Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կապող օղակ

Հուլիս 18,2012 13:39

Այս տարվա սկզբից քաղաքացիական հասարակությունը մինչ այս չլսված ակտիվություն է ցուցաբերում տարբեր հարցերում.

ա) բնապահպանների կողմից Մաշտոցի պուրակի պաշտպանության 90-օրյա ըմբոստ պայքարն ու քաղաքացիական արդար դատարանի ստեղծումը,

բ) փաստաբանների մեկօրյա գործադուլն ու ՀՀ վճռաբեկ դատարանին օրենքի դաշտ բերելու պահանջը,

գ) «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցների կողմից հաճախորդներին, ԶՈՒ սպա բժիշկներին ծեծի ենթարկելու եւ նրանցից Վահե Ավետյանին կյանքից զրկելու դեպքով հանրային ընդվզումն ու բոլոր մեղավորներին պատժել պահանջող քաղաքացիական նախաձեռնությունները:

Առաջին հայացքից միմյանց հետ ընդհանրություն չունեցող քաղաքացիական հասարակության այս ակտիվացումներն ունեն մի կապող օղակ, դա մեր իրավապահ եւ հատկապես դատական համակարգն է, ավելի ճիշտ՝ այդ համակարգի նկատմամբ հանրային անվստահությունը:

Բնապահպաններն, օրինակ, իրենց աչքի առաջ ունեին Թեղուտի գործով «դատավարությունը», երբ իրենց հայցը մերժվեց այն պատճառաբանությամբ, որ իրենք չեն կարող բնապահպանական հարցերով դատարան դիմել: Փաստաբաններն ամեն օր են շփվում դատարանների հետ եւ ամեն օր են տեսնում նրանց ապօրինությունները: Վահե Ավետյանին կյանքից զրկելու բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչելու հասարակական նախաձեռնությունների ակտիվիստներն էլ հիշում են Պողոս Պողոսյանի սպանությունը եւ օլիգարխների ու պաշտոնյաների ախրաննիկների կողմից կատարված բազմաթիվ այլ սպանություններ ու հանցագործություններ, որոնց կատարողները իրավապահների ու դատարանների համատեղ ջանքերով մնացել են անպատիժ: Վահե Ավետյանին եւ նրա ընկերներին ծեծի ենթարկածներն էլ (ըստ ամենայնի՝ ոչ բոլորը) ձերբակալվեցին դեպքից օրեր անց միայն՝ հանրային ճնշման ներքո:

Ահա նման դեպքերը հանգեցնում են նրան, որ հանրությունը չի վստահում դատարաններին ու իրավապահ մարմիններին եւ հարցի լուծումը տեսնում է արտադատական կարգով:

Ըստ միջազգային հեղինակավոր The Coucasus Resarch Recource Centers-ի 2011թ. Հայաստանում հաստատությունների նկատմամբ վստահության վերաբերյալ վերլուծության՝ դատական համակարգը 16 հաստատությունների ցանկում վստահության աստիճանով նախավերջին տեղում է, եւ նրան վստահում է ընդամենը բնակչության 6%-ը, իսկ չվստահողների թիվը ավելի քան 4 անգամ ավելի է՝ 25%: Մնացածը մասամբ են վստահում կամ մասամբ չեն վստահում, ինչը նշանակում է, որ մնացած բոլորը հնարավոր են համարում, որ ինչ-ինչ պայմաններում դատարանի վրա հնարավոր է կողմնակի ազդեցություն գործել, ինչի արդյունքում կարող է իրական արդարադատություն չիրականացվել: Եվ սա այն դեպքում, երբ հանրապետությունում պետական կառույցների մեջ ամենաբարձրը վարձատրվում են հենց դատավորները, երբ մարդիկ հենց արդարադատություն իրականացնող մարմնին պետք է վստահեն, որպեսզի վերջինս  կարողանա լեգիտիմ արդարադատություն իրականացնել, բայց այդ վստահությունը չկա ու չկա:

Ասեմ, որ ոստիկանության նկատմամբ վստահությունը եւս նույն մակարդակում է՝ 7%-ը վստահում է, 26%-ը չի վստահում, իսկ մնացածն էլ մասամբ են վստահում կամ մասամբ չեն վստահում:

Այն, թե ինչու այդ վստահությունը չկա, պարզ է դառնում նաեւ փաստաբանների բողոքի ակցիայի կազմակերպող հանձնախմբի հրապարակած տվյալներից, ըստ որոնց՝ դատարանների կողմից կառավարության որոշումների անվավեր ճանաչելու ցուցանիշը 0% է, արդարացվածների ցուցանիշը՝ 1,1% (4874-ից 54), այն դեպքում, երբ  արդարացվածների ցուցանիշը Մեծ Բրիտանիայում կազմում է 29%, ԱՄՆ-ում՝ 25%, Եվրոպական Միությունում՝ 20%, կամ 95% դեպքերում բավարարում են կալանավորելու միջնորդությունները, կամ քրեական գործերով բերված վճռաբեկ բողոքներից ընդամենը 2,9%-ն է բավարարվում եւ այլն:

Նշված ցուցանիշներով վիճակագրությունը վկայում է այն մասին, որ դատարանները հանդես չեն գալիս որպես իրական արդարադատություն իրականացնող մարմին, հակառակ դեպքում վիճակագրությունը 100% կամ դրան մոտ չէր լինի՝ հօգուտ կառավարության որոշումների, դատախազության մեղադրանքների, կալանավորման միջնորդությունների ու ստորադաս դատարանների դատական ակտերի:

Սակայն սա դեռ ամբողջը չէ:

ՀՀ դատավորի վարքագծի կանոնագրքի 4-րդ կանոնի, դրա մեկնաբանության եւ ՀՀ դատական օրենսգրքի 11 հոդվածի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորը պետք է զերծ մնա օրենսդիր եւ գործադիր մարմինների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների ազդեցությունից, ինչպես նաեւ ամեն տեսակի միջամտությունից, իսկ նման միջամտության մասին դատավորը պարտավոր է անմիջապես հայտնել ՀՀ դատարանների նախագահների էթիկայի հանձնաժողովին, որն էլ, եթե համարի, որ տեղի է ունեցել օրենքով չնախատեսված միջամտություն դատավորի գործունեությանը, ապա պարտավոր է դիմել համապատասխան մարմիններին՝ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ:

Ի՞նչ եք կարծում, 2009-2011թթ.-ին քանի նման դիմում է եղել դատավորների կողմից: Ըստ ՀՀ դատական դեպարտամենտից ստացված պաշտոնական տվյալների՝ 0: Այո, ստացվում է, որ այս երեք տարիներին որեւէ անգամ որեւէ գործով դատավորների վրա որեւէ մեկի կողմից որեւէ ազդեցություն, միջամտություն չի եղել, հակառակ դեպքում դատավորները կդիմեին էթիկայի հանձնաժողովին: Եվ սա այն դեպքում, երբ այդ ընթացքում ՀՀ դատարաններում քննվել է ավելի քան 150.000 գործ:

Իրականում, սակայն, արդարադատության եւ օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորների նկատմամբ միջամտությունները կարելի է հազարներով հաշվել, սակայն որեւէ դեպքով որեւէ դատավոր էթիկայի հանձնաժողովին այդ մասին չի հայտնել, քանի որ եթե սկսեն հայտնել, ապա այդ միջամտությունները կդադարեն, իսկ դա դատավորների համար ցանկալի չէ:

Ահա թե որտեղ է թաքնված հանրային անհնազանդության պատճառը՝ երկրում առկա անարդարությունը արդար լուծում չի ստանում նաեւ դատարաններում, դատարանները իրենց սահմանադրական ֆունկցիան չեն կատարում, այդ թվում՝ իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման:

ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

Փաստաբան, հանձնախմբի անդամ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031