Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կրոնական կազմակերպությունները բա՞ց են

Հուլիս 18,2012 13:25

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանի կարծիքով՝ Հայաստանում կրոնական անհանդուրժողականության ամբողջ աղմուկը արհեստականորեն ստեղծվել է իրավապաշտպանների կողմից, որոնք դրա համար գրանտներ են ստանում: Իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի բնորոշմամբ՝ Հայաստանում իրավապաշտպանները նման են ածխահանքում պահվող այն սոխակներին, որոնք մեթանի պայթյունի վտանգի ժամանակ սկսում են դայլայլել: 

«Առավոտ»– Պարոն Ամարյան, այսօր Հայաստանում քայքայիչ պաշտամունք հասկացության օրենսդրական սահմանում կա՞:

Ալեքսանդր Ամարյան– Մենք այսօրվա դրությամբ այդպիսի օրենսդրական սահմանում չունենք: Մեր օրենքը ոչ լիակատար է եւ տեղիք է տալիս տարբեր տարընթերցումների եւ խախտումների: Բայց պաշտամունք հասկացությունը միայն կրոնական չէ, ավելի լայն է:

«Առավոտ»- Այսինքն՝ դուք պայքարում եք մի երեւույթի դեմ, որի հստակ սահմանումը մեր օրենսդրության մեջ չկա:

Ա. Ամարյան- Մենք չենք պայքարում աղանդավորների, մարդկանց, հավատացյալների դեմ: Մեր պայքարը գնում է այն կրոնական կառույցների դեմ, որոնք իրենց գործունեությամբ ոտնահարում են մարդկանց իրավունքները: Մենք պայքարում ենք այն բանի դեմ, որ այդ կառույցները պետք է համապատասխան տեղեկատվություն տրամադրեն մարդկանց, սակայն նրանք չեն տրամադրում՝ մենք ենք տրամադրում: Սա է:

Արթուր Սաքունց- Խնդիրն այն է, որ մենք երեւի թե սովորում ենք ինչպես ապրել բազմազանության մեջ: Բայց այստեղ նաեւ խնդիրը պետության միջամտության սահմանի մեջ է: Ես համաձայն եմ, որ կրոնական կազմակերպությունները կարող են որոշակի գործունեություն իրականացնել, որը կարող է ուղղված լինել սահմանադրորեն ամրագրված ազատությունների դեմ եւ հրահրել թշնամանք ըստ էթնիկական, սեռական, կրոնական պատկանելության, եւ եթե այդպես է, ապա այդտեղ արդեն պետք է լինի գործունեության սահմանափակում:

«Առավոտ»– Հայաստանում գրանցված 67 կրոնական կազմակերպությունների գործունեության մեջ տեսնո՞ւմ եք նման դրվագներ:

Ա. Սաքունց- Ոչ, չեմ տեսնում: Ես ավելի շատ տեսնում եմ, որ այսօր հասարակության մի հատվածի կողմից՝ ըստ կրոնական պատկանելության, կա ընդգծված բացասական վերաբերմունք այլ կրոնական հայացքներ ունեցող շերտերի նկատմամբ: Բայց ինձ ոչ թե դա է մտահոգում, այլ այն, որ այդ բացասական վերաբերմունքը կարող է դրսեւորվել այնպիսի գործողություններով, որոնք արդեն կարող են տեղափոխվել իրավական հարթություն: Եվ արդարադատության նախարարության կողմից ներկայացված օրենքի վերջին նախագիծը ոչ թե գալիս է լուծելու այդ բազմազանության խնդիրը, այլ ավելի շատ խորացնելու խտրականությունը: Փառք Աստծո, որ այդ նախագիծն ընթացք չստացավ:

Ա. Ամարյան– Երբ 2004թ.-ին գրանցվեցին «Եհովայի վկաները», 13-61 բանաձեւով սահմանվեց նաեւ, որ Հայաստանում պետք է գործի կրոնական կառույցների հետ կապված՝ անկախ տեղեկատվական կենտրոն, որպեսզի ցանկացած քաղաքացի կարողանա օգտվել իր տեղեկատվություն ստանալու իրավունքից: Սակայն ցավոք, այսօր, բացի մեր կառույցից, չկա կրոնական կազմակերպությունների մասին տեղեկատվություն տրամադրող որեւէ այլ կառույց:

Ա. Սաքունց- Ցանկացած տեղեկատվություն կարելի է ստանալ արդարադատության նախարարության պետռեգիստրի վարչությունից, որտեղ գրանցված է տվյալ կազմակերպությունը:

Ա. Ամարյան- Այսինքն՝ ի՞նչ տեղեկատվություն, որ այս կազմակերպությունը գրանցված է ու վե՞րջ: Անգամ կանոնադրությունն էլ չեն տրամադրում, բացի այդ, բոլորի կանոնադրությունները ստանդարտ են:

Ա. Սաքունց– Ոչ, այդ կանոնադրությունները բաց, հրապարակային փաստաթղթեր են, եւ եթե Ձեզ չեն տրամադրում, ապա կարող եք դիմել, մենք կօգնենք, որ այդ հարցով մտնեք դատարան եւ ստանաք:

Ա. Ամարյան– Այսօր մենք ունենք կրոնական կազմակերպություն, որը ինտերնետ պրովայդեր է եւ ցանկացած պահի կարող է մտնել ցանկացած էլեկտրոնային փոստարկղի մեջ եւ տեղեկություն տրամադրել. դա խարիզմատիկ եկեղեցին է. «Բիոնետ» եւ «ֆասթնետ»:

Ա. Սաքունց- Եթե դուք ունեք նման ապօրինի միջամտության դեպք, դա քրեորեն հետապնդելի արարք է:

«Առավոտ»- Պարոն Սաքունց, իսկ ի՞նչ կասեք հոգեորսության մասին, այն մասին, որ շատ հաճախ հանրային վայրերում մոտենում են տարբեր կրոնական կազմակերպությունների անդամներ կամ թակում են բնակարանների դռները եւ փորձում քարոզել իրենց ուսմունքը: Արդյոք դա ե՞ւս ապօրինի չէ, ի վերջո՝ օրենքով արգելված է հոգեորսությունը:

Ա. Սաքունց– Եթե անհանգստացնում են, Դուք կարող եք ասել՝ կներեք, ինձ մի անհանգստացրեք: Ես մինչեւ հիմա չգիտեմ մի քրեական գործ կամ դատարանի որոշում այն մասին, որ մարդուն բռնի քարոզել են, եւ նա տուժել է ու դիմել իրավապահներին:

Ա. Ամարյան- Կան դեպքեր, կարող եմ նշել առնվազն երկուսը, որոնցից մեկի դեպքում խարիզմատիկ եկեղեցուց դուրս եկած երիտասարդին 10 տարի հոգեբուժարանում բուժել են: Երկրորդ դեպքը Գյուլնազարյան Ալլան է՝ «Կյանքի խոսքի» ներկայացուցիչ, որը կրկին բուժվում է հոգեբուժարանում: Նրա բնակարաններից մեկը եկեղեցին իրենից խլել է, մյուսն էլ արդեն խլում է: Եվ հիմա դատարանում գնում է դատաբժշկական փորձաքննություն:

«Առավոտ»– Ինչպե՞ս եք գնահատում Ազգային անվտանգության խորհրդի կողմից քայքայիչ աղանդների դեմ պայքարի ռազմավարության մշակումը:

Ա. Սաքունց- Ես կարող եմ ասել, որ Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող ամենամեծ խնդիրը համատարած կոռուպցիան է, մոնոպոլիզացիան, մարդկանց իրավունքների խախտումները, բռնությունները եւ դատական իշխանությունների անկախության բացակայությունը:

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

 

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Իրավապաշտպանների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031