Ընդամենը երկու ամիս առաջ, մինչեւ մայիսի 18-ը, երբ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը որոշում կայացրեց լքել ՀԱԿ–ը, այս երկու քաղաքական ուժերի հարաբերությունները գործընկերային էին։ Հիմա դրանք վերածվել են թշնամականի, քանի որ այս երկու ամսվա ընթացքում ՀԱԿ բազմաթիվ ներկայացուցիչներ ավելի շատ քննադատել են «Հանրապետությանը», քան իշխանություններին։ Ինչու նախկին դաշնակիցները դարձան հակառակորդներ։ Մեր զրուցակիցը «Հանրապետություն» կուսակցության Ավանի կառույցի ղեկավար Լյովա Եղիազարյանն է։
– Թշնամությունը սկսվեց մեր հայտարարությունից անմիջապես հետո, երբ ՀԱԿ-ին անդամակցող երիտասարդներն ու ԲՏՌ կանայք սկսեցին «Ֆեյսբուքով» ակտիվորեն հակաքարոզչություն անել մեր կուսակցության եւ նրա անդամների դեմ։ Մենք որոշում կայացրինք չպատասխանել այդ հարձակումներին, քանի որ եթե պատասխանեինք, կնշանակեր, որ դիմում ենք ինքնապաշտպանության, եւ դրանով կմտնեինք ՀԱԿ-ի հետ հակամարտության մեջ, որը չէր տեղավորվում մեր ծրագրերի մեջ։ Մենք հայտարարել ենք, որ ՀԱԿ-ից դուրս ենք եկել՝ ունենալով մի շարք մարտավարական եւ ռազմավարական տարաձայնություններ։ Եվ դրանք նոր չէին, սկիզբ էին առել այն ժամանակ, երբ Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի հետ պայմանագիր կնքեց ռուսական ռազմաբազաների ներկայությունը Հայաստանում երկարաձգելու վերաբերյալ, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն չքննադատեց այդ քայլը, այլեւ հանդես եկավ ի պաշտպանություն այդ պայմանագրի։ Տեսեք. Ռուսաստանը որոշել է կրկնակի ավելացնել իր ռազմական ներկայությունը Հայաստանում, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, փոխանակ վերջին հանրահավաքում խոսի այդ մտահոգիչ երեւույթի մասին, իր ողջ ելույթը նվիրում է ԲՀԿ-ի քարոզչությանը եւ մեզ փնովելուն։ Այդ ելույթը կառուցված էր ստալինյան ժամանակների ոճով, երբ նա մեզ բնութագրեց որպես «ՀԱԿ-ից անջատված տարրեր»։ Պատմությունից հայտնի է, որ 37 թվականին «հակասովետական կամ հակակուսակցական տարրեր» որակավորումը ստացած անձանց կամ գնդակահարում էին, կամ լավագույն դեպքում աքսորում։ Ինչի՞ց է գալիս նման տոտալիտար մտածելակերպի կրկնությունը, ինչպես Ստալինը, այնպես էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը տառապում է անսխալականության սինդրոմով, իսկ անսխալականությունն առաջացնում է անձի պաշտամունք։ Այն մարդիկ, ովքեր հիացած չեն նրա անձով, հիացած չեն նրա անսխալականությամբ, դրանք թշնամիներ են, եւ դրանց պետք է ոչնչացնել։ Ստալինն իր թշնամիներին ոչնչացնում էր ֆիզիկապես, Տեր-Պետրոսյանը փորձում է դա անել քաղաքականապես։ Հենց դրանով է բացատրվում, որ մեր դեմ իրականացվող արշավին միացան ՀԱԿ կենտրոնական շտաբի այլ անդամներ եւս. Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը լքողները պատեհապաշտներ են, Երջանիկ Աբգարյանի կարծիքով՝ մենք պատրաստ չէինք երկարատեւ պայքարի, Գագիկ Ջհանգիրյանը մեզ համարեց, որ մենք հոգնած ենք, եւ Արամ Սարգսյանը ՀԱԿ-ից հեռանալու իրական պատճառների մասին հետո կխոսի։ Սա մի ամբողջ շղթա է, որը կառավարվում է մի կենտրոնից։
– Բայց եթե դուք չեք պատասխանում, տպավորություն է ստեղծվում, որ մեղադրող կողմը ճիշտ է եւ արդարացի։
– Տեսեք. 2002թ. ես դպրոցի տնօրեն էի եւ առաջին վարչական տույժի ենթարկված եմ եղել «Ա1+»-ի փակման դեմ կազմակերպված հանրահավաքներին մասնակցելու համար։ Այդ նույն ժամանակ Արամ Մանուկյանը Կենտրոն թաղապետարանի կրթության եւ մշակույթի վարչության պետն էր, եւ ես նրան չեմ տեսել որեւէ հանրահավաքում, որ կազմակերպվում էր ի պաշտպանություն եթերազրկված հեռուստաընկերության։ 2003թ. ես, լինելով դպրոցի տնօրեն, ղեկավարում էի սկզբում նախագահի թեկնածու Արամ Սարգսյանի, իսկ նրա ինքնաբացարկից հետո՝ Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբը եւ արձակուրդում գտնվելու ընթացքում հեռացվեցի աշխատանքից։ Այդ մե՞նք ենք հոգնածը, որ 2002 թվից ակտիվ պայքարի մեջ ենք այս իշխանության դեմ եւ այսօր էլ շարունակում ենք պայքարը։ Երբ 2004թ. ապրիլի 12-ին մեզ ծեծի էին ենթարկում Բաղրամյան պողոտայում, այսօր մեզ քննադատողների մեծ մասը կամ ամերիկյան բուհերում կրթություն էր ստանում, կամ տանը նստած՝ սուրճ էր խմում։ Մարդիկ էլ կային՝ սպասարկում էին այդ իշխանությանը։ Գագիկ Ջհանգիրյանն այդ նույն թվականներին Ռոբերտ Քոչարյանի իշխանության ներքո կապիտալ էր կուտակում եւ հսկայական առանձնատներ կառուցում։ Այսօր էլ, փոխանակ հրապարակային շնորհակալություն հայտնի Արամ Սարգսյանին, որ նրա ինքնաբացարկի շնորհիվ պատգամավորական մանդատ է ստացել, կասկածի տակ է դնում ՀԱԿ-ից դուրս գալու նրա հայտարարության անկեղծությունը։
Ճիշտ հասկացեք, մենք մեղավոր չենք, որ ՀԱԿ-ը շեղվեց իր կողմից հռչակված գաղափարներից ու սկզբունքներից, եւ մենք ստիպված եղանք իրենց հրաժեշտ տալ։ ՀԱԿ-ը հռչակել էր ժողովրդավարությանը, ազատականությանը հավատարիմ լինելու, արդար Հայաստան կառուցելու իր վճռականության մասին։ Եվ ինչո՞վ դա ավարտվեց, դաշինքի ձգտմամբ մեկ օփգարխի ստեղծած կուսակցության հետ, որի հետեւում ակնհայտորեն կանգնած է Ռոբերտ Քոչարյանը։ Մի՞թե օլիգարխիան եւ ժողովրդավարությունը համատեղելի են, կամ համատեղելի են օլիգարխիան եւ ազատականությունը, սոցիալական արդարությունը։ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ի պաշտպանություն ԲՀԿ-ի, ասում է, թե ո՞վ կարող է ապացուցել, որ ԲՀԿ-ն ընւորակաշառք է բաժանել։ Ապացուցելու կարիք ամենեւին էլ չկա. երկրի բնակչության, ընտրողների առնվազն մեկ երրորդը ԲՀԿ-ից ընտրակաշառք է ստացել։ Մի՞թե ընտրակաշառք բաժանելը եւ ժողովրդավարությունը համատեղելի են։ Երբ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ը 14 մանդատ էր ստացել, հանրահավաքի ժամանակ հարց ուղղվեց հավաքվածներին, թե կո՞ղմ են, որ վերցնեն մանդատները եւ մասնակցեն Երեւանի ավագանու նիստերին, եւ հանրահավաքը «ոչ» ասաց մանդատները վերցնելուն։ Ինչո՞ւ նույնը չարվեց խորհրդարանական ընտրություններից հետո, երբ 7 մանդատ էին ստացել։ Չարեցին, քանի որ կտրվել էր կապը իրենց եւ հանրահավաքի մասնակիցների միջեւ, չարեցին, քանի որ իրենք ուրիշ բան էին ուզում, հանրահավաքի մասնակիցները՝ ուրիշ բան։
Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«Հրապարակ»