Այժմ դիտարկենք բառեզրաբանական (տերմինաբանական) կնճիռի այլ հարցեր: Նախ՝ Տեղեկատուի բովանդակութիւնը հիմնականում ուղղուած է հայաստանցի օգտուողներին, եւ օտար բառերի հայերէն համարժէքները ստեղծելիս նկատի է առնուել գլխաւորապէս ռուսական կամ միջազգայինի՝ ռուսական տարբերակները: Մինչդեռ, վերջին 20 տարիները բաւարար էին՝ նաեւ սփիւռքին անհրաժեշտ լեզուական աշխատանքներ ծաւալելու, այնտեղ եղած բառակերտման արդիւնքները տեղեկատուներում ներգրաւելու եւ տարածելու համար: Այնուհետեւ, շարքային ընթերցողը տարբեր աղբիւրներում հանդիպում է հայակերտ նոյնիմաստ բառի մի քանի տարբերակների, իսկ տերմինաբանական կոմիտէն ուշացնում է իր որոշումը՝ թէ որն է դրանցից նախընտրելին: Եւ քանի որ հրապարակի վրայ չունենք տարբեր տարիներին բառակերտուած եւ արդէն պաշտօնապէս օրինականացուած (կամ յետագայում ճշգրտուած) բառեզրերի համահաւաք բառարան, առաջանում է շփոթայարոյց վիճակ, մանաւանդ որ, սփիւռքում նոյնպէս ստեղծւում են նոր բառեզրեր կամ օտար (միջազգային) բառեզրերի հայերէն համարժէքներ: Դրա լաւագոյն օրինակը հիմն բառի հայերէն համարժէքն էր՝ հետեւեալ տարբերակներով. փառերգ, մաղթերգ, ոգերգ, օրհներգ: ՀՀ Կրթութեան եւ Գիտութեան Նախարարութեան Լեզուի Պետական Տեսչութեան Հայերէնի Բարձրագոյն Խորհուրդը (այսուհետեւ՝ Խորհուրդ) նման դէպքերի համար ճիշտ սկզբունք է կիրառում, որոշելով նախընտրելին, ինչպէս այս դէպքում՝ օրհներգը, բայց ուշացումով: Այդ համարժէքի հարցը պէտք է լուծուէր հէնց սկզբից, նախքան մի քանի տարբերակների օգտագործուելը: Կարեւոր ենք համարում մամուլում յայտնուած հրապարակումներին հետեւելը եւ նորոյթների արժեւորումը. օրինակ, արդէն ընդունուած եւ օրինականացուած «արհեստավարժ» (պրոֆեսիոնալ) բառին որպէս զուգահեռ տարբերակ «Ազատ Արցախ» թերթում գործածուել է հմտավարժ բառեզրը (ինչը, թերեւս, կարելի է կիրառել արհեստից հեռու մասնագիտութեան, ենթադրենք, դիւանագէտի կամ երաժիշտի դէպքում): Իսկ ահա «Առաւօտ» թերթը շատ մոդայիկ բրենդ բառի փոխարէն գրել էր յատկանուն գեղեցիկ համարժէքը: Գրող-հրապարակագիր Կարէն Ա. Սիմոնեանը իդեալիզմ բառեզրի փոխարէն գրում է տեսլապաշտութիւն շատ յաջող բառը: Լայն տարածում ունեցող գինեկոլոգ բժշկական բառեզրին այնքան հարմար է սփիւռքում հանդիպած կնախտաբան եզրոյթը, ինչպէս նաեւ թաբու (տաբու) օտար եզրոյթին լիովին համարժէք հպարգելք բառեզրը: Օգտուենք նաեւ մեր հին բառապաշարից՝ մորթգէջ (mortgage- արտասահմանում լայն տարածում ունեցող՝ տոկոսով գրաւի եւ փոխյատուցման երաշխագիր) – մուրհակ: Ճիշտ է գտնուած ռետրո-հետահայաց համարժէքը (օրինակ, մեր հեռատեսիլի Հ1 ալիքով հնի վերացուցադրման ծրագրի անունը ռետրո է, պէտք է փոխել): Խորհրդի ուշադրութեանն ենք ներկայացնում նաեւ հետեւեալը. կան որոշ ռուսական բառեր, որոնք կենցաղում դարձել են «լրիւ հայկական» եւ գրեթէ երբէք հայերէն չեն գործածւում: Օրինակ սաւոկ (CABOK ռուս.) բառի փոխարէն պէտք է տարածել աղբաթի համարժէքը: Իսկ «Գարշոկ» (Արմ. հայերի մօտ՝ չոքալ) բառը երբեմն սխալ են թարգմանում՝ գիշերանօթ, կամ միզաման, սակայն դրանք ընդհանրական իմաստը չեն արտայայտում, որովհետեւ ցերեկն էլ կարելի է գործածել, ինչպէս նաեւ կղանքի համար: Ճիշտ համարժէքը կոյանօթ բառեզրն է (տես կոյուղի բառը): Անգլերէն scarf բառեզրը (ռուսերէն շարֆ, ֆրանս. քաշկոլ) սովորաբար սխալաբար թարգմանում են վզնոց, Վեր. Ա. Կռանեանի բառարանում (Արեւմտահայերէն) բացատրւում է՝ վիզը, կուրծքը պահող լաթ, վզկապ, մինչդեռ վզնոցը զարդ է, մանեակ: Թերեւս ընդունելի համարժէքը կարող է լինել վզարկ կամ վզարկու (տես՝ գլխարկ, կամ վերարկու): Վերը նշուած բառեզրերի համար արդեօ՞ք տարբերակներ քննարկուել եւ կամ օրինականացուել են խորհրդի կողմից (չենք կարծում): Կևուզենայինք Խորհրդին առաջարկել եւս որոշ փոփոխութիւններ. օրինակ, ռուսական «բլինչիկ» կերակրատեսակի համար Տեղեկատուի մէջ տրուած է նրբաբլիթ բառեզրը (ինչը նմանեցնելով ռուսականից հայերէնացրած պոնչիկ-փքաբլիթ, պրյանիկ- քաղցրաբլիթ եւ օղաբլիթ բառեզրերին, կարող է հասկացուել նաեւ մի այլ՝ քաղցր խմորեղենի իմաստով): Կարծում ենք աւելի ճիշտ կը լինի դա փոխարինել մսաբլիթ բառեզրով: Գրեչկա բառեզրի համարժէքը սեւաձաւարի փոխարէն հնդկաձաւարը պէտք է լինի (քանզի վերցուած է Հնդկաստանից, մինչդեռ, ցորենի ձաւարն էլ կարող է սեւ լինել՝ կախուած ցորենի տեսակից): Կաշա-քաշովի համարժէքին պէտք է աւելացնել շիլա եզրոյթը: Տնտեսագիտական Դեֆիցիդ բառի պակասուրդ համարժէքը արտադրական պակասորդ բառի նման է հնչում, թերեւս հիմքում պէտք է դնել անբաւարարութեան միտքը, սակաւ լինելը (սփիւռքում տարածուած բառ), օրինակ՝ սակաւուրդ (ոչ թէ բիւջէն կամ վաճառուող ապրանքը պակաս է, չկայ, այլ կայ՝ սակաւ չափով): Սփիւռքում ստեղծուած տնտեսագիտական եզրոյթներից յաջողուած է սղաճ բառեզրը, ինչը չկայ Տեղեկատուի մէջ:
(Շարունակելի)
ՆՇԱՆ ՈՐԲԵՐԵԱՆ
«Մեսրոպեան Ուխտ»
լեզուապահպանական միութիւն
Ռոտ-Այլընտ
Ապրիլ-Մայիս 2012
«Առավոտ» օրաթերթ