Լրահոս
Օրվա լրահոսը

Ալյուրի դեֆիցիտ չի լինի

Հուլիս 18,2012 13:34

Ուղղակի «թեթեւ» թանկացումներ կլինեն

Հայաստանում սպառվող ցորենի 70%-ը ներմուծված է Ռուսաստանից, Ուկրաինայից նաեւ Ղազախստանից, եւ մեր երկրում հացամթերքի գները կախված են միջազգային շուկայի գներից, ուստի դրսում գների թեթեւակի շեղումն անմիջապես անդրադառնում է Հայաստանի վրա: Երբ միջազգային բորսաներում ցորենի գնի որոշակի բարձրացում է արձանագրվում, մեզ մոտ արդեն խուճապ է առաջանում՝ հացի գինը կթանկանա: Օրերս տեղեկություններ տարածվեցին, որ առաջիկայում ալյուրի գինը բարձրանալու է, քանի որ միջազգային բորսաներում անընդհատ թանկացում է նկատվում: Չնայած սրան, ցորենի հայ ներմուծողները կոչ են անում խուճապի չմատնվել գոնե առաջիկա 2 ամսում, քանի որ մեր ներմուծողների մոտ կա այնքան պաշար, որը 2 ամիս հաստատ կբավարարի:

«Առավոտի» հետ զրույցում ալյուրի շուկայի մոտ 15%-ը զբաղեցնող «Մանչո գրուպ» ընկերության ղեկավար Իվան Մոսոյանը հավաստիացրեց, որ Ռուսաստանում 1 կիլոգրամ ալյուրն օրական 10-20 կոպեկով թանկանում է. «Մենք, որքան հնարավոր է, ըստ պահանջի, ներմուծում ենք: Բայց քանի որ այնտեղ բերքահավաքը նոր է սկսվել եւ 1-2 ամիս դեռ կտեւի, դեռ պարզ չէ, թե ինչ գներով կներմուծենք»: Պարոն Մոսոյանի խոսքերով՝ եթե անգամ թանկ գներով ձեռք բերեն, լուրջ տատանումներ չեն լինի հացամթերքի շուկայում. «Ամենաշատը 10-20 դրամով կթանկանա ալյուրը: Այնպես որ, թող ժողովուրդը հանգիստ լինի, ու իզուր մեծ առեւտուր չանի, չգնա 1 պարկի փոխարեն՝ 5 պարկ գնի: Չնայած դա մեզ ձեռնտու է, բայց պետք չէ»: «Մանչո գրուպի» ղեկավարի դիտարկմամբ՝ նույնիսկ Ռուսաստանում, որտեղ հացահատիկի առատ բերք է լինում, հացը բավականին թանկ է, ընդ որում, ի տարբերություն մեզ՝ ներմուծող երկրի, Ռուսաստանը՝ որպես հացահատիկ արտադրող երկիր, ավելի բարձր գներով է հացը վաճառում. «Ես Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից ցորեն եմ բերում, ու բավականին թանկ է նստում: Տեսեք, հայերը գնում են այնտեղ, հացի փռեր են դնում, ավելի շատ եկամուտ են ստանում, որովհետեւ մեզ մոտ գների, եկամտի տատանումը հասցված է նվազագույնի կամ ընդհանրապես չի լինում: Եթե այնտեղ 1 պարկ ալյուրի մեջ աշխատում են մոտ 10 հազար դրամ, այստեղ ամենաշատը՝ 1000 դրամ»:

Պարոն Մոսոյանի ներկայացմամբ՝ ոմանք հեռուստատեսությամբ ինչ-որ բան են լսում ցորենի միջազգային գների մասին ու անմիջապես աղմուկ բարձրացնում. «Թե բա, վայ, հեսա ներկրողները կթանկացնեն, բայց խաբար չեն, որ ներկրողները 2 տարի է՝ վնասով են աշխատում: Վերջին շրջանում ցորենի թանկացումը դոլար-դրամ տատանումների արդյունքում էր. մոտավորապես 700-800 դրամի տատանում էր լինում 1 պարկի մեջ, դա մեծ թիվ է առնողի համար, իսկ հացի գինը ընդամենը 10-20 դրամով է թանկացել: Էդ 10-20 դրամի համար քարկոծում են, բայց հացի չափ սպառվող էլի սննդամթերքներ կան, որ 50-100% թանկացել են՝ ձեն չեն հանում: Ուղղակի էն որ ասում են՝ քյասիբը, որ ոչինչ չունի, էլի մի հատ հաց պիտի առնի, բայց կարա շաքար, յուղ կամ միս չառնի, դե, մեր խիղճն էլ չի տանում, որ թանկացնենք»:

Մեր այն դիտարկմանը, որ միջազգային գներն էլ կախված են բնակլիմայական պայմաններից եւ հացահատիկի միջազգային պաշարի կրճատումից, պարոն Մոսոյանը բավականին լավատեսական կանխատեսում արեց. «Ցորենի պաշարի մասին էդ կոսմոպոլիտական բաները անիմաստ են, հաստատ տենց բան չի լինի, եթե պաշարները նվազեն էլ, հաստատ նենց բան կհորինեն, որ 1 հեկտարից կարող են ստանալ տասնապատիկ ավելի բերք: Հացի խիստ դեֆիցիտ չի լինի»:

Այս տարի բազմաթիվ ֆերմերներ դժգոհել են, որ կառավարության տրամադրած սերմացուներից գաճաճ ցորեն է ստացվել, ինչի պատճառով կոմբայնը չի կարողանում հավաքել, ուստի մեծ վնասներ են կրում: Եվ քանի որ «Մանչո գրուպը» հացահատիկ է գնում նաեւ տեղական արտադրողներից, «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյոք տեղական անորակ ցորեն նկատել է, եւ կա՞ տեղականի դեֆիցիտ: Այս առնչությամբ պարոն Մոսոյանը վստահեցրեց, որ այս տարվա ձեռք բերած տեղական ցորենը պատմության մեջ լավագույնն է եղել. «Ես գյուղացի մարդ եմ, գյուղնախարարությունում էլ աշխատել եմ, վատ ցորենը ոչ ճիշտ մշակումից է ստացվում. ոռոգում, հողի մշակում եւ այլն: Իսկ անցյալ ու նախանցյալ տարվա բերքը պարզապես անասնակեր էր»:

Մեր այն հարցին՝ արդյոք հնարավոր չէ՞ Հայաստանում առկա անմշակ հողերի հաշվին հացահատիկի արտադրության ծավալներն ավելացնել, որպեսզի սպառման գոնե 40-50%-ը ապահովվի, պարոն Մոսոյանն ասաց. «Հայաստանը չունի կլիմայական նենց պոտենցիալ, որ գոնե 50% տոկոսն ապահովի: Մեր եղածը, լավագույն դեպքում, կարող է 1-2 ամիս ապահովել: Հայաստանում լավագույն պաշարը եղել 60 տոննա, որը 2-3 ամիս է բավարարել: Եթե ուզենանք զոռով ընդլայնել ցորենի ցանքատարածքները, դա լինելու է ի վնաս մյուս գյուղատնտեսական կուլտուրաների, որոնցից ավելի լավ բերք կարող ենք ստանալ»:

Հացահատիկի շուկայում «Թալգրիգ» ընկերությունն էլ զբաղեցնում է մոտ 10%-ը: «Առավոտի» հետ զրույցում ընկերության գլխավոր տնօրեն Թովմաս Գրիգորյանն անդրադառնալով միջազգային գներին՝ վստահեցրեց, որ վերջին 1 ամսում մոտ 14% թանկացում է եղել. «Ռուսաստանի ջրհեղեղներից էլ է կախված ցորենի գինը: Եթե սահուն թանկացավ, մեզ մոտ էլ նույնը կլինի, բայց Հայաստանում առայժմ չի թանկացել: Դրսում ամեն օր գին է փոխվում, ամեն տենդերի ժամանակ գին է փոխվում, բնականաբար, դրա արդյունքում մեզ մոտ էլ կթանկանա»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031