Ժամանցային միջոցառումները կամ ինչպես անվանում ենք՝ փարթիները այսօր Հայաստանում, որպես մշակույթի մի տեսակ, նոր-նոր են ձեւավորվում: Երաժշտասեր հայ հասարակությունը, մասնավորապես երիտասարդները լիցքաթափման համար ամենահարմար տարբերակը համարում են այս կամ այն փարթիներին մասնակցություն ունենալը: Բայց այստեղ էլ առկա են մի շարք խնդիրներ, որոնք շատերին վանում են ներկա գտնվել նմանատիպ միջոցառումներին:
Մեզ հետ զրույցում նորաբաց ակումբներից մեկի մենեջերն ասաց, որ գրեթե ամեն շաբաթ կազմակերպում են տարբեր փարթիներ. «Փորձում ենք այնպես անել, որ դա հետաքրքիր լինի երիտասարդներին»: Մենեջերը չի ժխտում, որ երբեմն փարթիներին մասնակցություն են ունենում ոչ միայն հավասարակշռված եւ աշխատասեր մարդիկ, ովքեր ցանկանում են ծանր օրվանից հետո մի փոքր լիցքաթափվել, այլեւ անհավասարակշիռ ազատամիտ երիտասարդներ, որոնք անգիտակցաբար խախտում են մթնոլորտը՝ որոշակի վիճաբանությունների առիթ հանդիսանալով:
«Հանրության մի որոշ զանգված այդպես էլ չի կարող ընկալել դա, որովհետև երբեմն այն ասոցացվում է երիտասարդության ցոփ ու շվայտ լկտիությունների հետ, բայց դա սխալ մոտեցում է, թեպետ երբեմն , իրոք այսպես կոչված փարթիների կազմակերպիչներն էլ հաճախ չեն գիտակցում, թե ինչ են կազմակերպում.. »,-ասում է բանասեր Հրանտ Սաֆարյանը: Նա կարծում է, որ հայերը հաճախ ընդօրինակում են միայն վատը եւ առաջարկում է փարթիների փոխարեն ունենալ սեփական տեղական ժամանցային միջոցառումներ, որոնք շատ ավելի լավը կլինեն, քան արեւմուտքում առկա անորակության տեղափոխումը հայկական ակումբներ:
Երիտասարդների շրջանում հայտնիDJ Վակցինան (Արուսիկ Մկրտչյան) կարծում է, որ ընդհանուր առմամբ միջոցառումները վատ չեն անցկացվում, բայց կարող են լինել ավելի լավ.«Այդ ուղղությամբ մենք մեծ աշխատանք ենք տանում: Հուսանք մի քանի տարի անց այս աշխատանքը կստաբիլանա եւ մարդկանց համար ավելի հասկանալի կդառնա, որտեղ գնալ, իսկ որտեղ՝ ոչ»: Վակցինայի խոսքով՝ կան այսօր շատ սկսնակ կազմակերպիչներ, ովքեր փորձում են «փչացնել» այս շուկան՝ իրենց ներկայացրած անորակ եւ անմակարդակ միջոցառումներով, ինչը խանգարում է իրենց աշխատանքին. «Նման ձեւով փորձում են գլխաքանակ ապահովել, իսկ ընդհանուր փարթիների ժամանակ խնդիրներ կարող են առաջանալ face control-ի ոչ ճիշտ ընտրությունից, security-ի բացակայությունից կամ թուլությունից»: Այնուամենայնիվ, նա կարծում է, որ երիտասարդների մեծամասնությունն այսօր կարողանում է իր ընտրություն կատարել ի օգուտ ակումբների կամ բացօթյա միջոցառումների, որոնք շատ արդիական են այս շրջանում:
Քրիստինա Միրզոյան