Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակն ու Շահումյան 188 շենքն իրար միացնող հատվածում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն մտադրվել է կառուցել իր մասնաճյուղը, որն էլ հարուցել է գյումրեցի ակտիվիստների զայրույթը: Բանն այն է, որ քաղաքի գլխավոր հատակագծով ու գոտիավորման նախագծով այն կանաչ տարածք է, որը ոչնչացնելու հաշվին են փորձում կառուցապատել: «Կանաչ տարածք չի նշանակում, թե վրան ծառեր պետք է լինեն, դա հողամասի կարգավիճակն է, մեր քաղաքում կանաչ տարածքների քանակը մի քանի անգամ պակաս է նորմատիվ ակտերով սահմանված քանակին: Հիմա մենք հերթական անգամ իրականացնում ենք կանաչ տարածքների հաշվին կառուցապատում, սա է հիմնական պրոբլեմը, մեզ չի հետաքրքրում, դա ումն է եղել, ում են հիմա ծախել: Ինձ որպես բնապահպան հետաքրքրում է կանաչ տարածքը: Ես համաձայն եմ, որ քաղաքաշինական առումով գուցե շենքի ճակատը չի համապատասխանում ոչ մի նորմի, բայց դե հաշվի առնենք, որ գլխավոր հատակագծով նախատեսված է կանաչ հրապարակ ունենալ, ինչպես մյուս Ազատության հրապարակն է, բայց մարդիկ դրել, քարե գորգ են սարքել` 182 միլիոն լցրել են էդ բետոնի մեջ», -ասում է բնապահպան Գևորգ Պետրոսյանը:
Ըստ նրա` քաղաքի կանաչ տարածքները հերթով ոչնչացվում են բիզնես նպատակներով, ավտոկայան, բանկի շենք և այլ կառուցելու համար, այսպիսով հասարակական օգտագործման տարածքները սեփականաշնորհելով` սահմանափակում են մարդկանց ազատ ելումուտը: «Գյումրի քաղաքը գերհագեցած է էդ կարգի շինություններով, նույնիսկ այգիների մեջ բենզալցակայաններ կան, մեր քաղաքում չկա մի կանաչ տարածք, որը աղավաղված, ոչնչացված չէ:Գորկու այգին, կեսն արդեն կառուցապատվել է, ու քանի գնում կառուցապատումը ընդլայնվում է, այսինքն մենք ունենք շատ լուրջ համակարգային խնդիր, մենք պայքարում ենք, որ փոխվի տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքականությունը էս ոլորտում և իրականացվի կանաչ տարածքների վերադարձում քաղաքացիներին, որպեսզի էս քաղաքում հնարավոր լինի ապրել, գոյատևել», -մեզ հետ զրույցում ասաց բնապահպանը: Ի դեպ, այդ նույն տարածքի Չերազ եւ Սպանդարյան փողոցները հրապարակին հարող հատվածում իրար միացնող մոտ 80 մ ճանապարհահատվածի կառուցման համար հատվեցին ավելի քան 40 ծառ եւ թուփ:
Այսօր այս թեմայով հասարակական լսումներ էր կազմակերպվել Գյումրու թիվ 20 դպրոցում, որը սակայն քաղաքի ակտիվիստները բառի իսկական իմաստով տապալեցին, մայրաքաղաքից ժամանած ճարտարապետ- հյուրին էլ քաղաքավարի դուրս արեցին: Ակտիվիստները քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարգավիճակում է տարածքը, որտեղ մտադրված են բանկ կառուցել, որին ի պատասխան ճարտարապետը տեղեկացրեց, որ այն նախատեսված է օտարման` աճուրդային կարգով: «Եթե կարգավիճակը պարզ չէ, չգիտեք օտարված է, վարձակալության է տրված, ի՞նչ նախագծի մասին է խոսքը, սա օրենքի խախտում է, սա նշանակում է քննարկում ոչնչի մասին», -զայրացավ բնապահապան Գևորգ Պետրոսյանը:
Այուհետ նա ընթեցրեց «Քաղաքը մերն է» նախաձեռնող խմբի հայտարարարությունը, որով հ/կ ներկայացուցիչները, շահագրգիռ անձիք դատապարտում են քաղաքային իշխանություններին կանաչ տարածքների հաշվին բիզնես օբյեկտներ կառուցելու համար ու ստորագրահավաք են կազմակերպում այդ ամենի դեմ: «Գյումրու կանաչ տարածքների ոչնչացման հաշվին քաղաքի պատմական կենտրոնի կետային կառուցապատումը արդեն տաս տարուց ավելի, եղել եւ մնում է Գյումրու ներկայիս տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարվող անհեթեթ, քաղաքային միջավայրն աղճատող, եւ ամենաանհիմն քաղաքականությունը մեր համայնքի նկատմամբ: Այսօր նախատեսվում է կյանքի կոչել մեկ այլ հանցավոր նախագիծ. կառուցապատել Վարդանանց հրապարակի եւ Շահումյան 188 շենքի միջեւ գտնվող տարածքը, որը ընդամենը չորս տարի առաջ պատված էր ծառերով, բայց Գյումրու քաղաքապետարանի համառ ջանքերով եւ նպատակային գործողությունների արդյունքում ծառազրկվեց եւ վերածվեց ոչ պաշտոնական «աղբապատ ավտոկայանատեղիի»,-գրված է հայտարարության տեսքտում:
Կարդացեք նաև
Քննարկմանը մասնակցում էր նաև «Պինգվին» ՍՊԸ-ի սեփականատեր Ռուդիկ Խոջոյանը ` Շարամն` իր շրջապատով. Գյումրու մի շարք թաղային հեղինակություններով: Նրա բողոքելով, այդ տարածքը 20 տարի շարունակ եղել է իրենը, այստեղ գործել է իր սրճարանը, սակայն Գյումրու քաղաքապետը խլել է այն ու հիմա վաճառում է բանկին: Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը ներկաներին հորդորում էր քննարկման ենթարկել ոչ թե հողամասի կարգավիճակը, այլ քաղաքաշինական միջավայրի փոփոխության հարցը, օրինակ ասենք արժե՞ այդտեղ ինչ-որ բան կառուցել, թե ոչ: Մինչդեռ մասնակիցները պնդում էին, որ քննարկումն անիմաստ է, այդ երկուսը իրարից տարանջատելը սխալ է և եթե առանց հասարակական քննարկումների հողը օտարվել է, ապա ի՞նչ են քննարկում: «Դուք տարածքը առանց մեզ հարցնելու վաճառել եք, հիմա էլ եկել, հարցնում եք վաճառե՞նք, թե՞ չէ: Քննարկման առարկան արդեն իսկ կեղծիքի վրա է»,- ասացին ներկաները:
Ի դեպ, Շիրակի հոգևոր թեմի առաջնորդարանի ներկայացուցիչը Միքայել եպիսկոպոս Աջապահյանի անունից հայտարարեց, որ բանկի կառուցումը չի խանգարի Ամենափրկիչ եկեղեցուն, եթե ճարտարապետական «փչացում» չի բերի: Այս հայտարարարությունը վրդովեցրեց «Պինգվին ՍՊԸ»-ի տնօրենին, ով տեղից վեր թռավ` ասելով. «Էն ժամանակ, որ քաղաքապետը ինձ էդ տարածքից վռնդում էր , պատճառաբանում էր, թե Աստծո տանը խանգարում ենք , էդ ո՞նց եղավ, որ հիմա չի խանգարում»: Երևանից ժամանած ճարտարապետը, ով հեղինակել էր բանկի նախագիծը , այդպես էլ չկարողացավ ներկայացնել այն: Նրան ակտիվիստներին մեկը ուղղակիորեն ասաց, որ այնքան էլ բարոյական չէ մասնակցել մի նախագծի քննարկման, որը օրենքի խախտմամբ է կատարվում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ