Ո՞ր տարբերակն է ավելի գերադասելի Գյումրիի բնակիչների համար՝ եթե քաղաքապետ մնա Վարդան Ղուկասյա՞նը, թե՞ այդ պաշտոնը զբաղեցնի ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի դրածոն: Այդ հարցի սպառիչ պատասխանը տվել է մեր թերթին Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը: Իսկապես որ, շարքային գյումրեցիների համար պետք է որ բացարձակապես միեւնույն լինի՝ այդ երկուսից որն մեկն է ստանձնելու այդ պաշտոնը: Քրեական հակումներ ունեցող երկու խմբավորումների ղեկավարները, որոնց մեջ, կարծես թե, նույնիսկ «արյուն» կա, կռվելու են այդ պաշտոնի համար՝ հուսանք, այս անգամ առանց կրակոցների: Ի՞նչն է դրանից փոխվելու՝ տնակներում 24 տարի ապրող մարդիկ տո՞ւն կստանան, անգործ տղամարդկանց համար աշխատատեղե՞ր կստեղծվեն, թե՞ կենտրոնից դուրս քարուքանդ փողոցները կսարքվեն:
Այն, որ մի թայֆան թաքնվել է ՀՀԿ-ի դրոշի տակ, իսկ մյուսը՝ ԲՀԿ-ի, դա, մեծ հաշվով, պատահականություն է, որովհետեւ այդ խմբերը ոչ մի գաղափարախոսության, ոչ մի քաղաքական ծրագրի եւ ոչ մի կուսակցության հետ կապ չունեն: Պայքարը ուժային, վարչական, տնտեսական լծակների համար է՝ պայքար, որում կողմերը ոչնչի առաջ չեն կանգնի: Նույն հաջողությամբ նրանց կուսակցությունները կարող էին կոչվել «տանձ» եւ «խնձոր»:
Մոտավորապես նույնն է լինելու սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների սխեման՝ այնտեղ, որտեղ մրցակցություն է սպասվում: Պատկերացրեք մի գյուղ, որտեղ ավանդական, տասնամյակներ շարունակվող թշնամանք կա Պողոսի եւ Պետրոսի ընտանիքների միջեւ, որոնք, որպես կանոն, բարեկեցիկն են այդ համայնքում: Թշնամանքի աղբյուրը, իհարկե, կենցաղային է՝ օրինակ, պապու պապերը ինչ-որ հողատարածք կամ անասունների ինչ-որ հոտ չեն կարողացել իրար հետ կիսել: Պողոսին հաջողվում է լեզու գտնել իշխանության հետ, որն այս պահին կոչվում է «ՀՀԿ», եւ նա անդամակցում է դրան: Ի՞նչ անի Պետրոսը: ՀԱԿ նա կվախենա մտնել՝ դա կարող է վատ վերջանալ: Եվ շատ բնական է, որ նա մտնում է ԲՀԿ, որտեղ իր նման բարեկեցիկ մարդիկ են, եւ որտեղ ամեն ինչից զրկվելու վտանգը այս պահին, համենայնդեպս, չկա: Նա մտնում է ԲՀԿ, որպեսզի այդ ձեւով Պողոսի հերն անիծի եւ, իրադարձությունների բարեհաջող դասավորության պարագայում, կարողանա ավելի շատ բաներ ձեռք գցել: Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ Պողոսի եւ Պետրոսի միջեւ տեղի է ունենում քաղաքական պայքար:
19-րդ դարի սկզբում գերմանացի ռազմական գրող Կարլ ֆոն Կլաուզեւիցը նկատել էր՝ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ՝ բռնի մեթոդներով»: Փոքր-ինչ ձեւափոխելով այդ բանաձեւը՝ կարելի է ասել, որ տեղական ընտրությունները Հայաստանում գողական «ռազբորկեքի» շարունակությունն են այլ ձեւերով: Հուսանք՝ ոչ բռնի:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ