Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ եւ թուրք քաղաքագետներ. «Հայ-թուրքական հարաբերություններում այլեւս շփոթվելու իրավունք չունենք»

Հուլիս 17,2012 15:43

Թեեւ շատերի համար անհավանական են թվում Թուրքիայում հնարավոր փոփոխությունները, սակայն Գերման Մարշալի հիմնադրամի Անկարայի գրասենյակի տնօրեն Օզգյուր Ունլուհիսարչիկին հավատացած է, որ 2014 թվականին Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո էական փոփոխություններ կլինեն հենց Թուրքիայում, որոնք էական ազդեցություններ կթողնեն նաեւ երկրի արտաքին քաղաքական կուրսի վրա, այդ թվում նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասով:

Նա կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, կկիրառվի «ռուսական տարբերակը»՝ նախագահ Գյուլը կդառնա վարչապետ, իսկ վարչապետ Էրդողանը կզբաղեցնի նախագահի պաշտոնը: Նման զարգացումները Օզգյուր Ունլուհիսարչիկին դրական է համարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իմաստով, քանի որ հայտնի է, որ Թուրքիայի Սահմանադրությամբ հիմնական լիազորությունները տրված են վարչապետին, իսկ նախագահն ավելի խորհրդանշական դերակատարում ունի, իսկ Գյուլը հայտնի է հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու իր դրական եւ առավել խաղաղ-բանակցային տարբերակով լուծելու իր մոտեցումներով:

Վկայակոչելով մի շարք տնտեսական նախադրյալներ, նա քիչ հավանական է համարում, որ Ղարաբաղի հարցը կհանի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փաթեթից: Բայց կարծում է, որ 2014-ին նոր պատուհան է բացվելու հայ-թուրքական հարաբերություններում եւ այլեւս շփոթվելու իրավունքը մենք չունենք:

Օզգյուր Ունլուհիսարչիկի հետ հարցազրույցը կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Տեղեկացնենք, որ վերջինս Հայաստանում է գտնվում Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի հրավերով՝ «Հայ-թուրքական հարաբերությունների արդի վիճակը» թեմայով քննարկումների շրջանակներում: Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ հայ-թուրքական պաշտոնական հարաբերությունների ներկայիս սառած վիճակում, ի՞նչ նշանակություն ունեն թեմայի շուրջ քննարկումները: Մեր զրուցակիցը նկատեց, որ անկախ նրանից՝ պաշտոնական ակտիվ գործընթաց գնում է, թե՝ ոչ, հասարակական, մտավորական, փորձագիտական շրջանակներում քննարկումները պետք է շարունակվեն: «Ի վերջո, հայ-թուրքական հարաբերությունները կբարելավվեն, քանի որ նաեւ շատ ու շատ հարցերում Հայաստանի եւ Թուրքիայի տեսակետները բավական մոտ են: Մինչ կբացվի պետական մակարդակով հարաբերությունները բարելավելու անհրաժեշտությունը, պետք է շարունակել վստահության փոխադարձ մթնոլորտի ձեւավորումը: Ո՞վ կմտածեր, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները կսրվեն պատերազմի մակարդակի եւ տարածաշրջանում հավանական կդառնան լոկալ պատերազմները՝ երկու մուսուլմանական երկրների միջեւ: Կամ՝ Թուրքիայի եւ Իսրայելի այսօրվա հարաբերությունները, որ դեսպաններ են վտարում: Այսինքն, աշխարհը փոփոխական է եւ պետք է հիմքերը հիմա դնել ու կոտրել մեր հասարակության կարծրատիպերը, որոնցից մեկն էլ՝ «ռուսը հավերժ բարեկամ է, թուրքը՝ թշնամի»: Ի դեպ, հենց պաշտոնական հարաբերությունների բացակայությունն է, որ այժմ հնարավորություն չի տալիս մոտ տեսակետերը զարգացնել»:

Մեր զրուցակիցն առայժմ ձեռնպահ է մնում բարձրաձայնել հարցերի այն շարքը, որտեղ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շատ մոտ են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031