Այսօր «Զարկերակ» ակումբում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսպիսի հայտարարություն արեց՝ արդարացնելով իր մանդատից հրաժարվելը. «Եթե այսօր ես տեսնում եմ մամուլի խոսնակի դերում Ուրիխանյանին, որը կրակել է իրավապաշտպանի՝ Միքայել Դանիելյանի վրա, երբ ես տեսնում եմ նրան այդ դերում, ես այն ժամանակ էլ արդեն հարցեր ունեի: Երբ շտաբն ինձ առաջարկեց ելույթ ունենալ 2+2 մենամարտին, որտեղ «Ժառանգության» կողմից Ռուբեն Հակոբյանն էր եւ Ռուբինյան Կարոն, ինձ առաջարկվեց մասնակցել այդ բանավեճին՝ Ուրիխանյանի հետ միասին, ես կտրականապես ասացի, որ ես չեմ գնա: Այդ մարդու հետ չեմ գնա, որովհետեւ նա կրակել է իրավապաշտպանի վրա: Նա ինձ համար Նաիրի Հունանյանից չի տարբերվում: Նա կրակել է հայ մարդու վրա միայն այն բանի համար, որ չի կիսում իր հայացքները, թե նրա դեմքի արտահայտությունը իրեն դուր չի եկել: Ես Ուրիխանյանի հետ չեմ կարող լինել մի թիմում, մեկի հետ, ով կրակել է մարդու վրա»:
Մեր հարցին՝ ԲՀԿ ցուցակի մյուս բոլորի հետ կարող էիք, միայն Ուրիխանյանի՞ հետ չէիք կարող՝ նա պատասխանեց. «Ոչ, որովհետեւ նրան վերապահվել է խոսնակի դեր: Եթե դու գիշերը կրակում ես, ցերեկը սկսում ես տարբեր ռահվիրաներից խոսել, դա մի քիչ այլ բան է, քան եթե դու քո տեղը իմանալով սսկվում ես, գիտես ծվարում ես»:
Նա նաեւ ասաց, որ որպես Քաղաքագետների միության նախագահ առաջիկա ընտրություններին պարտավոր է բոլորի հետ էլ համագործակցել. «Ոնց որ բժիշկն է պարտավոր հանցագործին էլ բուժել, ես էլ, որպես քաղաքագետ, պիտի խտրականություն չդնեմ: Այդ առումով պիտի հանդուրժեմ նաեւ Տիգրան Ուրիխանյանին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ