Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկելու համար արտահերթ նիստ հրավիրելու ԱԺ 4 խմբակցությունների ստորագրահավաքին մասնակցել է նաև ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, որը 2008 թվականին գազային ատրճանակից կրակել էր «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանի վրա: «Այդ մարդն այն ժամանակ իրեն նույն կերպ պահեց, ինչպես Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները և խուսափեց պատժից: Այժմ նա հայտնվել է «արդարության ջատագովի» դերում»,- Epress.am-ին տված հարցազրույցում ասել է Միքայել Դանիելյանը:
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Դանիելյանի ասածներին՝ ասաց, որ սխալ համեմատություն է արվում ու բացատրեց, որ իր կրակոցը ինքնապաշտպանական բնույթ է կրել. « Եթե մարդը տառապում է հիմարությամբ կամ ինչ ինչ խնդիրներ է լուծում դրամաշնորհներով, չեմ ուզում անդրադառնալ»:
Պարոն Ուրիխանյանը հիշեցրեց, որ այդ միջադեպի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ ու մի քանի դատական ատյաններում էլ Մ. Դանիելյանը այդ գործով պարտվել է. «Երեք հոգով՝ ինքը եւ իր երկու գործընկերները, միջինից բարձր ալկոհոլի ազդեցության տակ 2 խաչմերուկ ինձ ու 30 տարի էպիլեպսիայով տառապող կուսակցական ընկերոջս հետեւել են, հարձակվել ու խուլիգանական արարքներ են կատարել, արդյունքում ես անգնդակ օրինական ատրճանակից կրակել եմ՝ ինքնապաշտպանվելու համար»:
Կարդացեք նաև
Ըստ պարոն Ուրիխանյանի, Մ. Դանիելյանն ու նրա ընկերները իրենց հետապնդել էին, որովհետեւ փողոցում իրենց վատ պահելու համար մեքենայի ազդանշանով կարգի էին հրավիրել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ