Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարար. Գոնե 2 ամիս ալյուրը չի թանկանա, 2 ամսվա պաշար դեռ կա

Հուլիս 17,2012 17:15

Հայաստան ցորեն ներկրող բոլոր ընկերությունների մոտ 2 ամսվա ցորենի պաշար կա, եւ պետք չէ խուճապի մատնվել, թե միջազգային շուկայում ալյուրը թանկացել է, ուրեմն մեզ մոտ էլ շուտով թանկացում կլինի: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ալյուր ներկրող եւ շուկայի մոտ 15 %-ը զբաղեցնող «Մանչո գրուպ» ընկերության ղեկավար Իվան Մոսոյանը:

Նրա խոսքերով, եթե նույնիսկ որոշակի թանկացում էլ լինի, դա մեծ ազդեցություն չի թողնելու հացի վրա. ընդամենը` 10-20 դրամ: Պարոն Մոսոյանի խոսքերով`«Մի փոքր խոսակցություն է լինում, ժողովուրդը սկսում է պարկերով ալյուր գնել, վախենալով՝ մեծ առեւտուր է սկսում: Որ պիտի 2 պարկ առնեն, գնում են` 5 պարկ են առնում: Թող ժողովուրդը հանգիստ լինի, իմանա իր կոպեկը որտեղ ու ինչի վրա ծախսի, ոչ թե առնի` տանի տունը դնի: Թե չէ մի բան լսում են ու աղմուկ բարձրացնում` վա¯յ հեսա ներկրողները կթանկացնեն ալյուրը, բայց խաբար չեն, որ ներկրողները 2 տարի է վնասով են աշխատում:

Դրամ-դոլար տատանումների պատճառով մոտավորապես 700-800 դրամով տատանում է լինում մեկ պարկի մեջ, դա մեծ թիվ է առնողի համար: Հացի գինը 10-20 դրամով թանկանում է`քարկոծում են, բայց հացին հավասար սննդամթերք կա, որ 50-100% թանկացել է` ձեն չեն հանում: Ուղղակի էն որ ասում են` քյասիբը, որ ոչինչ չունի, էլի մի հատ հաց պիտի առնի, կարա յուղ, շաքար ու միս չառնի, բայց հացն անպայման կառնի: Դե մեր խիղճն էլ չի տանում, որ թանկացնենք»:

Իսկ թե Ռուսաստանում որքա՞ն է թանկացել եւ մինչեւ հասցնեն Հայաստան, որքա՞ն կթանկանա, մեր այս հարցին, պարոն Մոսոյանն ասաց. «Ռուսաստանում 1 կիլոգրամը օրական 10-20 կոպեկով թանկանում է: Մենք, որքան մեզ պետք է աշխատում ենք բերել, բայց, քանի որ այնտեղ բերքահավաքը նոր է սկսվել, եւ 1-2 ամիս շարունակվելու է, դժվար է ասել, թե ինչքան կթանկանա: Ամեն դեպքում մարդիկ թող հանգիստ լինեն ու իրենց հացն ու ալյուրը ինչքան պետք է` այդքան գնեն: Գոնե 2 ամսվա պաշար կա»:

Իսկ «Թալգրիգ» ընկերության գլխավոր տնօրեն Թովմաս Գրիգորյանը ցորենի միջազգային գների բարձրացման վերաբերյալ Aravot.am-ին ասաց, վերջին մեկ ամսում 14%-ով թանկացում է եղել եւ գրեթե ամեն օր շուկայում գին է փոխվում. «Մեզ մոտ առայժմ չի թանկացել, եթե այսպես շարունակվի հնարավոր է թանկացում լինի:Դրսում ամեն օր գին է փոխվում, ամեն տենդերի ժամանակ գին է փոխվում, բնականաբար մեզ մոտ էլ կթանկանա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031