ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին ընդունեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (Բելգիա) կազմակերպության պատվիրակությանը: Վերջինս, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հրավերով, հուլիսի 18-21-ը դիտորդական առաքելություն կիրականացնի ԼՂՀ նախագահի ընտրություններում: Պատվիրակության կազմում են Եվրոպական խորհրդարանի անդամ Էլենի Թեոխարոսը, ԵՄ արտաքին հարաբերությունների ամսագրի գլխավոր խմբագիր, Եվրոպական խորհրդարանի եւ Բունդեսթագի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկան, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեքը, այլք:
Ողջունելով հյուրերին Ազգային ժողով այցելելու, ինչպես նաեւ ԼՂՀ իշխանությունների հրավերն ընդունելու համար, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ եվրոպական արժեքների ամրապնդումն ու եվրաինտեգրման խորացումը Հայաստանի առաջնահերթություններից են: Նա, ի դեմս հանդիպման մասնակիցների, շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, այն երկրներին ու կառույցերին, որոնք իրենց աջակցությունն են բերում Հայաստանում եվրոպական արժեհամակարգի, ժողովրդավարական ազատությունների առաջմղմանը:
ԱԺ փոխնախագահը հատկանշական համարեց Հայաստանի եվրոպացի բարեկամների այցը այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղում կայանալու են հերթական նախագահական ընտրությունները: Նա վստահություն հայտնեց, որ հյուրերը, այցելելով Ղարաբաղ, իրենք կհամոզվեն, թե ժողովրդավարական արժեքները որքան առաջընթաց են ապրել, եւ որ այստեղ վճռական են հենց այս հիմքի վրա կայացնելու անկախ հանրապետությունը:
Էդուարդ Շարմազանովը կարեւորեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության մարդասիրական աջակցությունը` նշելով, որ այն բարձր է գնահատվում թե Հայաստանում, թե Արցախում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Էլենի Թեոխարոսը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում առկա են եվրոպական արժեքները, եւ որ այստեղ հետամուտ են դրանց հետագա խորացմանն ու ամրապնդմանը: «Ես ուրախ կլինեմ եվրոպացիներին հաղորդելու այն առաջընթացի մասին, որն արձանագրել է Ձեր երկիրը ոչ միայն ժողովրդավարության կայացման, այլեւ այն բարելավելու ուղղությամբ: Ներկայում իմ երկիրը` Կիպրոսը, նախագահում է Եվրամիությունում, եւ հավաստիացնում եմ, որ հնարավոր ամեն ինչ կանենք` աջակցելու Հայաստանին բոլոր ուղղություններում»,-նշեց տիկին Թեոխարոսը: Ղարաբաղ իրենց այցելությունը նա որակեց որպես ուխտագնացություն` նշելով, որ ամենաազատ ոգին ինքը 15 տարի առաջ տեսել է հենց Ստեփանակերտում: Նա հավաստիացրեց, որ հայկական կողմը կարող է ապավինել բոլոր այն եվրոպական ուժերին, որոնք հետամուտ են հակամարտությունների, մասնավորապես ԼՂ հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի լուծմանը:
Իր հերթին Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանում համոզված են` Կիպրոսի նախագահությունը ԵՄ-ում շատ արդյունավետ կլինի, անկախ նրանից, որ թուրք շատ գործիչներ այդ առումով տարբեր հակասական հայտարարություններով են հանդես գալիս: Նա, նշելով, որ Հայաստանը կողմնակից է միացյալ Կիպրոսին, համոզմունք հայտնեց, որ 21-րդ դարում ուժի դիրքերից խոսելը, պատեր շարելը, նախապայմաններ առաջադրելը եվրոպական արժեքների հետ որեւէ կապ չունեն: «Խոսքն առնչվում է թե Թուրքիային, թե Ադրբեջանին: Հայաստանի Հանրապետությունը եւ ՀՀԿ-ն` որպես իշխող եւ ԵԺԿ անդամ կուսակցություն, գտնում են, որ հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների արդյունքներում եւ ոչ թե ուժի դիրքերից»,-ասաց Էդուարդ Շարմազանովը` հավաստիացնելով, որ այդպես են կարծում նաեւ Լեռնային Ղարաբաղում: Նա վստահություն հայտնեց, որ այցելելով ԼՂ` եվրոպացի գործիչներն անձամբ կհամոզվեն` Ղարաբաղի բնակչությունն իրոք իրական ժողովրդավարություն է կառուցում, եւ հետադարձ չկա: «Մեզ համար շատ կարեւոր է, որ այս այցն իրականացնում են եվրոպացի մեր բարեկամները, ինչը շատ կարեւոր է թե Հայաստանի Հանրապետության, թե ԼՂՀ քաղաքացիների համար»,-շեշտեց ԱԺ փոխնախագահը:
ԵՄ արտաքին հարաբերությունների ամսագրի գլխավոր խմբագիր, Եվրոպական խորհրդարանի եւ Բունդեսթագի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկան էլ հավաստիացրեց, որ իրենց այս այցի արդյունքում եվրոպական շատ գործիչներ ու լրատվամիջոցներ կտեղեկանան այն իրականության մասին, որ այսօր տիրում է իր անկախությունը կերտող Լեռնային Ղարաբաղում:
Կողմերն անդրադարձան այլ հարցերի եւս: