Այս տարի լրանում է Սայաթ-Նովայի 300 ամյակը եւ «Սայաթ-Նովա» համույթը բարեգործական համերգով կայցելի Արցախ: Համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանն այսօր «Հենարան» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ իրականացվող յոթ համերգների ընթացքում տեղ են գտնելու հատկապես Սայաթ-Նովայի երգերը, ինչպես նաեւ մեր հայրենասիրական երգերը. «Արդեն որերորդ անգամն է անցկացվում նման միջոցառում: Այս տարվա մեր այցելությունը ավելի է կարեւրովում: Ամենուրեք պետք է թեւածեն Սայաթ-Նովայի երգերը, քանի որ նա մեզ համար հայրենիք է: Նախաձեռնությունը մերն է: Եթե յուրաքանչյուրս մեր տեղում լինենք, եւ խրախուսենք բանակը, ապա լավ կլինի, այն մեր ապագան է: Համերգներ են լինելու Շուշիում, Հադրութի շրջկենտրոնում, Ստեփանակերտի հրապարակում: Տեղերը որոշել են այնտեղի իշխանությունները»:
Իր խոսքով, զինվորների համար նման երաժշտության պահանջարկ կա. «Աշուղական երգը` մեր պրոֆեսիոնալ երգն է: Նույն բանն է, ինչ ասենք` ինչպես է ընդունվում մայրենի լեզուն: Այն կարող է պահանջարկ չունենալ ոչ նորմալ մարդու մոտ»:
Ամբողջ տարին ընթանալու է Սայաթ-Նովյան շնչով. խոստանում է Պողոսյանը: Ղարաբաղից գալուց հետո, իրենք մեկնելու են Ռուսաստան, տպագրելու են երկու ժողովածու, իսկ աշնանն էլ կանցկացնեն գիտաժողով եւ տարածաշրջանային համերգներ` Վրաստանում:
Պահպանել Սայաթ-Նովայի արվեստը. կոչ է անում պրոֆեսորը եւ գտնում` այսօր կամ վաղը նրան կարելի է ներկայացնել ժամանակակից ձեւերով, սակայն դրանք պետք է անեն մասնագետներ:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ