Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հուլիսի 17-ի նիստում հարցաքննվեց գործով առանցքային վկա Արման Մնացականյանը: Նա 6 ամիս դատական նիստերին չէր ներկայանում: Վաղարշապատի ոստիկանությունից, տեղի բժշկական կենտրոնից տեղեկանքներ էին ներկայացվել դատարան, որ Արմանը հիվանդ է, չի կարող ներկայանալ դատարան, որ նա բուժման նպատակով արտերկրում է: Դատարանում վկան շատ լարված էր, նկատելի էր ,որ դողդողալուց նրա շապիկը տատանվում է: Արմանը հայացքը չէր ուղղում դեպի նախկին ծառայակից ամբաստանյալները, սակայն տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի հարցերին պատասխանում էր կտրուկ, ագրեսիվ տոնով, ինչի պատճառով դատավոր Սամվել Մարդանյանի կողմից դիտողության արժանացավ: Դատավարության մասնակիցներն այդպես էլ չիմացան նրան 6 ամիս «տանջած» հիվանդության անունը, թե որտեղ է բուժվել Մնացականյանը, այդ նպատակով եղե՞լ է արտերկրում:
-Ես իմ անձնականն այստեղ չեմ քննարկում: Թե որտեղ եմ եղել, դա միայն ինձ է վերաբերում,- հայտարարեց հենակետում որպես խոհարար ծառայած Ա. Մնացականյանը: Նա ասաց, որ իր հիվանդությունը սրտի հետ է կապված, սակայն չկարողացավ ասել հիվանդության անվանումը:
Գործով մեղադրող Հարություն Հարությունյանը եւ դատավոր Սամվել Մարդանյանը դեմ էին, որ Արման Մնացականյանին շատ հարցեր ուղղվեն հիվանդության վերաբերյալ, ասելով, որ դա քրեական գործի հանգամանքների հետ կապ չունի: Դատական նիստերից մեկի ժամանակ գլխավոր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանը դատարանում հայտնել էր, որ ռազմական ոստիկանությունում Արման Մնացականյանն իր հետ առերես հարցաքննության ժամանակ ասել էր, թե Մանուկյանն է սպանել Արտակ Նազարյանին: Սակայն հետո քննիչները հրաժարվել էին նրա այդ մեղադրանքը պաշտպանելուց: Պատասխանելով մեղադրող Հարություն Հարությունյանի հարցին, վկա Մնացականյանը ժխտեց, որ ինքը նման բան է ասել: Արման Մնացականյանը շատ հարցերի պատասխանելիս պարզապես ասում էր` չեմ հիշում: Օրինակ ամբաստանյալ զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանը նրան հարցրեց, թե շփվո՞ղ էր Արտակ Նազարյանը, ինչպիսի՞ն էին Արտակ Նազարյանի եւ իր պաշտպանյալ զինվորների հարաբերությունները, վկան կրկին պատասխանեց,որ ինքը չի հիշում:
Պատասխանելով լեյտենանտ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանի հարցին, վկան օգտագործեց «Արտակ Նազարյանի սպանություն» արտահայտությունը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը դատարանում հայտարարեց, որ վկա Մնացականյանի ցուցմունքները կորզված են բռնի կերպով, դրանք կեղծ են, ուստի այս փուլում իրենք նպատակահարմար չեն գտնում նրան հարցեր ուղղել: Իրավապաշտպանի խոսքերով` դատի ընթացքում հակասությունները ավելանում են, գործով ապացույցների հետազոտությունից հետո իրենք Մնացականյանին հարցեր կուղղեն: Կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանն ասաց,որ Արման Մնացականյանի ցուցմունքները ձեռք են բերվել քրեական դատավարության օրենսգրքի խախտումներով, որ ինքը միջնորդելու է դրանք համարել անթույլատրելի ապացույցներ: Պաշտպան Գեւորգյանը հայտարարեց,որ ինքը նախկինում միջնորդել է կատարել Արման Մնացականյանի նախաքննական ցուցմունքի դատաձայնագրային փորձաքննություն, սակայն դատարանն այդ միջնորդությունը չի քննարկել, պաշտպանը կրկին պնդեց փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը: Այնուհետեւ դատարանն անցավ գործով ապացույցների հետազոտությունը: Հրապարակվեցին Արտակ Նազարյանի դիակի դատական փորձաքննության արդյունքները: Այդ ժամանակ Արտակի քրոջ` Ծովինար Նազարյանի եւ նրա մոր` Հասմիկ Հովհաննիսյանի աչքերին արցունքներ էին: Ըստ դատական փորձագետի` Արտակ Նազարյանի մահը վրա է հասել բերանում հրազենային կրակոցի հետեւանքով: Փորձաքննության տեքստում բազում հիշատակումներ կան Նազարյանի մարմնի տարբեր մասերում տարբեր աստիճանի վնասվածքների մասին: Նազարյանի արյան եւ մեզի փորձաքննությամբ պարզվել է, որ Արտակ Նազարյանը մահվանից մեկ, մեկուկես ժամ առաջ ոգելից խմիչք է օգտագործել, եղել միջին աստիճանի խմածության վիճակում: Մինչ այժմ դատարանում հրապարակված ցուցմունքներից եւ ապացույցներից պարզ չէ , թե որտեղ եւ ինչպես է լեյտենանտ Նազարյանը ոգելից խմիչք օգտագործել: Դատական հաջորդ նիստը կկայան հուլիսի 18-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ