Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը գնահատական տվեց «Հարսնաքարի» դեպքին՝ անդրադառնալով նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի այն խոսքին, թե ինչու էր պարոն Մազմանյանը լռում դեպքի առնչությամբ: Ղազարյանին նա «գնդիկ-բոքոնիկ» եւ «քառադեմ» անվանեց:
Aravot.am-ը մեկնաբանություն ստացավ պարոն Ղազարյանից. «Սկզբունքորեն անձնական վիրավորանքներին չեմ պատասխանում, բայց տվյալ դեպքում Մազմանյանը կրթական հիմնարկի ղեկավար է: Ի՞նչ են սովորելու իմ երեխաները նրանից՝ անձնական վիրավորա՞նք: Մտահոգիչ է այն, որ բուհի ղեկավարն է այդպիսին: Պետք չէ ցրել եւ ասել, թե ինքը զբաղված է եղել»:
Մեկնաբանելով Մազմանյանի այն կարծիքը, թե Հայրապետյանը վատ վիճակում է, պարոն Ղազարյանն ասաց. «Ինչու՞չի խոսում այն մասին, թե ինչ վիճակում է մահացածի ընտանիքը, հետեւաբար՝ դա նրան չի հետաքրքրում: Երբ մարդն ասում է, թե քննություններով զբաղված լինելու պատճառով դեպքին գնահատական չի տվել, ստացվում է այնպես, որ դեպքին գնահատական տվածները պարա՞պ են եղել: Երբ կուրծք է ծեծում բազմազանության ցույցի մասնակիցների դեմ եւ ասում, որ մտահոգ է հայ ազգի բարոյական նկարագրի համար, «Հարսնաքարի» պարագայում նա այն մարդկանցից է, որ առաջինը պետք է կուրծք ծեծեր: Բայց պարզվում է, որ նա զբաղված էր»:
Պետրոս Ղարազարյանի խոսքով՝ տեղի ունեցածն իշխանական ու կուսակցական խնդիր է, քանի որ տվյալ երեւույթները պետք է վերանայվեն իշխանության կամքով. «Բացի այդ, ոչ մի ընդդիմադիր 5 հատ «Համեռով» ման չի գալիս: Իսկ ինչ վերաբերում է ինձ քառադեմ անվանելուն, դա պարզապես չիմացության խնդիր է: Երբ հյուրս ընդդիմադիր է, բնականաբար, տալիս եմ իշխանական կողմի հարցեր եւ հակառակը»:
Կարդացեք նաև
Պետրոս Ղազարյանը գնդիկ-բոքոնիկը չընդունեց որպես վիրավորանք. «Մասնագիտական գործունեությանս մեջ ոչ մեկից չեմ վիրավորվել եւ չեմ էլ պատրաստվում: Գնդիկ-բոքոնիկը փոքր հասակում իմ սիրելի հեքիաթն է եղել՝ ի տարբերություն քաջ Նազարի»:
Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ իր համար ընդունելի է այն մարդու տեսակետը, ով բացահայտ կերպով է սատարում իշխանությանը. «Տվյալ պարագայում կարող եմ բանավիճել՝ պարտավորվելով հարգել նրա տեսակետը: Բայց ինձ համար զարմանալի եւ անհասկանալի է այն, երբ մարդիկ թաքնված կերպով եւ քծնանքով են սատարում իշխանությանը: Հանրային գործչի պարագայում դա վարկաբեկում եւ բարոյազրկում է իշխանությունն ու հանրային կյանքը»,-եզրափակեց պարոն Ղազարյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ