Թուրք քաղաքագետը, սակայն, քիչ հավանական է համարում, որ Թուրքիան Ղարաբաղի հարցը կհանի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փաթեթից:
«Հասարակությունները պատրաստ չէին այդ հարաբերություններին»,- «Առավոտի» հետ զրույցում վերլուծելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անցած փուլը եւ անդրադառնալով արձանագրությունների ներկայիս սառեցված վիճակին՝ եզրակացրեց Գերման Մարշալի հիմնադրամի Անկարայի գրասենյակի տնօրեն Օզգյուր Ունլուհիսարչիկին: Վերջինս Հայաստանում է գտնվում Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի հրավերով՝ «Հայ-թուրքական հարաբերությունների արդի վիճակը» թեմայով քննարկումների շրջանակներում: Իսկ թե ինչո՞ւ այդ պարագայում երկու երկրների կառավարությունները վերցրին նախաձեռնությունը, մեր զրուցակիցը ասում է. «Դա տնտեսական բեռ է Հայաստանի համար եւ քաղաքական բեռ՝ Թուրքիայի համար: Հարեւանի հետ փակ սահմանի առկայությունն, իհարկե, չի նպաստում քո իմիջին: Բացի այդ, այն լարվածությունը, որն առկա էր Հարավային Կովկասում, երկու կառավարություններին էլ ստիպեց դիմել այդ քայլին: Կայունությունը Հարավային Կովկասում Թուրքիայի համար խիստ կարեւոր հանգամանք է»: «Առավոտի» ճշտող հարցին՝ արձանագրությունների ձախողման պատճառը հենց հասարակությունների՞ պատրաստ չլինելն էր, թե՞ պաշտոնական Անկարայի կամ Երեւանի, Օզգյուր Ունլուհիսարչիկին պատասխանեց, որ պատճառները երկուսն էին, եւ դրանցից մեկն այն էր, որ հասարակությունները պատրաստ չէին: Ապա. «Թուրքական կողմը սխալ ակնկալիքներ ուներ այդ արձանագրություններից: Թուրքիայի կառավարությունն ակնկալում էր, որ արձանագրությունների գործընթացին զուգահեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կընթանան խաղաղ եւ հաջող բանակցություններ, եւ որ Ադրբեջանն ավելի շուտ շնորհակալ կլիներ Թուրքիայից այդ հնարավորության համար, ոչ թե կզայրանար: Սակայն ամեն ինչ այլ կերպ ընթացավ: Եվ երբ Ռուսաստանի կառավարությունը հատուկ ձեւով տեղեկություններ հայտնեց Ադրբեջանին՝ գաղտնի բանակցությունների մասին, նախագահ Ալիեւը խիստ հայտարարություններով հանդես եկավ, պառլամենտի անդամները եկան Թուրքիա՝ լոբբիստական գործունեություն իրականացնելու, եւ նաեւ այդ պատճառով եղավ հասարակական որոշակի ըմբոստություն: Արդյունքում Թուրքիան սառեցրեց արձանագրությունները: Բայց կարծում եմ, որ նմանատիպ զարգացումներ են եղել նաեւ Հայաստանում»:
Հայ-թուրքական արձանագրությունների վերակենդանացման հնարավորություններ մեր զրուցակիցը տեսնում է: Այլեւս վերջնականապես սպառված չի համարում այն միտքը, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը կարող է օգնել նաեւ այս գործընթացին: Վկայակոչելով մի շարք տնտեսական նախադրյալներ՝ նա քիչ հավանական է համարում, որ Թուրքիան Ղարաբաղի հարցը կհանի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փաթեթից. «Ես նկատի չունեմ ղարաբաղյան խնդրի ամբողջական լուծումը: Նույնիսկ փոքրիկ զարգացումը կարող էր շատ դրական դեր խաղալ: Թերեւս ռազմական մասնագետները ավելի մանրակրկիտ եւ հստակ կարող են ասել, թե ինչպիսի զիջումների կարելի էր գնալ, որը չէր վտանգի նաեւ Հայաստանին կամ Հայաստանի շահերը: Եթե նման զարգացումներ վերսկսվեն, կարծում եմ՝ արձանագրությունները շատ արագ կվերականգնվեն»: Օզգյուր Ունլուհիսարչիկին, սակայն, կարծում է, որ 2014-ին՝ կապված Թուրքիայում կայանալիք ընտրությունների հետ, որոնք փոփոխություններ են բերելու, այդ թվում նաեւ Թուրքիայի արտաքին քաղաքականության մասով, նոր պատուհան է բացվելու հայ-թուրքական հարաբերություններում, եւ կողմերն այլեւս շփոթվելու իրավունքը չունեն: Նա կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, կկիրառվի «ռուսական տարբերակը»՝ նախագահ Գյուլը կդառնա վարչապետ, իսկ վարչապետ Էրդողանը կզբաղեցնի նախագահի պաշտոնը: Նման զարգացումները Օզգյուր Ունլուհիսարչիկին դրական է համարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իմաստով, քանի որ հայտնի է, որ Թուրքիայի Սահմանադրությամբ հիմնական լիազորությունները տրված են վարչապետին, իսկ նախագահն ավելի խորհրդանշական դերակատարում ունի. Գյուլն էլ հայտնի է հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու դրական եւ առավել խաղաղ բանակցային տարբերակով լուծելու իր մոտեցումներով: «Առավոտը» պարոն Ունլուհիսարչիկից հետաքրքրվեց՝ կիսո՞ւմ է այն տեսակետը, որ արձանագրությունների տապալման հարցում դերակատարում ունեցան թուրքական ազգայնական շրջանակները: Մեր զրուցակիցը նկատեց. «Ցանկացած թուրք ազգայնական է: Ամեն ինչ կախված է ազգայնականության չափաբաժնից: Թուրքերի մեծամասնության համար Ադրբեջանը բավականին հարազատ բան է: Այդ իսկ պատճառով ոչ թե այդ ծայրահեղ ազգայնականներն էին, այլ ընդհանուր ազգայնական խմբերն էին, որ որոշակի ազդեցություն ունեցան»:
Կարդացեք նաև
Թեպետ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց «զրո խնդիր՝ հարեւանների հետ» ծրագրի մասին, սակայն ակնհայտ է, որ Թուրքիան խնդիրներ ունի իր բոլոր հարեւանների հետ. Օզգյուր Ունլուհիսարչիկից «Առավոտը» հետաքրքրվեց՝ այս պարագայում ինչպե՞ս է տեսնում Թուրքիայի եվրաինտեգրման հեռանկարը: «Ներկայումս Թուրքիայում ժողովուրդը հումոր է անում՝ փաստորեն, այժմ մենք ոչ մի հարեւան չունենք, բայց շատ խնդիրներ ունենք, այլ ոչ թե հակառակը: Սակայն Թուրքիայի ինտեգրացիան ԵՄ-ին որեւէ կապ չունի այդ խնդիրների հետ: Իրանի նկատմամբ մեր դիրքորոշումը կիսվում է ԵՄ-ի կողմից, Իրաքի վարչապետի հետ մենք խնդիրներ ունենք, սակայն նրա հետ խնդիրներ ունեն բոլոր եվրոպացիները, քանի որ վերջինս գնալով ավելի ու ավելի ավտորիտար է դառնում: Թուրքիան կդառնա ԵՄ անդամ, թե ոչ՝ կախված է հզոր եւ կարեւոր պետությունների՝ Գերմանիայի եւ Ֆրանսիայի դիրքորոշումներից ու տեսակետներից: Սակայն եթե Թուրքիային տրվեին հնարավորություններ, Թուրքիան հասկանար, որ ԵՄ-ին իր անդամակցությունը հնարավոր է, ապա Թուրքիայի քաղաքականությունը շատ հարցերում, այդ թվում նաեւ՝ Հայաստանի, կփոխվեր: Այդ դեպքում Թուրքիան իրեն ավելի ինքնավստահ կզգար»,- ասաց նա: Իսկ թե ինչո՞ւ Եվրոպան չի ցանկանում Թուրքիային իր գիրկն ընդունել, եւ ամեն անգամ որեւէ հնարավորության դեպքում Ֆրանսիան մշտապես Հայկական հարցն իբրեւ մահակ օգտագործում է Թուրքիայի դեմ, Օզգյուր Ունլուհիսարչիկին նկատեց, որ որոշ եվրոպական երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Իտալիան եւ այլն, աջակցում են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, իսկ այն երկրները, որոնք մերժում են, տարբեր պատճառներ ունեն: Մեկն էլ այն է, որ որոշ երկրներ վախենում են Թուրքիայից Եվրոպա ներգաղթի ծավալներից, որոշները վախենում են Թուրքիայի մեծ երկիր լինելու փաստից եւ մտավախություններ ունեն, որ իրենց դերը Եվրոպական պառլամենտում կնվազի: Դեր է խաղում նաեւ Թուրքիայի բնակչության մեծամասնության կրոնական պատկանելությունը: Այս վերջին գաղափարը մեր զրուցակիցը խիստ հակաեվրոպական է համարում եւ ասում է. «Նրանք, ովքեր հնչեցնում են այդ գաղափարը, եվրոպացիներ չեն»:
Օզգյուր Ունլուհիսարչիկին կողմ է մինչ երկու երկրների միջեւ միջպետական, դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը՝ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը. «Անշուշտ, երբ սահմանը փակ է, հեշտ չէ նման կապեր զարգացնել: Բացի այդ, նաեւ մարդկային շփումներն են դժվարանում, երբ սահմանը փակ է, բայց մենք պետք է անենք այն ամենը, ինչ որ կարող ենք: Կամ՝ ավելի շուտ, բողոքել նրանից, ինչը որ չենք կարող անել»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ