մեր դիպլոմի ճանաչումը Ֆրանսիայում»,-նշում է ռեկտորը:
Նրա ձեւակերպմամբ, շուրջ 20 տարի է՝ այլեւս մոդայիկ չեն ինժեներական մասնագիտությունները, չնայած 5-10 տարի հետո մասնագետների լուրջ պակաս է զգացվելու մի շարք ոլորտներում՝ ջրային համակարգեր, ատոմակայան, բնակարանային շինարարություն եւ այլն: Ռեկտորն ասում է, որ ինժեների աշխատանքը պետք է գրավիչ դարձնել, թե չէ. «Ընդունվելը դժվար է, սովորելը՝ բարդ, աշխատանքն էլ ավելի ցածր է գնահատվում: Ինչո՞ւ չոլերի մեջ ցածր աշխատավարձով ինչ-որ ջրամբարի շահագործմամբ զբաղվել, երբ կարելի է ավելի կոկիկ հագնված առավոտյան ժամը 9-ին գնալ որեւէ բանկում աշխատանքի, իսկ երեկոյան ժամը 6-ին տուն գալ եւ ստանալ մի քանի անգամ բարձր աշխատավարձ»:
Հովհաննես Թոքմաջյանը նշում է, որ իրենց բուհը 600 արտասահմանցի ուսանող ունի, 11 հոգի անցյալ տարի Հնդկաստանից են եկել, եւս 9 ոչ հայ, եվրոպացի մագիստրանտ է ուսումը շարունակում բուհում:
Ռեկտորի խոսքով, ամեն դեպքում, ճարտարապետությունն է բուհի փարոսը, որի գծով կենդանի լեգենդներ ունեն ՝ սկսած Ջիմ Թորոսյանից, ավարտած՝ Ռաշիդյաններով, Տիգրան Բարսեղյանով, Ասլան Մխիթարյանով:
Կարդացեք նաև
Ռեկտորը կարեւորում է նաեւ հայաստանյան բուհերի՝ «դրսում» հավատարմագրվելը, ինչի ճանապարհին նաեւ իրենք են: Դա դժվարին, բայց կարեւոր պրոցես է համարում, մանավանդ, իրենց բուհի ուսանողները ոչնչով չեն զիջում զարգացած երկրների բուհերի ուսանողներին: Ապացույցը դիպլոմային աշխատանքների մրցույթներից միշտ գլխավոր մրցանակով վերադառնալն է, workshop-երին թիմային աշխատանքով աչքի ընկնելը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ