Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուս Պողոսյան. Ուսման վճարի խնդիրներ ունեցող ուսանողները չեն զրկվի կրթությունից

Հուլիս 18,2012 14:10

2013թ.-ի սեպտեմբերից Հայաստանի Ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) գործելու են բակալավրի աստիճան շնորհող երեք մասնագիտություններ` գործարար կառավարում, հաշվողական գիտություններ,  անգլերեն եւ հաղորդակցություն: Չորս տարի տեւողությամբ բակալավրի աստիճան շնորհող ծրագրի նպատակն է` պատրաստել բազմակողմանի զարգացած մասնագետներ, որոնք հետագայում կկարողանան արդյունավետ  աշխատել բազմամշակութային միջավայրում:

Այսօր ՀԱՀ-ում կայացած ասուլիսի ժամանակ բուհի նախագահ  Բրյուս Պողոսյանը փաստեց, որ քսանամյա պատմության ընթացքում ՀԱՀ-ը շնորհել է մագիստրոսի յոթ տարբեր աստիճան, իսկ բակալավրի աստիճան շնորհող ծրագիրը կընդյալնի բուհի հնարավորությունները. «ՀԱՀ-ի իրականացրած ռազմավարական ծրագրերը բուհի առաջարկներն ավելի բազմազան կդարձնեն: Բայց դա չի նշանակում, թե  կնվազի մագիստրոսական ծրագրերի հանդեպ նվիրումը: Հպարտ ենք դրանց  նվաճումներով, քանի որ ՀԱՀ-ի շրջանավարտների 70  տոկոսը  մնում է Հայաստանում: Դա ցույց է տալիս, որ նրանք աշխատանք են գտնում այստեղ»:

Պարոն Պողոսյանի խոսքով`  ծրագիրը բուհին հնարավորություն կտա տարեկան ներգրավել երեքհարյուր ուսանող. «3 ուղղությամբ ընթանալիք   ծրագրերը գործնական են, կիրառելի եւ կրկնօրինակված չեն այլ բուհերից»:

Գործարար կառավարման բակալավրի ծրագիրը նախատեսում է պատրաստել տնտեսական զարգացմանը նպաստող կադրեր, այդ թվում` հաշվապահներ, տնտեսագետ-վերլուծաբաններ, շուկայագետներ, գործարար հաղորդակցության մասնագետներ եւ ձեռնարկատերեր:

Հաշվողական գիտությունների բակալավրի ծրագիրը գործելու է ՀԱՀ ճարտարագիտական եւ հաշվողական գիտությունների ֆակուլտետում, եւ ներկայումս իրականացնում է մագիստրոսի աստիճան շնորհող երկու ծրագիր` արդյունաբերական ճարտարագիտություն եւ համակարգերի կառավարում, համակարգչի եւ տեղեկույթի գիտություն:

Իսկ անգլերենի եւ հաղորդակցության բակալավրի ծրագրի նպատակն է` ուսանողներին զինել անգլերենի գերազանց իմացությամբ  եւ հաղորդակցության հմտություններով` աշխատանքի շուկա մուտք գործելու կամ հետագա կրթությունը շարունակելու համար:

Նախագահ Պողոսյանը տեղեկացրեց, որ ծրագրերին զուգահեռ` բուհն ուսանողներին առաջարկելու է ֆինանսական օգնություն. «Նվիրված ենք այն գաղափարին, որ ուսման վճարի խնդիրներ ունեցող ուսանողները չպետք է զրկվեն կրթությունից: Ըստ ուսանողական առաջադիմության, կգործեն նաեւ կրթաթոշակներ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031