Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյանի ակնկալիքները ԲՀԿ-ից ստորագրահավաքին իրականացել են

Հուլիս 17,2012 15:32

«Ես համոզված եմ եղել, որ պիտի ձախողվի: Դրանում համոզված էին նաեւ Վահե Ավետյան հասարակական շարժման նախաձեռնողները, որովհետեւ համոզմունք կար մեզանից շատերի մեջ, որ «Բարգավաճ Հայաստանը» չի միանա դրան: Եթե միանա, ապա մի քանի հոգի ու այդ պահանջվող թիվը չի հավաքվի: Սա իմ համոզմունքն է եղել: Այդպես էլ եղավ»,- Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե ինչո՞ւ ձախողվեց «Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը` այսպես պատասխանեց «Ժառանգության» նախկին պատգամավոր եւ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:

Մեր դիտարկմանը, որ ԲՀԿ-ի հետ խորհրդակցություն է եղել, միմյանց հետ քննարկել են, նոր են նախաձեռնել` տիկին Ալավերդյանը պատասխանեց, որ քանի որ տեղյակ չէ, թե այդ ինչ քննարկումներ են եղել, ԲՀԿ-ն ինչ է խոստացել, ինքը իր գնահատականն է ասում. «Իմ ակնկալիքն  այդ ուժից այնպիսին էր, ինչպիսին տեղի ունեցավ: Ես համոզված էի, որ չի լինելու  այդ ստորագրահավաքի անհրաժեշտ թիվը ԲՀԿ պատգամավորների կողմից»:

Ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են սեպտեմբերին նորից այդ նույն նախաձեռնությամբ հանդես գալ: Դա տիկին Ալավերդյանը ողջունեց. «Ողջունում եմ հետեւողականությունը այդ հարցում: Այդ ժամանակ ակնկալիք ունեմ, որ գուցե ստորագրությունները հավաքվեն, որովհետեւ սեպտեմբերին եւ իրավիճակը փոխված կլինի ու կարող ենք անդրադառնալ: Ես կարծում եմ, որ ԲՀԿ խմբակցության ղեկավարները քննարկում են իրավիճակը, այդ պայմաններից էլ են բխեցնում այս կամ այն որոշումը»:

4-րդ գումարման ԱԺ-ի մեկ այլ պատգամավոր` Անահիտ Բախշյանը կարծում է, որ ԲՀԿ-ի շահերը չեն համընկել, դրա համար էլ ձախողվել է այդ նախաձեռնությունը. «Քաղաքական ուժերը, այսինքն` մեծամասնությունը շահագրգռված չի դրանում: Մեծամասնության նպատակները, շահը չէր համընկնում այդ ստորագրահավաքին»: Մեր դիտարկմանը, որ հիմնականում ԲՀԿ-ի մեղքն են տեսնում, որ իրենք մեծաքանակ են, չմիացան, եթե միանային` հարցը կլուծվե՞ր` տիկին Բախշյանը պատասխանեց. «Հիմա նախապես խոսում էին, թե հավաքելու են, նախապես ինչ-որ բանակցություններ են եղել, վստահություն ունեցել են, հավատացել են նրանց, բայց չեղավ: Եվ ոչինչ չի ստացվի, քանի դեռ ՀԱԿ-ը իր քաղաքական հենարանը համարում է ԲՀԿ-ին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031