Մինչդեռ շախմատային մրցաշարը ավելիին էր արժանի
Ջերմուկի «Արմենիա» հանգստյան տան բակում օրերս ՀՀ նախագահի, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի, 7 երկրից 12 ուժեղագույն շախմատիստուհիների, հայաստանյան շախմատի հսկաների ու բազմաթիվ հյուրերի ներկայությամբ կայացավ ՖԻԴԵ-ի կանանց շախմատի 5-րդ «Գրան պրի» միջազգային մրցաշարի հանդիսավոր բացումը: Ակնկալվում էր, որ այն պիտի համապատասխաներ իրադարձության մակարդակին:
Արվեստագետների շրջանում քննարկման նյութ էր դարձել հանդիսության շուրջ 1 ժամ տեւած գեղարվեստական ծրագիրը, որին մասնակցում էին Մնջախաղի պետական թատրոնի դերասանները, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, օպերային թատրոնի բալետային խմբի արտիստները եւ «Արեւներ» մանկական անսամբլը: Միջոցառումը հեռարձակվում էր նաեւ «Հ1»-ով:
Կարդացեք նաև
«Առավոտի» հետ զրուցած արվեստագետները տարակուսում էին բացման արարողության ժամանակ ներկայացված հանդիսության խեղճության համար, ոմանք էլ դա գնահատում էին Պարոնյանի դիպուկ խոսքով՝ «խեղճության գագաթը բարձրացած ենք»:
Արարողության ընթացքում տոնակատարության շունչ չկար: Մեզ հետ զրուցած որոշ արվեստագետներ հավաստիացնում էին, թե Արամ Խաչատրյան ունեցող ժողովուրդը պետք է ներկայանար հենց, օրինակ, աշխարհահռչակ կոմպոզիտորի «Դիմակահանդես», «Սպարտակ», «Գայանե» եւ մյուս ստեղծագործություններից հատվածների մատուցմամբ, այլ ոչ թե Մոցարտով, Վիվալդիով կամ «Գոթան Պրոջեքթով», մանավանդ «Դիմակահանդեսի» երաժշտությունը համապատասխան էր շախմատային տոնահանդեսի մեկնարկին: Ու թեեւ Մնջախաղի թատրոնի դերասանները անհասկանալի երաժշտության ուղեկցությամբ ներկայացան որպես շախմատային ֆիգուրներ, սակայն դա էլ չփրկեց իրավիճակը: Միգուցե հիմնավոր արդարացումներ կլինեն, բայց դա բացարձակ չի հետաքրքրում հանդիսատեսին, առավել եւս՝ «միջազգային հանդիսականին», որոնցից շատերի համար անցկացվող մրցաշարը Հայաստանում լինելու միակ առիթն էր:
TV-ով ակնհայտ էր հյուրերի համբերատար ու բարեկիրթ վերաբերմունքը, սակայն այդ զսպվածության տակ անգամ զգացվում էր նրանց տարակուսանքը: Հանդիսության միակ փրկօղակը դարձան երեխաները՝ իրենց մանկական շնչով՝ միջոցառման ավարտին Արմեն Մարտիրոսյանի եւ Ավետ Բարսեղյանի «Հայաստանը դու ես» երգի կատարմամբ: Այդ պահին տեսանելի էր, որ հանդիսատեսը մի փոքր աշխուժացավ, ծափահարություններն էլ ակտիվացան…
Արվեստագետներից շատերը հավաստիացնում են, որ նման իրավիճակի առաջ չկանգնելու համար բոլոր պրոֆեսիոնալ խնդիրները լուծվում են նախապես, կարճ ասած՝ թղթի վրա: Ի վերջո, սցենարական աշխատանքները նախնական երաշխիքներ են ցանկացած հանդիսության ցանկալի արդյունք ստանալու համար: Ասում են, որ ստեղծագործական կազմի ղեկավարներից մեկը՝ Ազգային օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը տոնակատարության մասին մտածելու փոխարեն լուծել է իր գրպանի հարցերը՝ իր բեմադրած 3-4 րոպե տեւողությամբ տանգոյի համար պահանջելով 1000 ԱՄՆ դոլար: Ի դեպ, «Առավոտի» հետ զրույցում, նա այդ «մասով» հետեւյալն ասաց. «Ես իրավունք ունեմ գնահատել սեփական աշխատանքս, ինչը այդչափ եմ գնահատում»:
Միջոցառմանը ներկա արվեստագետները միաձայն «Առավոտին» փոխանցեցին իրենց հիացմունքը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի կողմից մրցաշարի առիթով ժամանակակից հայ նկարիչների շախմատային թեմաներով ստեղծված «Շախմատային Հայաստան» ցուցահանդեսի մասին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ