Երեկ մահացել է «Deep Purple» ռոք խմբի հիմնադիր, կոմպոզիտոր Ջոն Լորդը: Լեգենդար երաժիշտը մահացել է լոնդոնյան հիվանդանոցներից մեկում: Վերջին մի քանի տարիներին նա տառապում էր ստամոքսագեղձի քաղցկեղով: Երաժշտի պաշտոնական կայքում այս ցավալի լուրը գրված էր այսպես. «Նա խավարից գնաց դեպի լույսը»:
Ջոն Լորդը ծնվել է 1941-ի հունիսի 9-ին՝ Մեծ Բրիտանիայի Լեստեր կոմսությունում: 1968 թ. նա՝ կիթառահար Ռիչի Բլեքմորի հետ, սկսեց կազմավորել «Deep Purple» խումբը: Ջոն Լորդը մասնակցել է խմբի բազմաթիվ հիթային երգերի ստեղծմանը:
1976-ին` «Deep Purple» խմբի կազմալուծումից հետո, Լորդը սկսել է նվագել «Deep Purple»-ի նախկին վոկալիստ Դեյվիդ Քավըրդեյլի «Whitesnake» խմբում, համագործակցել է Ջորջ Հարիսոնի, Դեյվիդ Գիլմորի, Գրեմ Բոնեթի և շատ այլ հայտնի երաժիշտների հետ:
Ֆեյսբուքում Ջոն Լորդի ու նրա երաժշտության երկրպագուները նույնպես շատ են: Ֆեյսբուքը լի է լեգենդար երաժշտի մասին ափսոսանքի խոսքերով, գրառումներով և իհարկե տեսանյութերով: Ֆեյսբուքյան «Թեժ music» խումբն էլ հայտարարել է, որ այսօր խմբում միայն «Deep Purple» է լինելու:
Տիգրանուհի Թասլակյան