Սիրիայից Հայաստան փախստականների հոսքը շարունակվում է: Այս օրերին հազարավոր սիրիահայեր, տուն- տեղ թողնելով, արտագաղթում են Հայաստան: Ժամանակավոր կացարանները, որտեղ նրանց մի մասին տեղավորել են, ծանրաբեռնված են եւ արդեն տեղ չկա:
Պատերազմական գործողությունների սկզբնական շրջանում հատուկենտ սիրիահայեր էին լքում իրենց բնակավայրը, որոնք էլ գերադասում էին արտագաղթել ԱՄՆ, Կանադա կամ Եվրոպա, սակայն միայն վերջին ամիսներին` 2012 թվականի առաջին կիսամյակում, ինչպես Aravot.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից, 3248 Սիրիայի քաղաքացի է դիմել մեր երկրին` քաղաքացիություն ստանալու խնդրանքով:
ՀՀ Միգրացիոն պետական ծառայությունից էլ տեղեկացանք, որ այդ քաղաքացիներից ընդամենը 6 ընտանիք է` 14 անձից բաղկացած, դիմել Միգրացիոն ծառայությանը ապաստան` այսինքն`բնակության իրավունք ստանալու համար: Այդ փաստաթուղթը նրանց հարկավոր է, որպեսզի երկրից չվտարեն նրանց:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ