Համաշխարհային բանկային ոլորտում մասնավոր բանկային գործառույթների հսկա «HSBC» բանկն ընդունել է, որ զգոնության պակասը խոցելի է դարձրել բանկը Մեքսիկայում թմրանյութերի անօրինական վաճառքով զբաղվող կարտելների, ինչպես նաև ԱՄՆ-ի օրենքով արգելված այնպիսի գործարքների իրականացման, որոնք արգելված են ԱՄՆ-ի օրենքների ներքո:
ԱՄՆ-ի Սենատի կողմից իրականացված հետաքննության արդյունքում հայտնաբերվել է, որ «HSBC» բանկում թույլ վերահսկողության պատճառով Մեքսիկայում թմրանյութերի անօրինական առևտրով զբաղվող հանցախմբերին և այլ հանցագործներին հաջողվել է միլիարդավոր դոլար կազմող գումարներ տեղափոխել Միացյալ Նահանգներ: Որպես երկրի ֆինանսական համակարգ տանող ճանապարհ օգտագործվել են Միացյալ Նահանգներում գործող «HSBC» բանկի դուստր բանկերը:
Միչիգան նահանգը ներկայացնող սենատոր Կարլ Լևինն ասել է, որ «HSBC» բանկը ոլորտում առկա համատարած խնդիրների վառը օրինակ է:
«Միջազգային որոշ բանկեր չարաշահում են Միացյալ Նահանգներում գործունեություն ծավալելու իրենց հնարավորությունները: Որոշ բանկեր թույլ են տալիս փողերի լվացման, թմրանյութերի անօրինական առևտրի կամ ահաբեկչության ֆինանսավորման վտանգներ ունեցող որոշ պետություններում գործող իրենց դուստր կազմակերպություններին բացել դոլարային հաշիվներ՝ նման դուստր բանկերում չապահովելով Միացյալ Նահանգներում գործող դուստր ձեռնարկության համար անհրաժեշտ անվտանգության միջոցները», – ասել է Լևինը:
Սենատորը հավելել է, որ նման գործողությունների և «ԱՄՆ-ում գործող դուստր բանկերի կողմից երկրի օրենքներին թեթև վերաբերվելու արդյունքները կարող են ռիսկի աղբյուր դառնալ դուստր բանկերի ամբողջ ցանցի և դրանց հաճախորդների համար»:
«Արդյունքում ԱՄՆ-ում գործող բանկերը կարող են օգնություն ցուցաբերել և խրախուսեն գործարքներ, որոնց արդյունքում կկատարվի ահաբեկչության, հանցախմբերի, կոռումպացված միապետների և հարկային ոլորտի խախտումների ֆինանսավորում», – ասել է սենատորը:
Օրենքների համապատասխանության գծով «HSBC» բանկի ստորաբաժանման ղեկավար Դեյվիդ Բեգլին ընդունել է վերջին տարիների ընթացքում բանկի կողմից սխալներ թույլ տալու հանգամանքը:
«Ընդունում եմ, որ որոշակի ոլորտներում զգալի բացթողումներ են եղել: Դա պետք է ընդունի յուրաքանչյուր բանկ, որը ցանկանում է գործողություն իրականացնել Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում, և նման սխալներից պետք է դաս քաղել և, ինչն առավել կարևոր է՝ երաշխավորել, որ նման սխալները չկատարվեն ապագայում», – ասել է Բեգլին:
Բեգլիի համաձայն, ավելի քան 80 պետություններում գործող բանկի դուստր ձեռնարկությունների վերահսկման համար չէր գործում ստուգման կենտրոնական համակարգ՝ այդ իսկ պատճառով հնարավորություն տալով աննկատ իրականացնել կասկածելի գործարքները: Նա ասել է նաև, որ խնդիրը լուծվել է, և որ իր գրասենյակն այժմ պատասխանատու է համապատասխանության հետ կապված բոլոր գործողությունների համար:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ահաբեկչության և ֆինանսական հետախուզության գծով փոխնախարար Դեյվիդ Քոհենի համաձայն, բանկի գործողությունների պատճառով վնաս այնուամենայնիվ հասցվել է: Նա ասել է, որ 2004-ից 2007 թվականներն ընկած ժամանակահատվածում մշակվել են Մեքսիկայում գործող և բարձր ռիսկայնություն ունեցող տարադրամի փոխանակման խոշոր 13 կետերի գործարքները, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 420 միլիարդ դոլար:
«Տեսել ենք նաև մի քանի դեպք, երբ օտարերկրյա բանկերը Միացյալ Նահանգների միջոցով անցկացվող փոխանցումների վերաբերյալ հաղորդագրություններից ջնջել են Իրանի և պատժամիջոցների ենթարկված այլ միավորների անունները», – ասել է Քոհենը:
Սենատոր Լևինն ասել է, որ «HSBC» բանկի զղջումը «պատշաճ» է, և բանկը պետք է այսուհանդերձ կատարի իր խոստումները: Նրա համաձայն, ԱՄՆ-ի օրենսդրությանը չհետևելու դեպքում բանկը կարող է կորցնել ԱՄՆ-ի տարածքում գործունեություն իրականացնելու իրավունքը:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան