Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ քաղաքապետարանը չի վերահսկում, որպեսզի մեքենաները գոնե աղտոտ չլինեն

Հուլիս 18,2012 11:22

Սա Երեւանի երթուղային չէ, այլ Մոզամբիկի

 ԹԵեւ ՀՀ կապի եւ տրանսպորտի նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողներին հավաստիացրեց, որ վերջին տարիներին ինքը մեկ անգամ չէ, որ նստել է երթուղային տաքսի, այնուամենայնիվ վատ չէր լինի, որ պարոն Բեգլարյանն ու Երեւանի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւս մեկ անգամ նման սխրանք կատարեին՝ ամռան այս ամենաշոգ շրջանում։ Մշտապես գերբեռնված, անսարք, առանց պատուհանների, վարորդների ծխախոտի, ծխի եւ մուննաթի ներքո երթեւեկող քաղաքացիները հաստատ շատ բան կունենային ասելու ոլորտի պատասխանատու պաշտոնյաներին։ Մասնավորապես, լավ կլիներ, որ Երեւանի նախկին եւ ներկա քաղաքապետերն ասեին, թե այդ ինչպես է ստացվում, որ, օրինակ, Թիֆլիսի քաղաքապետարանը գնում է 2011 թվականի արտադրության դեղին գույնի Ford Transit 2646 նոր գերհարմարավետ միկրոավտոբուսներ, իսկ խեղճ երեւանցիների վրա անընդհատ «սաղացնում են» հնամաշ Բոգդաններ, Ֆրանսիայում գործածությունից դուրս եկած ավտոբուսներ, կամ, լավագույն դեպքում, չինական՝ համապատասխան որակի ավտոբուսներ։ Արդյո՞ք մեր քաղաքն այդքան աղքատ է, թե՞ այստեղ էլ որոշիչը առավել մեծ «ատկատներն» են: Վստահաբար՝ երկրորդը։

Սակայն այսօրվա հանրային տրանսպորտի խայտառակ վիճակը պայմանավորված է ոչ միայն շարժակազմի անմխիթար վիճակով, այլեւ երթուղիների սպասարկման վերահսկողության բացակայությամբ։ Օրինակ՝ ինչո՞ւ քաղաքապետարանը չի վերահսկում, որպեսզի մեքենաները գոնե աղտոտ չլինեն եւ պարբերաբար լվացվեն։ Նույն Թիֆլիսում այդ հարցը խստագույնս վերահսկվում է՝ յուրաքանչյուր օր մեքենաները երթուղի դուրս գալուց առաջ պարտադիր լվացվում են։ Ավելին, օրերս այնտեղ երթուղիները վերահսկող մարմինը պատժել է երեք վարորդի՝ իրենց մեքենաներում օդորակիչ չմիացնելու համար։ Չէ, մենք նման ճոխության մասին առայժմ չենք երազում, բայց գոնե կարելի է չէ՞, վերահսկել, որ մեքենաները ունենան նորմալ բացվող պատուհաններ, եւ վարորդները շոգեքարշի նման չծխեն։ Ինչո՞վ են երեւանցիները ավելի վատը, քան թիֆլիսցիները։

Մեր քաղաքապետարանի քաղաքակրթական պրոգրեսն առայժմ հասել է միայն նրան, որ իրազեկում են՝ վաղը տանից դուրս չգաք, երթուղին չի գործելու, մրցույթ է հայտարարվել, ավել պակաս՝ կներեք։ Եվ եթե այսպիսին է պատկերը մայրաքաղաքում, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ ողբալի վիճակում է միջմարզային եւ ներմարզային տրանսպորտի վիճակը։ Մինչդեռ սա այն խնդիրն է, որը ցանկության դեպքում հնարավոր է շատ արագ լուծել. անհրաժեշտ է ընդամենը պատգամավորների, քաղաքապետի ու մնացած պաշտոնյաների ձեռքից նրանց գծերը վերցնել, հայտարարել թափանցիկ մրցույթ եւ հանրային տրանսպորտի սպասարկումը հանձնել մրցակցող ընկերությունների։ Այդ դեպքում, վստահաբար, երեւանցիներն էլ կարժանանան օդորակիչներով ու բարեկիրթ վարորդներով հարմարավետ տրանսպորտով երթեւեկելու բախտին, քանի որ ալս ոլորտը, մեղմ ասած, գերշահութաբեր է:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031