Լրահոս
Օրվա լրահոսը

Մարալիկում 70-ամյա ծերունուց խլե՞լ են 18 տարվա հողակտորը

Հուլիս 17,2012 19:21

Վերջերս Aravot.am-ը բողոք էր ստացել Մարալիկի բնակիչ Սուրեն Փիլոյանից այն մասին, որ Մարալիկի քաղաքապետարանը իր ձեռքից խլել  է 18 տարվա  0,10 հեկտար տարածությամբ  հողակտորը , որ իրեն հատկացվել է   Ավանային սովետի հանձնաժողովի նախագահի կողմից և 1000 դոլարով վաճառվել է քաղաքի մեծահարուստներից մեկին` Ղարիբ Կարապետյանին:

«2009 թվականի փետրվարի 19-ին, առանց ինձ տեղյակ պահելու,  քաղաքապետարանը իբր մրցույթ է հայտարարել ու իմ հողատարածքը հանձնել է Ղարիբ Կարապետյանին: 2010 թ. հողը բերքի հետ միասին իմ ձեռքից առան, քաղեցի, բերքը ձեռքիցս եկան-խլեցին, ինձ էլ դուրս շպրտեցին  հողակտորից: Իրանք փաստաթղթերը  ձևակերպել են 2009 թվականի ամսաթվով: Ես գնացի Մարալիկի քաղաքապետի մոտ` հարցեցի, թե ինչո՞ւ ես իմ հողը առանց իմ գիտության վաճառել, քաղաքապետն էլ իր հերթին իր մոտ կանչեց գյուղատնտեսության բաժնի պետին `Լյովա Ղազարյանին ու  հարցրեց, թե ինչո՞ւ ես Սուրիկի հողը տվել Ղարիբին, նա էլ ոչ ավել, ոչ պակաս պատասխանեց` էդ հողը Ղարիբին հարմար է»,-պատմությունն այսպես ներկայացրեց Սուրեն Փիլոյանը :

Ըստ բողոքավորի, Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը իրեն  խորհուրդ է տվել բողոքել ուր ուզում է, ինքն էլ տարբեր նամակներ է հղել տարբեր ատյանների, ընդհուպ մինչև դատախազություն, սակայն քրեական գործ չի հարուցվել: Հետաքրքիրն այն է, որ պապիկը  ԱԺ ընտրությունների ժամանակ, տեսնելով իրենց քաղաք ժամանած ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, որոշել է  մոտենալ ու բողոքել պաշտոնյային, սակայն Մարալիկի քաղաքապետը  կանխել  է`ասելով. «Մի բողոքի Նիկոյանին կկանչեմ իմ կաբինետ, կխոսենք»: «Էստեղ էլ ինձ խաբեց, Նիկոյանն եկավ , քաշեց-տարավ կուլտուրայի պալատ, ելույթ ունեցավ, ելան նստան ավտոն գնացին: Հետո ասում է` էս  մի քանի օրը սպասի, մի բողոքի, քո հողի հարցը կլուծենք, 10 փոխարեն 20 կտամ, մենակ թե մի բողոքի: Ես էլ ասում եմ` ինձ պետք չէ, իմ սեփական հողը ծախել ես, հիմա էլ ասում ես` արի առենդով հող տամ, ես ի՞նչ անեմ արենդով հողը, բա էս խիղճ ու սովե՞ստ է», -բորբոքվել էր ծերունին:

Մարալիկի  քաղաքապետ Արտակ Գևորգյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ այնպես, ինչպես  ներկայացնում է Սուրեն Փիլոյանը, աբսուրդ է և անհեթեթություն, քաղաքացին տվյալ հողակտորը շահագործել է  ապօրինաբար: Ըստ քաղաքապետի, այն  պատկանում  է պետության պահուստային ֆոնդին, որը վաճառելու կամ սեփականաշնորհելու  իրավունքը չունեն, այն թե քաղաքապետարանի և կադաստրի քարտեզներով գրանցված է որպես պետական պահուստային ֆոնդի հող , որը կարող են տրամադրել միայն  վարձակալության: Տվյալ դեպքում հայտարարվել է  մրցույթ, որը հրապարկվել  է «Հայաստանի Հանրապետություն»  օրաթերթում,  ու քանի որ քաղաքացին չի ներկայացել, այն պայմանագրային կարգով  վարձակալության է տրամադրվել մեկ ուրիշին: «Այդ մարդն իրականում սեփականաշնորհման հանձնաժողովի որոշմամբ պետք է ունենար տասներորդական հողակտոր, որի տեղը  սակայն մինչ օրս   իր  անհետեւողականության պատճառով  չի ճշտել : Հետևաբար և քաղաքապետարանը չէր կարող տիրապետել իր հողի գտնվելու վայրը , մանավանդ որ կադաստրային հողային քարտեզներում ևս չի երևում տվյալ քաղաքացու հողակտորի տեղը: Ես ոչ մեկի իրավունքը չեմ խախտել, ես այժմ էլ պատրաստ եմ բավարարելու նրան մարդկային նորմին համապատասխան, նա իրավունք ունի ունենալու տասներորդական հողաբաժին, եթե իհարկե ցանկություն ունի վարձակալության»,- ասաց Մարալիկի քաղաքապետը:

Ըստ նրա, Սուրեն Փիլոյանի մատնանշած հողակտորը գտնվում է Հյուսիս-հարավ մայրուղու  հարևանությամբ, և այժմ ճանապարհաշինական  նպատակների համար ստիպված են  դադարեցնել այդ հատվածում գտնվող բոլոր կարգի  հողատարածքների վարձակալությունը, իսկ  սեփականշորհված հողատարածքի դեպքում բնակիչներին  կտրվի փոխհատուցում: Արտակ Գևորգյանը ևս փաստեց, որ Սուրեն Փիլոյանի բողոքը քննարկվել է նաև դատախազությունում: Ի դեպ, քաղաքապետը նաև նշեց, որ  Սուրեն Փիլոյանը  բարեկամական կապ ունի իր հետ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031