Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական. Նպատակահարմար չէ մեր մասնակցությունը այն նախաձեռնություններին, որոնցում ներգրավված է նաեւ «Ժառանգությունը»

Հուլիս 18,2012 12:09

 Մեր զրուցակիցը ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն է

     -ՀԱԿ համակարգող Լ.Զուրաբյանը հայտարարել է, որ «Հարսնաքարի» միջադեպի հարցով արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջով ստորագրահավաքն ընդամենը քաղաքական խաղ էր՝ իրենք դրա հետ կապված պատրանքներ չեն ունեցել։ Ո՞րն էր այդ քաղաքական խաղի նպատակը, ձեր կարծիքով։

-Չեմ կարող ասել՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչն ինչ հիմքեր է ունեցել բնութագրելու դա որպես քաղաքական խաղ։ Պետք է նշեմ, սակայն, որ հուլիսի սկզբին, երբ ՀԱԿ-ը հանդես եկավ այդպիսի նախաձեռնությամբ, հարցադրումներ եղան՝ ո՞վ է կանգնած դրա ակունքներում, այդ նախաձեռնության հեղինակային իրավունքը պատկանում է ՀԱԿ-ի՞ն, թե՞ «Ժառանգությանը» եւ այլն։

Այդուհանդերձ ստորագրահավաքը նախաձեռնել էր ՀԱԿ-ը, եւ մենք պատրաստակամություն հայտնեցինք աջակցել դրան, որովհետեւ այդ ժամանակ տեխնիկապես դեռ հնարավոր էր անհրաժեշտ քանակության պատգամավորների ստորագրություն ապահովել։ Ավելի ուշ մենք բազմիցս նշեցինք՝ գործնականում այլեւս անհնար է լուծել այդ խնդիրը տարբեր պատճառներով։ Պատճառներից մեկն էլ այն է, որ մեր պատգամավորների մեծ մասը երկրում չէ։

Ստորագրահավաքի սկզբնական փուլում եւ բուն ստորագրահավաքի ընթացքում, երբ «Ժառանգության» ներկայացուցիչներն արդեն իսկ սկսեցին ընդգծված հակաբհկական ելույթներ ունենալ, մեզ մոտ այլ հարց առաջացավ. որքանո՞վ է նպատակահարմար մասնակցել որեւէ նախաձեռնության, որին մասնակցում է «Ժառանգությունը»։ Եվ հանգեցինք այն եզրակացության, որ այսուհետ թերեւս նպատակահարմար չէ մեր մասնակցությունը այն նախաձեռնություններին, որոնցում ներգրավված է նաեւ «Ժառանգությունը»։

Այստեղ տեսնում ենք բոլորովին այլ դրդապատճառներ։ Անձամբ ես, ճիշտն ասած, չէի ուզենա նախկինում ընդդիմադիր դաշտում ակտիվ գործունեություն ծավալող այդ քաղաքական ուժին այժմ դիտել որպես քաղաքական պատվեր կատարող։

-«Ժառանգության» հակաբհկական ակտիվության շարժառիթները դրսո՞ւմ փնտրենք, թե՞ ներսում։

-Քիչ առաջ ասացի՝ այստեղ քաղաքական պատվեր ենք տեսնում. այն փաստը, որ բոլոր պատեհ եւ անպատեհ առիթներով «Ժառանգությունը» փորձում է հակաբհկական քարոզչություն տանել, ե՛ւ ծիծաղելի է, ե՛ւ որոշակի ենթադրությունների ու հետեւությունների տեղիք է տալիս։ Ավելին չեմ ուզում ասել։

Մենք պատրաստ ենք այս կամ այն նախաձեռնության շուրջ համագործակցել ե՛ւ ՀԱԿ-ի, ե՛ւ Դաշնակցության, բայց ո՛չ երբեք «Ժառանգության» հետ։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031