Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը գործել է առանց կառավարության որոշմա՞ն

Հուլիս 18,2012 13:55

Կամ՝ կասկածելի մրցույթի հետեւանքները

2010 թվականին Երեւանում կազմակերպվեց Ցեղասպանության 95-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդես-մրցույթ: ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմված հանձնաժողովն էլ ընտրեց մի քանի աշխատանք՝ գնելու նպատակով: Ըստ որոշ մասնագետների, ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների մեջ կային գնելու արժանի ավելի բարձրարվեստ գործեր: Այն գումարը, որով պետության գրպանից վճարեցին ընտրված աշխատանքների համար, կազմում էր 6,5 մլն դրամ: Դրանք հետո պետք է տրամադրվեին Հայաստանում գործող թանգարաններին: Գնված աշխատանքների մեջ էին Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի «Գաղթը», Ֆելիքս Եղիազարյանի «Անջնջելի հիշողությունները», Անատոլի Ավետյանի «Կարմիր կակաչներ», «Եղեռնի զոհերի հիշատակին» գործերը, Անատոլի Գրիգորյանի «Արհավիրքը» եւ Արկադի Բաղդասարյանի «Դեպի Արարատը»: Ըստ մեր տեղեկությունների, բոլոր այն թանգարանները, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, մերժել են ընդունել այդ աշխատանքներն իրենց հարկի ներքո:

Մեր տեղեկություններով, Վերահսկիչ պալատի կողմից ՀՀ մշակույթի նախարարության համակարգում իրականացված ստուգումների ժամանակ կասկածներ էին ծագել նաեւ ընտրված գեղանկարների արժեքների «մասով», եւ ուսումնասիրություն իրականացնողները փորձել էին տեղեկություններ հավաքել գեղանկարների իրական արժեքի մասին: Այդ շրջանում պետության գումարով գնված նկարները ժամանակավորապես ի պահ են տրվել ՀՀ նկարիչների միությանը: Իսկ անցյալ տարի Կարեն Աղամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել՝ աշխատանքները Ստեփանակերտի նորաբաց պատկերասրահին նվիրելու վերաբերյալ, այնուհետեւ բազմաթիվ այլ աշխատանքների հետ Ստեփանակերտ են «մեկնել» ՀՀ պետության սեփականություն հանդիսացող գործերը: Նկատենք, որ ՀՀ մշակույթի նախարարը, ըստ գործող կարգի, իրավունք չունի այլ գերատեսչության ենթակայության հիմնարկի՝ տվյալ պարագայում ԼՂՀ մշակույթի նախարարության ենթակայության թանգարանին, մշտական օգտագործման կամ պահպանության հանձնել ՀՀ պետական սեփականություն հանդիսացող թանգարանային նմուշը:

Մշակույթի նախարարը իր հրամանով մշտական օգտագործման կամ պահպանության կարող է տրամադրել միայն ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության հիմնարկներին: Դրանք այլ գերատեսչությունների կարող են տրամադրվել միայն ՀՀ կառավարության որոշմամբ:

«Առավոտի» հետ զրույցում ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հաստատեց, որ որեւէ պաշտոնական թուղթ չի եղել գործարքի համար: «Եթե կոշտ նայենք, իրավունք չունեինք դրանք Արցախի պատկերասրահին տրամադրել առանց կառավարության որոշման, բայց մենք հայ ենք, չէ՞»,-ասաց նա: Հետո էլ նախատեց. «Դուք Արցախի դեմ ինչ-որ բան ունե՞ք, եւ հետո չէ՞ որ այդ նկարները նրանց ի պահ են տրված, պատերից կախված է, ի՞նչ է լինում որ»:

Մրցույթում հաղթած-գնված նկարներից արագ ազատվելը ինչ-ինչ կասկածներ է հարուցում, մասնավորապես այն, որ այդպիսով փակվում է այն թեման, թե մրցույթի մասնակիցների մեջ ավելի արժանավորները կային, բայց նրանց աշխատանքները, չգիտես ինչու, չգնվեցին: Ասվածը կարող է լրացնել նաեւ մեկ այլ փաստ. հաղթած աշխատանքները հայաստանյան ոչ մի թանգարան չի ցանկացել ընդունել:

«Առավոտը» մեկնաբանություն խնդրեց նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունից՝ գրավոր ուղարկելով հարցերը: Խոստացան պատասխանել այսօր: Պատրաստակամ ենք տպագրել նախարարության տեսակետը նույնպես:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031