«Ինտերնետ հասկացությունը չի սահմանվում ու քանի դեռ սահմանում չկա, հնարավոր չէ այն կարգավորել»,- ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը՝ խոսելով ինտերնետում բովանդակային վերահսկողություն իրականացնելու մասին:
Ըստ Սաղյանի՝ ինտերնետում բոլորն ունեն լիակատար ազատություն, բայց այսօր շատ երկրներում՝ պետությունները ցանկանում են բովանդակությունը վերցնել իրենց կառավարման տակ կամ առնվազն վերահսկել այն. «Արեւելյան երկրներում՝ Չինաստանում, որն այդ ուղղության մեջ ամենազարգացածն է, գործում է մեծ չինական պատ, բաղկացած 200 հազարից ավելի համակարգչից եւ 100 հազարից ավելի սպասարկող անձնակազմից, որոնք ֆիլտրում են բոլոր տեղեկատվությունը, որը գալիս է արտասահմանյան երկրներից: Արեւմտյան մոտեցումները նման բան թույլ չեն տալիս, պահանջվում է դատական որոշում, որպեսզի սահմանափակել բովանդակության հասանելիությունը»:
Սաղյանի փոխանցմամբ՝ օրինակ՝ Ռուսաստանում անցյալ շաբաթ ընդունվել է օրենք, որը թուլ է տալիս առանց դատական որոշման սահմանափակել բովանդակության հասանելիությունը՝ հիմք ընդունելով երեխաների պաշտպանության գաղափարը. ստեղծվել են սեւ ցուցակներ ու դրանում հայտնված կայքերի հասանելիությունը ցանկացած պահի կարող է փակվել՝ առանց դատական որոշման: Նշվեց նաեւ, որ ոուսները պահանջել են, որ «Facebook»-ը հանի բոլոր ռուսաստանցիների անհատական տվյալները կայքից:
«Մի շարք երկրներ առաջարկել են ինտերնետում բովանդակության վերահսկումը հաձնել ՄԱԿ-ի կառույցներից մեկին՝ դա Հեռահաղորդակցության միջազգային միությունն է, որը պատասխանատու է այն բոլոր ստանդարտների համար, որոնցով տեղեկատվությունը հոսում է Ա կետից՝ Բ կետը, առանց բովանդակության մեջ խառնվելու»,-հավելեց Սաղյանը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ նրա, ՀՀ-ն 2006 թվականին ստորագրել է կիբերհանցագործությունների դեմ պայքարի կոնվենցիան, որտեղ հստակեցված է, թե որոնք են կիբերհանցագործությունները ու հենց այդ կոնվենցիայի շրջանակներում էլ գործում է. առանց դատական որոշման ոչ մի կայք չի փակվում:
Ինչեւէ, Հայաստանում կան որոշակի սահմանափակումներ, իսկ հայաստանցիների ինտերնետային իրավունքները, ըստ բանախոսի, կարելի է ասել, որ մինչ այսօր խախտվել են ընդամենը մեկ անգամ. «Մեկ անգամ է եղել սահմանափակում՝ դա 2008 թվականի մարտի 3-20-ը ընկած ժամանակահատվածն էր, որն էլ պայմանավորված էր արտակարգ իրավիճակով: Դրանից բացի՝ պետական մարմինների կողմից եւ ոչ էլ օրենքով այլ սահմանափակում չի եղել»,-ավելացրեց Սաղյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ